18:37  ,  11 դեկտեմբերի, 2025

Հովհաննես Բաչկովը 5-րդ բրոնզե մեդալը նվաճեց աշխարհի առաջնություններում (ֆոտո)

Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի առաջնության քառակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն Հովհաննես Բաչկովը 5-րդ բրոնզե մեդալը նվաճեց աշխարհի առաջնություններում:

Դուբայում անցկացվող աշխարհի առաջնությունում Բաչկովը 67 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում մենամարտեց Ռուսաստանը ներկայացնող Եվգենի Կուլի հետ եւ պարտվեց 2:5 հաշվով:


Բոլոր երեք ռաունդներում Բաչկովը վստահ մենամարտ էր վարում, գրոհներով եւ հակագրոհներով պրեսինգի ենթարկում մրցակցին, բայց մրցավարները առավելությունը տալիս էին ռուս մրցակցին:


Մենամարտի ավարտին Հովհաննես Բաչկովը չթաքցրեց հուզմունքը, նա պարգեւատրվեց բրոնզե մեդալով եւ ռինգից հեռանալիս անմիջապես հանեց բրոնզե մեդալը պարանոցից:


Բաչկովի մենամարտին հետեւում էր Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ (IBA) Ումար Կրեմլյովը:


Այս առաջնությունում Բաչկովը պայքարը սկսել էր 1/16 եզրափակիչից, որտեղ երկրորդ ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթել էր Քենիայի ներկայացուցիչ Կավոնդո Վիսման Մուաթեին: 1/8 եզրափակիչում Բաչկովը 5:0 հաշվով առավելության էր հասել Ղրղզստանի ներկայացուցիչ Ալմազ Օրոզբեկովի նկատմամբ: Քառորդ եզրափակիչում 5:0 հաշվով պարտության էր մատնել Բելառուսը ներկայացնող Վադիմ Վաուչոկին:

Հովհաննես Բաչկովը մարզական կարիերայում աշխարհի առաջնության 5-րդ կիսաեզրափակիչում է պարտվում:

Նախորդ անգամ Հովհաննես Բաչկովը Հայաստանի հավաքականի կազմում մրցաշարի մասնակցել էր 2023 թ. մայիսին Տաշքենդում անցկացված աշխարհի առաջնությունում, որտեղ նվաճել էր իր 4-րդ բրոնզե մեդալը: Հայաստանի հավաքականի ավագը աշխարհի առաջնություններում բրոնզե մեդալներ է նվաճել նաեւ 2017 թ. 2019թ. եւ 2021 
թվականներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում