18:37 11 դեկտեմբերի, 2025Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի առաջնության քառակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն Հովհաննես Բաչկովը 5-րդ բրոնզե մեդալը նվաճեց աշխարհի առաջնություններում:
Դուբայում անցկացվող աշխարհի առաջնությունում Բաչկովը 67 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում մենամարտեց Ռուսաստանը ներկայացնող Եվգենի Կուլի հետ եւ պարտվեց 2:5 հաշվով:
Բոլոր երեք ռաունդներում Բաչկովը վստահ մենամարտ էր վարում, գրոհներով եւ հակագրոհներով պրեսինգի ենթարկում մրցակցին, բայց մրցավարները առավելությունը տալիս էին ռուս մրցակցին:
Մենամարտի ավարտին Հովհաննես Բաչկովը չթաքցրեց հուզմունքը, նա պարգեւատրվեց բրոնզե մեդալով եւ ռինգից հեռանալիս անմիջապես հանեց բրոնզե մեդալը պարանոցից:
Բաչկովի մենամարտին հետեւում էր Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ (IBA) Ումար Կրեմլյովը:
Այս առաջնությունում Բաչկովը պայքարը սկսել էր 1/16 եզրափակիչից, որտեղ երկրորդ ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթել էր Քենիայի ներկայացուցիչ Կավոնդո Վիսման Մուաթեին: 1/8 եզրափակիչում Բաչկովը 5:0 հաշվով առավելության էր հասել Ղրղզստանի ներկայացուցիչ Ալմազ Օրոզբեկովի նկատմամբ: Քառորդ եզրափակիչում 5:0 հաշվով պարտության էր մատնել Բելառուսը ներկայացնող Վադիմ Վաուչոկին:
Հովհաննես Բաչկովը մարզական կարիերայում աշխարհի առաջնության 5-րդ կիսաեզրափակիչում է պարտվում:
Նախորդ անգամ Հովհաննես Բաչկովը Հայաստանի հավաքականի կազմում մրցաշարի մասնակցել էր 2023 թ. մայիսին Տաշքենդում անցկացված աշխարհի առաջնությունում, որտեղ նվաճել էր իր 4-րդ բրոնզե մեդալը: Հայաստանի հավաքականի ավագը աշխարհի առաջնություններում բրոնզե մեդալներ է նվաճել նաեւ 2017 թ. 2019թ. եւ 2021 թվականներին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.