16:30  ,  6 փետրվարի, 2026

Ռուբեն Նազարեթյան. Տղաներին պետք է շնորհակալություն հայտնենք Հայաստանի պատիվը բարձր պահելու համար

Տղաներին պետք է շնորհակալություն հայտնենք իրենց կատարած մեծ աշխատանքի եւ Հայաստանի պատիվը բարձր պահելու համար: 

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ֆուտզալի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը: 

Պատմության մեջ առաջին անգամ ֆուտզալի Հայաստանի հավաքականը մասնակցեց Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին եւ պարտություն կրեց քառորդ եզրափակիչում։

«Եվրոպայի առաջնությունից առաջ ֆեդերացիան մեր առջեւ նվազագույն խնդիր էր դրել տանել մեկ հաղթանակ, ես իմ կողմից ավելացրել էի խմբից դուրս գալը: Կարելի է ասել՝ կատարեցինք մեր առջեւ դրված խնդիրը, բայց ցավալի է, որ տեղում գիտակցեցինք՝ կարող էինք ավելին, կարող էինք հայտնվել լավագույն քառյակում: Մեզ մի քիչ պակասեց սպորտային բախտը, մի քիչ վնասեց դարպասապահի խաղը: Կարող էինք լավագույն քառյակում լինել, բայց արդեն անցել է:

Ֆուտզալում դարպասապահի խաղը մենամեծ վստահությունն է տալիս թիմին: Օրինակ՝ Խորվաթիայի դարպասապահի խաղը. նա ճանաչվեց նաեւ ընդհանուր քառոորդ եզրափակիչների լավագույն դարպասապահ: Այս նույն կարգավիճակով, մեր դարպասապահը պետք է փրկեր Խորվաթիայի հետ խաղում առաջին րոպեներում, որպեսզի մենք մտնեինք խաղի մեջ, ինչպես արեց Ուկրաինայի հետ խաղում: Ես մեր դարպասապահին չեմ մեղադրում: Իսպանիայի խաղերից հետո նա խաղային պրակտիկա ընդհանրապես չուներ: Ինչ արեց իր կողմից առանց խաղային պրակտիկայի, հերոսություն էր: 

Ես շատ եմ ուզում, որ Պորտուգալիայի հավաքականը չհաղթի, որովհետեւ նրանք մեզ շատ վատ վիճակի մեջ դրեցին: Իրենք լավ վերլուծություն ունեն եւ հասկացել էին, որ Հայաստանի հավաքականն իրենց համար խնդիրներ է առաջացնելու: Այն կեղտոտ քայլը, որն արեցին մեր հանդեպ, բողոքը գրեցին մեր վրա, հենց այսօրվա համար էր: Եթե մեր թիմում լինեին բրազիլացիները, ինչ կլիներ Խորվաթիայի հավաքականի հետ խաղը, հատկապես իրենց հետ հանդիպումը: Իրենք այդ վերլուծությունը լավ արել էին եւ այդ կեղտոտությունը մեր հանդեպ արեցին, որի հետ չեմ համակերպվում: Մեր նման երկրի հանդեպ այդպիսի քայլ չպետք է անեին: Ես իրենց մարզիչի երեսին էլ եմ ասել: «Բենֆիկայի» անեծքի մասին բոլորը գիտեն, մարզիչի երեսին ասել եմ, որ այդ անեծքը միշտ իրենց վրա լինելու է, եւ ես ամեն ինչ անելու եմ, որ նրանք ոչ մի հաղթանակ չունենան:

Այսպիսի երկրներն ուզում են բոլոր եզրափակիչները միշտ լինեն Պորտուգալիա - Իսպանիա: Ռուսներին դուրս հանեցին, միայն Պորտուգալիա եւ Իսպանիա, կարեւոր չի, թե ով կհաղթի: Իրենց պետք չի ավելորդ մրցակից, որը խնդիրներ կառաջացնի: 

Լավ է, որ բրազիլացի խաղացողներով չենք հասել այս արդյունքին, այլ մեր հայ խաղացողներով, բայց եթե ափսոսում ենք, որ քառորդ եզրափակիչում չհաղթեցինք, բրազիլացիների ներկայության պարագայում այդ ափսոսանքը չէինք ունենա: Համոզված եմ, որ քառորդում կհաղթեինք, գուցե՝ կիսաեզրափակիչում էլ: Ունենք այն, ինչ ունենք:  

Վստահ կարող եմ ասել, որ Խորվաթիան Ուկրաինայից ուժեղ թիմ չէր, Չեխիային հավասար էր: Մեզ այդ խաղում չհերիքեց արագ գոլը: Գոլ խփելուց հետո վստահությունն ավելի լավ է լինում: Հենց այդ մի գոլր մեզ պակասեց: 

Տեղացի երիտասարդներ ունենք շատ ուժեղ, որոնք այս տարի կհամալրեն ազգային հավաքականը: Ռուսաստանում էլ ունենք երկու լավ խաղացող, մեր դիտակետում են, բայց դեռ այն խաղամակարդակը չունեն: Խոսքը «Երեւան» ակումբի երիտասարդների մասին է: 

Այս պահին հավաքականի դուռը թակող 4-5 ֆուտբոլիստներ ունենք, որոնք կարող են մոտ ապագայում ընդգրկվել հավաքականի կազմ: 

Ինչպես ասում էի, որ պետք է Եվրո-2026-ում խմբից դուրս գանք, լավ հանդես գանք, այնպես էլ հիմա եմ ասում, որ պետք է աշխարհի առաջնությանը շատ լավ հանդես գանք, փորձելու ենք խմբից դուրս գալ եւ հայտնվել աշխարհի առաջնությունում: Հանդես ենք գալու էլիթ ռաունդում, ապրիլին կլինի որակավորման փուլի խաղերը, որից հետո նոր կլինի վիճակահանությունը: Այդ ժամանակ նոր խնդիրներ կդնենք մեր առջեւ, կփորձենք դրանք լուծել: 

Այն, որ մեր թիմը մշտապես պայքարելու է խմբից դուրս գալու համար բոլոր առաջնություններում՝ աշխարհ եւ Եվրոպա, ինձ համար միանշանակ է: Ամեն ինչ անելու ենք, որ այդ հաջողությունը չլինի միանգամյա»,- ասաց Ռուբեն Նազարեթյանը: 

Լիտվայի Կաունաս քաղաքում անցկացված խմբային փուլի հանդիպումներում Հայաստանի հավաքականը 2:1 հաշվով հաղթել էր Ուկրաինային, 5:4 հաշվով՝ Չեխիային, 3:3 հաշվով խաղացել Լիտվայի հետ։ Քառորդ եզրափակիչում Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը 0:3 հաշվով պարտվեց խորվաթներին եւ դուրս մնաց պայքարից:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print