00:40  ,  4 մայիսի, 2026

«Ինտերը» 21-րդ անգամ հռչակվեց Իտալիայի չեմպիոն, Մխիթարյանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ)

Միլանի «Ինտերը» 21-րդ անգամ նվաճեց Իտալիայի չեմպիոնի տիտղոսը։

Ա Սերիայի առաջնության 35-րդ տուրում անցած մրցաշրջանի փոխչեմպիոնն ընդունեց «Պարմային» եւ առավելության հասավ 2:0 հաշվով։

Ռումինացի Կրիստիան Կիվուի գլխավորած թիմից առաջին խաղակեսին ավելացված առաջին րոպեին աչքի ընկավ ֆրանսիացի հարձակվող Մարկուս Տյուրամը (տեսանյութ)։

Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պահեստայինների թվում էր եւ փոխարինման դուրս եկավ 67-րդ րոպեին։ Նա գոլի հեղինակ դարձավ 80-րդ րոպեին։ Մխիթարյանին գոլային փոխանցում կատարեց աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի հարձակվող Լաուտարո Մարտինեսը։

«Ինտերը» վաստակեց 82 միավոր եւ առաջնության ավարտից 3 տուր առաջ 12 միավոր գերազանցում է երկրորդ տեղում գտնվող անցած տարվա չեմպիոն «Նապոլիին»։

«Ինտերի» կազմում Հենրիխ Մխիթարյանը երկրորդ անգամ դարձավ Իտալիայի չեմպիոն 2024 թվականի տիտղոսից հետո։

Կրիստիան Կիվուն 2025թ․ հունիսից է գլխավորում «Ինտերը»։ Ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում նա «Ինտերի» հետ երեք անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն, երկու անգամ՝ Իտալիայի գավաթակիր, մեկ անգամ՝ Չեմպիոնների լիգայի գավաթակիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում