Այն հայտարությունները, որոնք ոստիկանության կողմից շրջանառվեց մամուլում, առհասարակ, չի համապատասխանում իրականությանը: Լեհերն անկարգություններ չեն արել, իրենց մեջ որեւէ բախում տեղի չի ունեցել: Նրանց վրա կազմակերպված հարձակում է եղել ռուսների կողմից, որոնք հատուկ այդ նպատակով ժամանել էին Հայաստան:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների FAF շարժման հիմնադիր Սերգեյ Ջանջոյանը:
Դեկտեմբերի 11-ին Կոնֆերենցիաների լիգայի 5-րդ տուրի «Նոա» - «Լեգիա» հանդիպումից հետո Հայաստան ժամանած լեհ ֆուտբոլային երկրպագուների մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել։ Դեպքի հաջորդ օրը մամուլում շրջանառվեցին լուրեր, որ պարտված խաղից հետո լեհ ֆանատների միջեւ վիճաբանություն է ծագել, որը վերածվել է ծեծռկտուքի, ապա որոշ ֆանատներ բերման են ենթարկվել ոստիկանության Կենտրոնի բաժին։
NEWS.am Sport-ի տեղեկություններով՝ ձերբակալվածների թիվը հասել էր 40–ի, նրանց մեջ եղել էին նաեւ մի խումբ ռուսներ, որոնք կապ չեն ունեցել «Նոա» - «Լեգիա» խաղի հետ, երկրպագու չեն եղել։
Հայաստանի հավաքականի FAF շարժման հիմնադիր Սերգեյ Ջանջոյանը NEWS.am Sport-ի հետ զրույցում հաստատեց ռուսների մասնակցությունը:
«Խաղից հետո լեհ երկրպագուներն իդեալական լավ պահվածք են ցուցաբերել Երեւանում: Նրանց հետ մենք ունեցել ենք հանդիպումներ, որոշակի պայմանավորվածություններ: Այն հայտարությունները, որոնք ոստիկանության կողմից շրջանառվեց մամուլում, առհասարակ, չի համապատասխանում իրականությանը: Լեհերն անկարգություններ չեն արել, իրենց մեջ որեւէ բախում տեղի չի ունեցել: Կարող եմ ասել, որ հարձակում է եղել նրանց վրա մեր քաղաքում: Ցավոք, ոստիկանությունը, ինչպես միշտ, հասել է այն պահին, երբ ամեն ինչ արդեն վերջացած է եղել: Ձեռբակալել են միայն լեհ երկրպագուներին»,- ասաց Սերգեյ Ջանջոյանը:
Ըստ FAF-ի հիմնադիրի, լեհ ֆանատների վրա հարձակում եղել է այլ երկրի ներկայացուցիչների կողմից, որոնք հատուկ այդ նպատակով են ժամանած եղել Հայաստան:
«Լեհերի վրա կազմակերպված հարձակումը եղել է այլ երկրից ժամանած խմբավորման կողմից, որոնք հատուկ եկել էին Հայաստան լեհ երկրպագուների հետ առճակատման համար: Խոսքը ռուսների՝ նրանց թշնամի երկրի կամ ֆաների մասին է: Նրանք ֆանատներ են, ultras-ներ կամ խուլիգանական խմբավորումներ էին, որոնք հատուկ եկել էին Հայաստան այդ նպատակով. ֆուտբոլը կապ չուներ»,- նշեց FAF-ի հիմնադիրը:
Սերգեյ Ջանջոյանը դեպքին ականատես չի եղել: Նրա փոխանցմամբ, հարձակման պահին լեհ երկրպագուների ղեկավարի հետ գտնվել են FAF ակումբում եւ քննարկել համագործակցության տարբեր հարցեր:
«Ինքս ականատես չեմ եղել դեպքին: Ականատեսների պնդմամբ, «Վերնիսաժի» մոտ լեհերի փոքր խմբի վրա ուղղակի հարձակում է եղել: Նրանց լիդերները մեզ մոտ էին եւ բոլորիս համար, նրանց համար եւս, շատ անսպասելի էր այս հարձակումը: Հաստատում եմ, որ լեհ երկրպագուների կողմից Երեւանում վատ վարքագիծ չի եղել, որքան էլ շատերը սպասում էին: Այդ օրը լեհերից շատերը բերման ենթարկվեցին: Գիտեմ, որ բոլորին բաց են թողել, բայց կան երկրպագուներ, որոնք այս պահին չեն կարողանում լքել մեր երկիրը: Ունեն հետադարձի տոմս, բայց նրանց չի թույլատրվում հեռանալ երկրից:
Եվս երեքը հոսպիտալացվել էին, նրանք, ըստ մեր տեղեկությունների, արդեն դուրս են գրվել: Նրանց վիճակը նորմալ է:
Մեկ անգամ եւս ուզում եմ ընդգծել, որ հայ երկրպագուների հետ որեւէ բախում չի եղել: Մենք ունենք շատ լավ հարաբերություններ նրանց հետ: Ամեն անգամ, երբ լեհերը մեծ խմբով գալիս են Հայաստան, ամեն ինչ նորմալ է անցում, նրանց հետ բախում, անախորժություններ չենք ունենում:
Լեհ երկրպագուները միայն դրականն են խոսում մեր երկրի մասին: Խաղից հետո փոխադարձ շնորհակալություն ենք հայտնել միմյանց, քննարկել ենք հետագա համատեղ անելիքներն ու համագործակցությունը: Այս օրերին նրանք հասցրել էին լինել նաեւ Հայաստանի տեսարժան վայրերում եւ միայն դրական էմոցիաներով են լցված մեր երկրի հանդեպ»,- մանրամասնեց Սերգեյ Ջանջոյանը:
Հարցին, թե ինչն է հիմք հանդիսացել ռուսների կողմից Հայաստանում լեհ ֆանատների վրա հարձակում նախաձեռնելը, Սերգեյ Ջանջոյանի կարծիքով, ֆանատական իրադարձություն է:
«Ոչինչ թաքնված չի այս ամենի հիմքում: Միայն ֆանատական իրադարձություն է, որոնցում, իհարկե, մեր իրավապահ մարմինները չէին խորանալու, մանրամասներին չէին կարող տեղեկանալ: Ոչ մի ձեռբակալված երկրպագու նրանց մանրամասներ չէր պատմելու, թե ինչ է տեղի ունեցել»,- ամփոփեց Սերգեյ Ջանջոյանը:
Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն եւ գավաթակիր «Նոան» Կոնֆերենցիաների լիգայի 5-րդ տուրում ընդունել էր լեհական «Լեգիային» եւ հասել կամային հաղթանակի 2:1 հաշվով։
Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:07 , 15 նոյեմբերի 
01:40 , 15 նոյեմբերի 
23:45 , 14 նոյեմբերի 
23:29 , 14 նոյեմբերի
23:07 , 14 նոյեմբերի
22:54 , 14 նոյեմբերի
21:02 , 14 նոյեմբերի 
20:48 , 14 նոյեմբերի 
20:19 , 14 նոյեմբերի 
19:09 , 14 նոյեմբերի