Եվրոպայի առաջնությունում Հայաստանի թիմի արդյունքները գոհացնող են, կազմակերպված մրցաշարն՝ աննախադեպ:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց հրաձգության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը:
Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվեց գնդակային հրաձգության Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցեց 40 երկրի շուրջ 350 մարզիկ: Ամենամեծ պատվիրակությունն այս առաջնությունում ուներ Հայաստանը որպես ընդունող երկիր՝ 26 հրաձիգ: Առաջնությանը մասնակցում էին նաեւ Թուրքիան, Ուկրաինան։ Ռուսներն ու բելառուսները հանդես էին գալիս չեզոք մարզիկի կարգավիճակում:
Մրցումային 4 օրերի ընթացքում մարզահամերգային համալիրը վերածվել էր հրաձգության «մայրաքաղաքի»: Երկու առանձին դահլիճներում անցկացվող մրցաշարերին հետեւելու հնարավորություն ունեին նաեւ երկրպագուները: Որակավորման փուլերն անցկացվեցին առանձին մեծ դահլիճում, եզրափակիչները՝ հարզահամերգայինի փոքր բեմում: Ինչպես ֆեդերացիան եւ կազմակերպիչները խոստացել էին, Եվրոպայի առաջնությունը վերածվել էր մարզական մեծ տոնի: Տոնական տրամադրությունն ապահովում էին ոչ միայն մարզիկների հաղթանակները, նաեւ Եվրոպայի առաջնության խորհրդանիշ հանդիսացող հայկական Լուսանը, որն ամբողջ ընթացքում շրջում էր մրցումային դահլիճներում կամ հանդիպում միջանցքներում հրաձիգների, երկրպագուների հետ լուսանկարվելիս:
Հայաստանն այս առաջնությունում նվաճեց 13 մեդալ՝ 4 ոսկե, 8 արծաթե եւ մեկ բրոնզե: Հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանն արդյունքներից գոհ է, իսկ կազմակերպված Եվրոպայի առաջնությունը որակում է աննախադեպ:
«Մինչեւ Եվրոպայի առաջնության մեկնարկը եւ մրցումային օրերը մտավախություն ունեի, որ հանկարծ ինչ-որ բան այնպես չստացվի, խայտառակ չլինենք: Այժմ արդեն հանգիստ կարող եմ ասել, որ ամեն ինչ հրաշալի ստացվեց, շատ լավ կազմակերպված էր, բոլոր մասնակից երկրները գոհ են եւ զարմացած, թե ինչպիսի մրցաշար է կազմակերպել Հայաստանը: Բազմաթիվ կարծիքներ եմ լսել այս օրերին, որ երբեւէ որեւէ տեղ այսպիսի առաջնություն չի կազմակերպվել եւ անցկացվել:
Ինձ շատ է ուրախացրել այն փաստը, որ առաջնության անցկացման համար ձեռք բերված մարզագույքը կլինի մեր «ժառանգությունը»: Ունեինք գույք, որն արդեն շարքից դուրս էր եկել, մաշվել էր: Այժմ կփոխենք նոր գույքով, կունենանք միջազգային չափանիշներին համապատասխան մարզադպրոց, որոշ մասն էլ կարող ենք տրամադրել շրջաններին: Այս ամենը շատ կնպաստի մարզաձեւի զարգացմանը մեր երկրում, մեծ առավելություն կտա հրաձգությանը»,- ասաց Սեյրան Նիկողոսյանը:
Ամփոփելով իր գլխավորած թիմի արդյունքները, մարզիչի խոսքով, մասնակցությունը գերազանց չէր, բայց լավ էր եւ գոհացնող:
