15:12  ,  26 հունիսի, 2026

10-ամյա Դավիթ Աբրահամյանի ռեկորդը գրանցվել է Գինեսի գրքում

10-ամյա Դավիթ Աբրահամյանը Գինեսի ռեկորդ է սահմանել, որը գրանցվել է Գինեսի գրքում: Ռեկորդի հավաստագիրը եւ մեդալը ուղարկվել է Հայաստան: «Հայ-Էմ» հիմնադրամի «Հայ-Էմ-Դյուցազնատուն» մարզական կենտրոնի տնօրեն, Գինեսի բազմակի ռեկորդակիր Ռոման Սահրադյանը հունիսի 26-ին Դավիթ Աբրահամյանին հանձնեց ռեկորդի հավաստագիրը եւ մեդալը:

10-ամյա Դավիթը Թալինում գործող «Հայ-Էմ» հիմնադրամի «Հայ-Էմ-Դյուցազնատուն» մասնաճյուղի սան է: Մեկ տարի մարզական կենտրոն հաճախելուց հետո ռեկորդ է սահմանել:

«10-ամյա Դավիթը 6,5 կմ/ժ արագությամբ ընթացող վազքուղու վրա մեկ ոտքով անընդմեջ ցատկել է 191 անգամ: «Դյուցազունների մրցավազք», այսպես ենք անվանակոչել ռեկորդը: Դավիթը գերազանցել է նախորդ ռեկորդը, որն սահմանել էր էր Նարեկ Ղլչյանը՝ ցատկելով 183 անգամ:

Հայաստանը Գինեսի ռեկորդակիրների թվով աշխարհում առաջինն է: Գերազանցում ենք 100-ի շեմը: «Հայ-Էմ-Դյուցազնատան» մասնաճյուղը մեծ աշխատանք է կատարում՝ աշխարհին ցույց տալով, որ մենք ուժեղ ազգ ենք:

Մենք Հայաստանում գործող միակ մարզական կենտրոնն ենք, որը մեկտեղում է պատանի երիտասարդներին եւ հնարավորություն տալիս սահմանել հայկական Դյուցազնագրքի տարատեսակ ռեկորդներ, ինչպես նաեւ սիրողական մարզումներ անցկացնել: 2021 թ. Թալինում բացվեց «Հայ-Էմ-Դյուցազնատան» հայաստանյան մասնաճյուղը: 2021-2026 թվականներին մեր կենտրոնում կա  փաստացի գրանցված  28 Գինեսի համաշխարհային ռեկորդ: Միայն 2025 թ. 11 գինեսի ռեկորդ է գրանցվել, որից 8-ի  հավաստագրերը Հայաստանում են, երեքի պատասխանին դեռ սպասում ենք: Եթե այդ երեքն էլ հաստատվի, կունենանք փաստացի գրանցված 31 Գինեսի ռեկորդ:

Իրականում Գինեսի ռեկորդ սահմանելն ու գրանցել հեշտ չի: Մերժումներ էլ ենք ունենում: Գինեսի հանձնաժողովը սահմանում է չափանիշներ, ըստ որոնց սահմանում ենք: Լինում են դեպքեր, երբ ռեկորդի գաղափարը մենք ենք տալիս:

Հունիսի 29-ին Թալինում «Հայ-Էմ-Դյուցազնատանը» տեղի է ունենալու մեծ մարզական միջոցառում, որի ընթացքում սահմանվելու է 17 ռեկորդ 14 մարզիկների մասնակցությամբ: Այս ռեկորդներից  7-ը լինելու է Գինեսի, մյուսները՝ հայկական Դյուցանզագրքի ռեկորդ:

Մասնակցում են հիմնականում մինչեւ 16 տարեկան պատանիները:

Հունիսի 29-ին կթարմացնենք նաեւ Դավիթ Աբրահամյանի Գինեսի ռեկորդը: Նրա հետ կմրցի եւ կփորձեի գերազանցել Նարեկ Ղլչյանը»,- ասաց Ռոման Սահրադյանը:

10-ամյա Դավիթը հպարտ է, որ այդ տարիքում կարողացել է Գինեսի ռեկորդակիր դառնալ: Ասում է, որ արդեն դասընկերներն են ցանկություն հայտնել իր հետ հաճախել Դյուցազնատուն եւ փորձել ռեկորդներ սահմանել:

«Արդեն մեկ տարի հաճախում եմ «Հայ-էմ Դյուցազնատուն»: Շնորհակալ եմ Ռոման Սահրադյանից, որ ինձ աջակցեց, ոգեշնչեց, որպեսզի սահմանեմ այդ ռեկորդը:

Դյուցազնատան մասին իմացել եմ ընկերներիցս եւ շատ ուզեցի հաճախել այնտեղ մարզվելու համար: Ընկեր Ռոմանն ինձ օգնեց եւ բացահայտեցի, որ ես կարող եմ ռեկորդ սահմանել: Դասերի հետ խնդիր չէր լինում, քանի որ ամռանն եմ սահմանել: Ռեկորդը դժվար էր, որովհետեւ պետք է շնչառություն ունենալ, պահել: Միասին աշխատեցինք եւ կարողացա անել: Գինեսի ռեկորդ սահմանելուց հետո, դպրոցում իմ հանդեպ վերաբերմունքը  փոխվեց: Իմ դասընկերներից շատերը ուզեցին հաճախել հայ եմ դյուցազնատուն եւ ռեկորդներ սահմանել: Հուսամ՝ նրանք էլ իմ պես կկարողանան ռեկորդակիր դառնալ, եթե ոչ Գինեսի, գոնե Հայաստանի:

Գիտակցում եմ, որ 10 տարեկանում Գինեսի ռեկորդ եմ սահմանել եւ դա շատ կարեւոր է ինձ համար: Քչերն են կարողանում Գինեսի ռեկորդ սահմանել: Այս տարիքում ինձ համար շատ բարդ էր այդ վարժությունն անել, գուցե 12 տարեկան լինեի եւ մի փոքր ավելի հեշտ տրվեր:  

Հիմա ուրիշ ռեկորդ եմ փորձարկում եւ հունիսի 29-ին կփորձեմ այն սահմանել: Մեկ րոպեում պետք է կատարեմ աստղային ցատկ եւ փորձեմ գերազանցել 119 ցատկը»,- պատմեց 10-ամյա Դավիթը:

«Հայ-Էմ» հիմնադրամի նախագահ Նշան Աճեմյանը կարեւորում է հայ պատանիների մասնակցությունը ռեկորդներ սահմանելուն:

 «Շուրջ 5 տարի համագործակցում ենք Ռոման Սահրադյանի հետ եւ 3 ամիս արդեն իրավասություն ենք տվել ներկայացնել «Հայ-էմ »հիմնադրամը Հայաստանի ամբողջ տարածքում: Այս տարի մեր հիմնադրամը նշում է 25-ամյակը եւ միջոցառումները նվիրված են 25-ամյա գործունեությանը:

Որախ եմ, որ Թալինը դառնում է մայր օջախ, որտեղ գալիս են տարբեր մարզերից, տարածաշրջանից եւ Գինեսի ռեկորդներ սահմանում»,- ասաց Նշան Աճեմյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print