Երջանիկ եմ, որ երկրորդ անգամ մայր եմ դարձել: Սպորտում դադար չեմ վերցնում: Առջեւում աշխարհի առաջնությունն է եւ օլիմպիական վարկանիշային մրցաշարերը: Որդիս ծնվեց ճիշտ ժամանակին, ինձ հնարավորություն տվեց եւ կրակել Երեւանում անցկացված Եվրոպայի առաջնությունում եւ հնարավորություն ստեղծեց պատրաստվել աշխարհի առաջնությանը, օլիմպիական վարկանիշային մրցաշարերին:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն, աշխարհի գավաթակիր, Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, Տոկիո-2020 եւ Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի մասնակից Էլմիրա Կարապետյանը:
Մայիսի 16-ին ծնվել է Էլմիրա Կարապետյանի երկրորդ որդին: Ծնողները տղային անվանակոչել են Արթուր:
Ինչպես նշում է Էլմիրա Կարապետյանը, երկրորդ որդուն անվանակոչել են Արթուր՝ 4-ամյա որդու՝ Լիոնի որոշմամբ եւ ցանկությամբ:
«Երկրորդ անգամ եմ մայր դառնում, զգացողություններս դեռ չեմ կարող ամբողջացնել. միայն դրական են: Երկրորդ երեխային ծնունդին ավելի պատրաստ էի: Առաջնեկիս դեպքում ամեն ինչ նոր էր, առաջին անգամ էր, մի փոքր լարված էի, հոգնածություն էի զգում: Հիմա ամեն ինչ այլ է, տրամադրությունս շատ բարձր է, հոգնած չեմ: Ինձ համար կարեւորն այն է, որ ավագ որդիս անչափ ուրախ է եղբայր ունենալու առնչությամբ: Ես ուզում էի ամեն ինչ դասավորվեր այնպես, որ մեծ տղայիս հանդեպ ուշադրությունը չպակասեր, որպեսզի երկուսն էլ իրենց չափով ուշադրություն եւ ջերմություն ստանան, զգան մեզնից: Այդ առումով Լիոնը երջանիկ է:
Երկրորդ երեխայիս ծնունդը բավականին հեշտ եւ հարթ ընթացավ: Ամեն ինչ շատ լավ էր: Ամենաշատը մտածում էի, որ տղաս իմ ծննդյան օրը չծնվի եւ ինքն իր ծննդյան օրն ունենա: Այդպես էլ եղավ: Արթուրը լույս աշխարհ եկավ մայիսի 16-ին, իսկ մայիսի 18-ին ես նշեցի իմ ծննդյան օրը:
Սպորտում դադար չեմ վերցնում. առջեւում աշխարհի առաջնությունն է: Մեկ ամսից կվերսկսեմ մարզումները, որպեսզի հասցնեմ պատրաստվել աշխարհի առաջնությանը, որը տեղի է ունենալու նոյեմբերին: Այս փուլն իմ կյանքում ստացվեց այնպես, ինչպես պլանավորել էի: Նպատակ ունեի այնպես անել, որ Հայաստանում Եվրոպայի առաջնությանն անպայման մասնակցեի. չէի կարող Երեւանում չկրակել: Եվրոպայի առաջնությունից հետո նոր պետք է օլիմպիական մրցաշրջան մտնեի: Կրտսեր որդիս ճիշտ ժամանակին է ծնվել եւ իր ծնունդով այնպես է արել, որ ես ամեն ինչ հասցնեմ՝ եւ Երեւանում մասնակցեմ ԵԱ-ին եւ պատրասվեմ ԱԱ-ին եւ օլիմպիական մրցաշրջանին:
Մինչեւ նոյեմբեր կպատրաստվեմ, որպեսզի աշխարհի առաջնությանը մասնակցեմ եւ օլիմպիական վարկանիշային մրցաշարերը բաց չթողնեմ»,- ասաց Էլմիրա Կարապետյանը:
Հիշեցնենք, որ մարտին Երեւանում անցկացված Եվրոպայի առաջնությունում Հայաստանի առաջատար հրաձիգը 10 մ օդամղիչ ատրճանակ (solo) մրցաձեւում երկրորդ տարին անընդմեջ հռչակվեց Եվրոպայի փոխչեմպիոն:
Էլմիրա Կարապետյանի առաջնեկը՝ Լիոնը, ծնվել է 2022 թ. հուլիսի 5-ին:
Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
19:07 , 27 օգոստոսի 
18:01 , 27 օգոստոսի
17:04 , 27 օգոստոսի
16:05 , 27 օգոստոսի 
15:04 , 27 օգոստոսի
14:02 , 27 օգոստոսի
13:03 , 27 օգոստոսի 
12:32 , 27 օգոստոսի
12:01 , 27 օգոստոսի 
11:04 , 27 օգոստոսի