«Ե'ւ անհատական պայքարում, ե'ւ թիմայինում չէի ասի, թե գերազանց են մեր արդյունքները, բայց լավ ենք մասնակցել: Մեծահասակները, երիտասարդները լավ արդյունքներ գրանցեցին, բարձր տեղեր գրավեցին: 4 ոսկի, 8 արծաթ եւ 1 բրոնզ, այս մեդալները ցույց են տալիս, որ մենք աշխատել ենք, մարզիչները, դպրոցների տնօրենները, ֆեդերացիայի ղեկավարությունը մեծ ջանք են գործադրել: Եթե ֆեդերացիայի նախագահը չլիներ Արթուր Հովհաննիսյանը, մենք այպիսի թիմ չէինք ունենա: Նա մեզ ամեն ինչով օգնել է եւ ոչինչ չի խնայել, որ այս արդյունքներն ունենանք:
Եվրոպայի առաջնությունը մեր երկրում, թվում էր, թե պետք է օգներ մեզ: Ասում են՝ տան պատերն օգնում են... մեր մարզաձեւում հակառակն է: Լարվածությունն ավելի շատ էր, որ «տանն»» էինք: Մարզաձեւին անծանոթ մարդիկ շատ էին ասում՝ ոսկի, ոսկե մեդալներ նվաճեք: Ասում եմ՝ ոսկե մեդալը պատի տակ «գցած» չի, որ գնաս հավաքես, դրա համար աշխատանք է պետք: Այս սպասելիքներն ավելի շատ լարում էին մեզ, մարզիկներին ու մարզիչներին: Երբ դրսում ենք մասնակցում մրցաշարերի, խանգարող չկա, մենք ենք, ավելի հանգիստ ենք: Այստեղ գիտակցում էինք, որ բոլորը մեզ համար ցավում են, բոլորի ցանկությունը մեկն է, որ մեր երկրում թիմը լավ հանդես գա, շատ հաղթանակներ ունենա: Պատասխանատվությունը կրկնակի էր ամեն առումով:
Մեր հրաձիգները շատ լավ մասնակցեցին, արեցին իրենց հնարավորությունների առավելագույնը: Էլմիրա Կարապետյանն արծաթե մեդալ նվաճեց, բայց շատ լավ մասնակցեց: Նրա եզրափակիչը չափազանց լարված էր, մրցակից հունգարացի օլիմպիական մեդալակիրը շատ հզոր էր: Էլմիրան այդ ոսկու համար պայքարում չպարտվեց, մրցակիցը հաղթեց: Շատ լավ հանդես եկան Լիլիթ Մկչտչյանը, երիտասարդների Լիլիթ Մկրտչյանը, Գոհար Հարությունյանը, տղաները թիմային պայքարում: Նաեւ ունեցանք մասնակիցներ, որոնք հիասթափեցրին. ունեինք շարժական թիրախ ձեւի անցած տարվա ռեկորդակիներ, Եվրոպայի չեմպիոններ, որոնք այս առաջնությունում պարտվեցին: Մարզիչների հետ եղել է խոսակցություն, ասել եմ, որ աշխատանք, փաստորեն, չի տարվել այս մեկ տարվա ընթացքում: Ամեն դեպքում, հաշվի ենք առնում, որ լարված էին մարզիկները, հոգեբանական պահեր էին, առաջին փորձն էր այպիսի լուրջ մրցաշարի մասնակցել հայրենիքում»,- ասաց Սեյրան Նիկողոսյանը:
Շարժվող թիրախ նորմալ վազք մրցաձեւում Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճած Լիլիթ Մկրտչյանի համար հայրենիքում ոսկե մեդալակիր դառնալը պատմական իրադարձություն է, որն այսուհետ կտարբերվի իր մյուս չեմպիոնություններից:
«Երեւանում անցկացված Եվրոպայի առաջնությունը երազանք էր ինձ համար այն պահից, երբ առաջին քայլեր էի անում հրաձգությունում: Տարիներ շարունակ գնում էի չեմպիոնության, որը սկզբում երազանք էր, հետո դարձավ նպատակ եւ իրականություն, իսկ ամենամեծ երազանքս այն էր, որ չեմպիոն հռչակվեմ իմ երկրում: Մասնակցել Երեւանում Եվրոպայի առաջնությանը եւ չպայքարել ոսկե մեդալի համար, աններելի կլիներ:
