Տխուր եմ, որ չկարողացա մեդալակիր դառնալ, բայց շատ ուրախանում եմ ընկերոջս՝ Մամիկոնի մեդալի համար: Այս անգամ 4-րդ տեղը զբաղեցրի, ինչը նշանակում է, որ ավելի լավ պետք է մարզվեմ։
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Ինդոնեզիայից ասաց Եվրոպայի չեմպիոն, երիտասարդների աշխարհի կրկնակի չեմպիոն, 18-ամյա Համլետ Մանուկյանը:
Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում Համլետ Մանուկյանը նժույգ թափեր վարժությունում զբաղեցրեց 4-րդ տեղը: Եզրափակիչում 18-ամյա մարմնամարզիկը վաստակեց 14.433 միավոր: Այս վարժությունում Հայաստանի թիմից արծաթե մեդալակիր դարձավ Մամիկոն Խաչատրյանը:
«Շատ լավ էինք պատրաստվել այս առաջնությանը: Վերջնամասում մի քիչ շտապեցի, սխալվեցի, այդ պատճառով միավորներս ցածր գնահատվեց: Ցավոք, այս առաջնությունում չստացվեց մեդալ նվաճել, ինչի համար տխրում եմ, բայց շատ ուրախ եմ ընկերոջս նվաճման համար:
Ուրախ եմ, որ Մամիկոնի հետ միասին ենք պայքարում, միմյանց օգնում ենք մրցաշարերի ժամանակ, հաջողություններով ուրախանում ենք, պարտություններով՝ տխրում: Այս անգամ նա մեդալակիր դարձավ, ինչն ինձ շատ ուրախացրեց:
Իմ առաջին աշխարհի առաջնությունն էր մեծահասակներում: Լարվածությունը չխանգարեց, միայն շտապեցի վերջում, այդ պատճառով մրցանակային տեղ չզբաղեցրի:
Ուժեղ մրցակցություն էր: Այս անգամ 4-րդ տեղը զբաղեցրի, ինչը նշանակում է, որ ավելի լավ պետք է մարզվեմ, աշխատեմ, որպեսզի հաջորդ մրցաշարերում ավելի լավ արդյունք գրանցեմ»,- ասաց Համլետ Մանուկյանը:
Հակոբ Սերոբյանի գլխավորած հավաքականից Մամիկոն Խաչատրյանը նժույգ թափեր վարժությունում արծաթե մեդալակիր դարձավ 14.600 միավորով: Հայաստանի թիմից պայքարի մեջ մնաց օլիմպիական փոխչեմպիոն եւ բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Դավթյանը, ում մասնակցությամբ հենացատկի վարժության եզրափակիչը տեղի կունենա հոկտեմբերի 25-ին:
Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
11:36 , 11 սեպտեմբերի
11:02 , 11 սեպտեմբերի
10:37 , 11 սեպտեմբերի 
10:16 , 11 սեպտեմբերի
09:54 , 11 սեպտեմբերի
09:07 , 11 սեպտեմբերի 
00:58 , 11 սեպտեմբերի 
23:38 , 10 սեպտեմբերի
22:36 , 10 սեպտեմբերի
21:04 , 10 սեպտեմբերի