10:09  ,  1 հոկտեմբերի, 2025

Հակոբ Սերոբյան․ Երբ ինձ ցույց տվեցին Ազարյանի նոր մարզադպրոցի նախագիծը, զարմացած էի

Երբ ինձ ցույց տվեցին Ալբերտ Ազարյանի նոր մարզադպրոցի նախագիծը, զարմացած էի: Հավատում եմ, որ լինելու է բարձր մակարդակով: Չեմ պատկերացնում, որ մարզադպրոցի ծրագիրը չեղարկվի, եթե չկառուցվի, Եվրոպայի առաջնությունից էլ պետք է հրաժարվենք, իսկ հրաժարվել չենք կարող:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը:

Օգոստոսի 25-ին Երեւանի «Հրազդան» ստադիոնի հարեւանությամբ մեկնարկեց Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանի անվան սպորտային մարմնամարզության նոր մարզադպրոցի կառուցումը: Աշխատանքները մեկնարկեցին հիմնարկեքի արարողությամբ, որն իրականացրին օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանը եւ Եվրոպայի չեմպիոն, երիտասարդների աշխարհի կրկնակի չեմպիոն Համլետ Մանուկյանը:

Հիշեցնենք, որ Երեւանի Մոսկովյան փողոցում գործող Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցի անմխիթար վիճակը բարձրացվել էր 2016 թ.-ից: Այդ ժամանակ դեռեւս քննարկվում էր մարզադպրոցի վերակառուցման մասին: Տոկիոյի Օլիմպիական խաղերից հետո, երբ Արթուր Դավթյանը նվաճեց անկախ Հայաստանի առաջին օլիմպիական մեդալը մարմնամարզությունում,  մարզաշխարհում եւ հանրության շրջանում բուռն քննարկումների առիթ դարձավ դպրոցի քանդված պատերը, հնամաշ մարզագույքը, որոնք վտանգավոր էին այնտեղ մարզվող երեխաների համար: Որոշ ժամանակ անց որոշում կայացվեց, որ մարզադպրոցը ենթակա չի վերանորոգման, քանի որ սեյսմակայուն չի:

Ներկայացվեց նոր միջազգային չափանիշներին համապատասխանող մարզադպրոցի նախագիծ, որն մշակվում էր 2021 թվականից:

«Բոլորս շատ ուրախ ենք, որ նոր մարզադպրոցի կառուցումը իրականություն դարձավ եւ մեկնարկն այսքան արագ եղավ: Այն, ինչ նախատեսված է նոր մարզադպրոցի նախագծում, նույնիսկ անհավատալի է: Շատ մեծ կառույց է լինելու: Երեւի Հայաստանում այդպիսի մարզադպրոց չի կառուցվել, գուցե միայն Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցը նման լինի: Համալիր կառույց է լինելու: Ամեն ինչը համապատասխանում է միջազգային չափանիշներին»,- ասաց Հակոբ Սերոբյանը:

Նշենք, որ 2027-ին Հայաստանն ընդունելու է սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը, որից առաջ նախատեսված է անցկացնել ստուգատեսային մրցաշարեր:

«Մեզ խոստացել են, որ այն պատրաստ կլինի 2026թ. նոյեմբերին: Եթե նոյեմբերին պատրաստ եղավ, կհասցնենք նաեւ անցկացնել ստուգատեսային մրցումները, որոնք տեղի են ունենալու 2027 թ. փետրվար-մարտ ամիսներին: Եվրոպայի առաջնությունը երեւի կանցկացվի ապրիլի վերջին:

Ինձ համար ամենաուրախալին այն է, որ Եվրոպայի առաջնությունից զատ, մարզադպրոցի համար ձեռք է բերվելու երեք կոմպլեկտ գործիք: Սա նշանակում է՝ կարող ենք ունենալ տարբեր բրենդների բարձրակարգ գործիքներ: Եվրոպայի առաջնության համար այլ բրենդի գործիքներ կլինեն, մարզադպրոցի համար՝ այլ: Սա հնարավորություն կտա փորձարկել տարբեր գործիքներ: Այն գործիքները, որոնցով անցկացվում են տարբեր մրցաշարեր, նաեւ խոշոր մրցաշարերը, բոլոր բրենդների գործիքներից կունենանք: Սա շատ լավ է մեզ համար: Օրիակ՝ այս աշխարհի առաջնությունն անցկացվելու է չինական արտադրության գործիքներով: Այդ դեպքում կարող ենք մեր մարզադպրոցում մարզվել այդ ֆիրմայի գործիքների վրա: Այսպիսի հնրավարություն Հայաստանի պատմության մեջ, կոնկրետ մարմնամարզությունում չի եղել:

Սովորաբար, մենք ենք մեկնում տարբեր երկրներ՝ հավաքների, համատեղ հավաքներ ենք ունենում: Այս մարզադպրոցն ունենալուց հետո արդեն այլ երկրների հավաքականներ կհետաքրքրվեն եւ կգան մեզ մոտ հավաքների: Տարվա մեջ քիչ արտագնա հավաքներ կունենանք, Թբիլիսի էլ չենք գնա հավաքի: Երբ ինձ ցույց տվեցին նախագիծը, տեսա, պատկերացրի, զարմացած եմ:

Եվրոպայի առաջնությունից հետո բոլոր խոշոր մրցաշարերին եւ Օլիմպիական խաղերին կպատրաստվենք արդեն Երեւանում, մեր մարզադպրոցում: Այլեւս խնդիր չենք ունենա մեկնել այլ երկիր, որպեսզի փորձարկումները, վարժություններն անենք այս կամ այն բրենդի գործիքների վրա: Միայն  2028 թ. Օլիմպիական խաղերից առաջ հավաք կունենանք Լոս Անջելեսում, քանի որ 12 ժամվա տարբերություն կա, որպեսզի տղաները հարմարվեն: Այլ ուրիշ պատճառ չենք ունենա դրսի մարզումների:

Հավատում եմ, որ ամեն ինչ ունենալու ենք ամենաբարձր մակարդակով:

Մարզադպրոցն ունենալու է 3 դահլիճ՝ սպորտային մարմնամարզության, մյուսը՝ գեղարվեստական մարմնամարզություն եւ ակրոբատիկա եւ երրորդը մրցումային դահլիճ հանդիսականի նստատեղերով: Այստեղ կարող ենք աշխարհի գավաթի փուլ,  միջազգային մրցաշար անցկացնենք»,- մանրամասնեց գլխավոր մարզիչը:

Հարցին, թե որ պարագայում մարզադպրոցի կառուցման ծրագիրը կարող է չեղարվել, Հակոբ Սերոբյանը շեշտեց, որ չեղարկումն անհավատալի է:

«Ես չեմ պատկերացնում, որ այս ծրագիրը չեղարկվի: Ֆինանսավորումը հատկացված է, իմ կարծիքով, չի կարող չեղարկվել: Եթե մարզադպրոցը չկառուցվի, մրցումներից էլ պետք է հրաժարվել, բայց չենք կարող հրաժարվել:  Այդպիսի բան չեմ պատկերացնում»,- ասաց Հակոբ Սերոբյանը:

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականն այժմ պատրաստվում  է հոկտեմբերի 19-25-ը Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում անցկացվելիք աշխարհի առաջնությանը։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News