Եզրափակիչն ինձ համար ասես Հայաստանի առաջնություն լիներ: Ես ոսկե մեդալի համար պայքարում էի իմ թիմակից Գոհար Հարությունյանի հետ: Միշտ ասել եմ, որ ինձ ավելի դժվար է ընկերներիս հետ պայքարել, բայց ամեն ինչ շատ սիրուն ստացվեց: Գոհարը շատ ուժեղ մարզիկ է: Երբ կիսաեզրափակիչը սկսեց, ես եւ Գոհարը մեր առջեւ խնդիր դրեցինք՝ երկուս պետք է դուրս գանք եզրափակիչ եւ այդպես էլ եղավ: Մեզ համար արդեն հաղթանակ էր եւ կարեւոր չէր, թե մեզնից ով կդառնա ոսկե մեդալակիր: Ինձ համար Գոհարի հետ պայքարելը մեծ պատիվ էր: Ուրախ եմ, որ ամեն դեպքում, ես դարձա չեմպիոն իմ հայրենիքում:
Սա իմ 4-րդ չեմպիոնությունն է Եվրոպայի առաջնությունում, բայց ամոբղջ կյանքում հիշելու եմ Երեւանում նվաճածս ոսկին: Շատ ուրախ եմ նաեւ թիմակիցներիս համար: Առաջին անգամ այսքան մեծ կազմով ենք մասնակցում եւ ունենք շատ մեդալներ: Նախկինում մրցաշարերին մասնակցում էինք 4-5 հրաձիգով, այստեղ 26-ն ենք: Հուսով եմ, այս առաջնությունը շատերին կգրավի, շատ մարզիկներ կներգրավեն հրաձգություն:
Նշեցի, որ պատմական իրադարձություն է բոլորիս համար Երեւանում Եվրոպայի առաջնության անցկացումը, բայց անկեղծ կլինեմ, որ շատ լարված էր մեզ համար: Հրաձիգների համար շատ կարեւոր է հոգեբանական կայությունը, որպեսզի բարձր արդյունք ունենանք: Դու ես, քո զենքը, քո թիրախը. դեռ անփորձ էինք այսքան շատ մարդկանց, երկրպագուների, հարազատների, ընկերների ներկայությանը մրցումային դահլիճում»,- ասաց Լիլիթ Մկտչյանը:
Շարժվող թիրախ խառը վազք մրցաձեւում թիմային պայքարում ոսկե մեդալակիր Հովհաննես Մարգարյանի համար գլխավոր նպատակը Հայաստանում Հայաստանի հիմնը հնչեցնելն էր, որն իրականացավ:
«Շատ ուրախ եմ, որ թիմային պայքարում կարողացանք չեմպիոն հռչակվել եւ մեր երկրի դրոշը բարձրացնել հայրենիքում: Անհատական պայքարում ավելի մեծ սպասելիքներ ունեի, բայց այս պարագայում պատասխանատվությունը գուցե խանգարեց: Անհատական վարժությամբ 4-րդն էի: Երեւի սպորտային բախտը չժպտաց, բայց ոգեւորող էր, որ թիմային պայքարում հաղթող ճանաչվեցինք: Հայաստանում հանդես գալն ավելի բարդ է, քանի որ պարտավորված ես քեզ զգում: Շատ կուզեմ, որ այսպիսի հնարավորություն էլի ունենանք, որպեսզի ավելի լավ արդյունքներ գրանցենք, ինչպես թիմային, այնպես էլ անհատական պայքարում հնչեցնենք Հայաստանի հիմնը»,- նշեց Հովհաննես Մարգարյանը:
Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
19:07 , 27 օգոստոսի 
18:01 , 27 օգոստոսի
17:04 , 27 օգոստոսի
16:05 , 27 օգոստոսի 
15:04 , 27 օգոստոսի
14:02 , 27 օգոստոսի
13:03 , 27 օգոստոսի 
12:32 , 27 օգոստոսի
12:01 , 27 օգոստոսի 
11:04 , 27 օգոստոսի