15:12 26 հունիսի, 202610-ամյա Դավիթ Աբրահամյանը Գինեսի ռեկորդ է սահմանել, որը գրանցվել է Գինեսի գրքում: Ռեկորդի հավաստագիրը եւ մեդալը ուղարկվել է Հայաստան: «Հայ-Էմ» հիմնադրամի «Հայ-Էմ-Դյուցազնատուն» մարզական կենտրոնի տնօրեն, Գինեսի բազմակի ռեկորդակիր Ռոման Սահրադյանը հունիսի 26-ին Դավիթ Աբրահամյանին հանձնեց ռեկորդի հավաստագիրը եւ մեդալը:
10-ամյա Դավիթը Թալինում գործող «Հայ-Էմ» հիմնադրամի «Հայ-Էմ-Դյուցազնատուն» մասնաճյուղի սան է: Մեկ տարի մարզական կենտրոն հաճախելուց հետո ռեկորդ է սահմանել:
«10-ամյա Դավիթը 6,5 կմ/ժ արագությամբ ընթացող վազքուղու վրա մեկ ոտքով անընդմեջ ցատկել է 191 անգամ: «Դյուցազունների մրցավազք», այսպես ենք անվանակոչել ռեկորդը: Դավիթը գերազանցել է նախորդ ռեկորդը, որն սահմանել էր էր Նարեկ Ղլչյանը՝ ցատկելով 183 անգամ:
Հայաստանը Գինեսի ռեկորդակիրների թվով աշխարհում առաջինն է: Գերազանցում ենք 100-ի շեմը: «Հայ-Էմ-Դյուցազնատան» մասնաճյուղը մեծ աշխատանք է կատարում՝ աշխարհին ցույց տալով, որ մենք ուժեղ ազգ ենք:
Մենք Հայաստանում գործող միակ մարզական կենտրոնն ենք, որը մեկտեղում է պատանի երիտասարդներին եւ հնարավորություն տալիս սահմանել հայկական Դյուցազնագրքի տարատեսակ ռեկորդներ, ինչպես նաեւ սիրողական մարզումներ անցկացնել: 2021 թ. Թալինում բացվեց «Հայ-Էմ-Դյուցազնատան» հայաստանյան մասնաճյուղը: 2021-2026 թվականներին մեր կենտրոնում կա փաստացի գրանցված 28 Գինեսի համաշխարհային ռեկորդ: Միայն 2025 թ. 11 գինեսի ռեկորդ է գրանցվել, որից 8-ի հավաստագրերը Հայաստանում են, երեքի պատասխանին դեռ սպասում ենք: Եթե այդ երեքն էլ հաստատվի, կունենանք փաստացի գրանցված 31 Գինեսի ռեկորդ:
Իրականում Գինեսի ռեկորդ սահմանելն ու գրանցել հեշտ չի: Մերժումներ էլ ենք ունենում: Գինեսի հանձնաժողովը սահմանում է չափանիշներ, ըստ որոնց սահմանում ենք: Լինում են դեպքեր, երբ ռեկորդի գաղափարը մենք ենք տալիս:
Հունիսի 29-ին Թալինում «Հայ-Էմ-Դյուցազնատանը» տեղի է ունենալու մեծ մարզական միջոցառում, որի ընթացքում սահմանվելու է 17 ռեկորդ 14 մարզիկների մասնակցությամբ: Այս ռեկորդներից 7-ը լինելու է Գինեսի, մյուսները՝ հայկական Դյուցանզագրքի ռեկորդ:
Մասնակցում են հիմնականում մինչեւ 16 տարեկան պատանիները:
Հունիսի 29-ին կթարմացնենք նաեւ Դավիթ Աբրահամյանի Գինեսի ռեկորդը: Նրա հետ կմրցի եւ կփորձեի գերազանցել Նարեկ Ղլչյանը»,- ասաց Ռոման Սահրադյանը:
10-ամյա Դավիթը հպարտ է, որ այդ տարիքում կարողացել է Գինեսի ռեկորդակիր դառնալ: Ասում է, որ արդեն դասընկերներն են ցանկություն հայտնել իր հետ հաճախել Դյուցազնատուն եւ փորձել ռեկորդներ սահմանել:
«Արդեն մեկ տարի հաճախում եմ «Հայ-էմ Դյուցազնատուն»: Շնորհակալ եմ Ռոման Սահրադյանից, որ ինձ աջակցեց, ոգեշնչեց, որպեսզի սահմանեմ այդ ռեկորդը:
Դյուցազնատան մասին իմացել եմ ընկերներիցս եւ շատ ուզեցի հաճախել այնտեղ մարզվելու համար: Ընկեր Ռոմանն ինձ օգնեց եւ բացահայտեցի, որ ես կարող եմ ռեկորդ սահմանել: Դասերի հետ խնդիր չէր լինում, քանի որ ամռանն եմ սահմանել: Ռեկորդը դժվար էր, որովհետեւ պետք է շնչառություն ունենալ, պահել: Միասին աշխատեցինք եւ կարողացա անել: Գինեսի ռեկորդ սահմանելուց հետո, դպրոցում իմ հանդեպ վերաբերմունքը փոխվեց: Իմ դասընկերներից շատերը ուզեցին հաճախել հայ եմ դյուցազնատուն եւ ռեկորդներ սահմանել: Հուսամ՝ նրանք էլ իմ պես կկարողանան ռեկորդակիր դառնալ, եթե ոչ Գինեսի, գոնե Հայաստանի:
Գիտակցում եմ, որ 10 տարեկանում Գինեսի ռեկորդ եմ սահմանել եւ դա շատ կարեւոր է ինձ համար: Քչերն են կարողանում Գինեսի ռեկորդ սահմանել: Այս տարիքում ինձ համար շատ բարդ էր այդ վարժությունն անել, գուցե 12 տարեկան լինեի եւ մի փոքր ավելի հեշտ տրվեր:
Հիմա ուրիշ ռեկորդ եմ փորձարկում եւ հունիսի 29-ին կփորձեմ այն սահմանել: Մեկ րոպեում պետք է կատարեմ աստղային ցատկ եւ փորձեմ գերազանցել 119 ցատկը»,- պատմեց 10-ամյա Դավիթը:
«Հայ-Էմ» հիմնադրամի նախագահ Նշան Աճեմյանը կարեւորում է հայ պատանիների մասնակցությունը ռեկորդներ սահմանելուն:
«Շուրջ 5 տարի համագործակցում ենք Ռոման Սահրադյանի հետ եւ 3 ամիս արդեն իրավասություն ենք տվել ներկայացնել «Հայ-էմ »հիմնադրամը Հայաստանի ամբողջ տարածքում: Այս տարի մեր հիմնադրամը նշում է 25-ամյակը եւ միջոցառումները նվիրված են 25-ամյա գործունեությանը:
Որախ եմ, որ Թալինը դառնում է մայր օջախ, որտեղ գալիս են տարբեր մարզերից, տարածաշրջանից եւ Գինեսի ռեկորդներ սահմանում»,- ասաց Նշան Աճեմյանը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.