Եվրոպայի Մ16 առաջնությունում մեր նպատակն է լավագույն հնգյակի մեջ հայտնվելը, ինչը ֆանտաստիկայի ժանրից է մեզ համար, բայց ուզում ենք հավատալ, որ տղաները կարող են: Ամեն ինչ արել ենք, որպեսզի թիմը լիարժեք պատրաստ լինի այս առաջնությանը:
Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը:
Հուլիսի 23-ից օգոստոսի 3-ը Երեւանում կանցկացվի վոլեյբոլի տղամարդկանց Եվրոպայի մինչեւ 16 տարեկանների առաջնություն: Նախօրեին Հյուսիսային պողոտայում տեղի ունեցավ Եվրոպայի առաջնության բացման արարողությունը, որի ընթացքում տրվեց հետհաշվարկի մեկնարկը: Եվրոպայի առաջնությանը մասնակցում է 16 երկրի շուրջ 500 մարզիկ:
ՀՎՖ գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանի խոսքով, Հայաստանի հավաքականը լիարժեք պատրաստ է առաջնությանը եւ թիմից սպասելիքներ կան:
«Մեզ համար մեծ պատիվ է, որ Հայաստանն ընդունում է վոլեյբոլի այսպիսի խոշոր մրցաշար: Նախկինում մենք անցկացրել էինք մի քանի միջազգային մրցաշարեր, այդ թվում արեւելաեվրոպական երկրների առաջնություններ: Այս մրցաշարերը բարձր մակարդակով անցկացնելուց հետո 2021 թ. որոշեցինք հայտ ներկայացնել Եվրոպայի առաջնության համար: 2022 թ. մեր հայտը հաստատվեց: Մեզ հետ միասին Եվրոպայի առաջնությունն անցկացնելու հայտ էր ներկայացրել նաեւ Իտալիան, բայց իմանալով, որ Հայաստանը եւս ներկայացրել է, զիջեց մեզ: Սկզբում պետք է անցկացվել Մ17 Եվրոպայի առաջնություն: Մեզ համար շատ ուրախալի էր, քանի որ ավելի ուժեղ են մեր 17 տարեկանների խաղացողները: Հետագայում փոխվեց Մ16, ինչը որոշակի խնդիրների առջեւ կանգնեցրեց մեզ:
Ունենք հավաքական, որը պատրաստ է մեծ պայքարին: Սպասելիքներ ունենք: Ամենակարեւորը մինչեւ 5-րդ տեղ գրավելն է, որպեսզի իրավունք ձեռք բերենք մասնակցել 2026 թ. աշխարհի Մ17 առաջնությանը:
Գուցե Եվրոպայի առաջնությունում լավագույն հնգյակի մեջ հայտնվելը ֆանտաստիկայի ժանրից է մեզ համար, բայց ուզում ենք հավատալ, որ տղաները կարող են: Ամեն ինչ արել ենք, որպեսզի կարողանանք լիարժեք պատրաստ լինել այս առաջնությանը:
Հայաստանի հավաքականը ձեւավորվել է հունվար ամսին: Ունենք բարձրակարգ մարզիչ Ռուսաստանից, որը եղել է պատանիների աշխարհի չեմպիոն թիմի մարզիչ: 6 ամսում ռուս մարզիչը Հայաստանի հավաքականը դարձրել է մարտունակ թիմ: Սպասում ենք, որ պետք է ունենանք լավ արդյունքներ: Թիմը համալրցված է միայն հայ խաղացողներով: Եվրոպայի առաջնությանը պատրաստվել ենք մի քանի փուլերով: Ունեցել ենք հավաքներ, ընկերական խաղեր:
Մ16 Եվրոպայի առաջնության ֆավորիտները Թուրքիան է, Իտալիան, Լեհաստանը եւ Բուլղարիան: Մեր բախտը բերել է. ենթախումբը մի փոքր ավելի թույլ է: Մարզիչները խոստանում ենք մի քիչ ավելին, մենք՝ ավելի կասկածանքով ենք վերաբերվում հաղթանակին:
Ափսոսում ենք, որ չկարողացանք մեծ մարզադահլիճներում հանդես գալ, ինչպես, օրինակ, Մարզահամերգային համալիրն է: Շատ կուզեինք այնտեղ խաղալ, բայց դահլիճի հատակի հետ կապված խնդիր առաջացավ: Ցանկանում էինք՝ տրիբունաներն ավելի մեծ լինեին, որպեսզի շատ երկրպագուներ հնարավորություն ունենային գալ, հավաքականին աջակցել: Հայաստանի հավաքականի խաղերը կանցկացվեց «Գազպրոմ Արմենիայի դահլիճում: Եվրոպայի առաջնության խաղերը կլինեն նաեւ Սլավոնական համալսարանի մարզահադլիճում:
Մեզ համար մեծ պատիվ է հյուրընկալել Եվրոպայի առաջնությունը: Վստահ եմ, որ առաջնությունը կխթանի մարզաձեւի զարգացմանը»,- ասաց Կարեն Ասմարյանը:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի փոխանցմամբ Կառավարությունը 130 միլիոն դրամի ֆինանսավորում է կատարել Եվրոպայի առաջնության անցկացման համար: Նախարարի խոսքով առաջնությունն ավելի կնպաստի Հայաստանում խաղային մարզաձեւերի մասսայականացմանը եւ զարգացմանը:
«Վոլեյբոլի Եվրոպայի Մ16 առաջնությունը մեծ իրադարձություն է լինելու բոլորիս համար: Ֆեդերացիան մեծ ջանքեր է ներդրել այս առաջնությունը Հայաստան բերելու եւ այն մեծ շուքով անցկացնելու համար: Եվրոպայի առաջնությանը մասնակցում է 15 երկրի շուրջ 500 վոլեյբոլիստ, Հայաստանը 16-րդ երկիրն է: Մինչեւ Երեւան ժամանելը թիմերն անցել են լուրջ մրցապայքար, ինչը նշանակում է, որ հնարավորություն ենք ունենալու հետեւել ուժեղագույնների պայքարին:
Առաջնության եզրափակիչները տեղի կունենան օգոստոսի 3-ին: Մինչեւ այդ կունենանք հագեցած օրեր: Մեր թիմին հաջողություն եմ մաղթում: Ուժեղ մրցակիցների շարքում պետք է երկրպագենք մեր հավաքականին: Հուսով եմ՝ կտեսնենք հաղթանակներ եւ կվայելենք դրանց բերկրանքը:
Առաջիկայում կհրապարակվի մրցելույթների ժամանակացույցը: Շատ կարեւոր է, որ երկրպագուները տեղում աջակցեն մեր հավաքականին:
Առաջնության անցկացման համար պետական բյուջեից 130 միլիոն դրամի ֆինանսավորում է եղել, ձեռք է բերվել նաեւ գույք:
Ֆեդերացիայի հետ քննարկում ենք դպրոցականների վոլեյբոլի լիգա անցկացնելու հարցը: Վստահ եմ, որ ֆեդերացիայի հետ համատեղ աշխատանքով կնպաստենք մարզաձեւի ավելի արագ մասսայականացմանը եւ զարգացմանը:
Պարոն Ասմարյանը խոսեց ավելի մեծ մարզադահլիճներում մրցաշարն անցկացնելու խնդրի մասին: Այս պահին աշխատանքներ են տարվում Սպորտի կառավարման կենտրոնի դահլիճում: Այստեղ հետագայում հնարավորություն կունենանք վոլեյբոլի ավելի մեծ միջազգային մրցաշարեր անցկացնել:
Վերջին տարիներին Կառավարությունը ակտիվ վարում է խոշոր մրցաշարեր հյուրընակելու քաղաքականություն: Սպորտում հաջողությունների հասնելու համար կարեւոր է, որ երկիրն ունենա նաեւ մարզական մեծ մրցաշարեր անցկացնելու կարողություններ: Մարզիկները փոխվում են, երբ խաղում են «տանը», ինչը հոգեբանորեն մեծ ինքնավստահություն տալիս նրանց: Այս տարի արդեն 4-րդ խոշոր սպորտային մրցաշարն ենք հյուրընկալում մեր երկիր: Հայաստանն ամրապնդում է իր տեղն ու դիրքը սպորտային քարտեզում:
Վոլեյբոլում մեր հավակնությունները նույնպես բարձր են: Եթե հետեւողական ջանք դնել եւ գրագետ աշխատանք տանել, արդյունքները կլինեն»,- նշեց ԿԳՄՍ նախարարը:
Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
23:31 , 3 սեպտեմբերի
22:43 , 3 սեպտեմբերի 
21:54 , 3 սեպտեմբերի
21:01 , 3 սեպտեմբերի
20:02 , 3 սեպտեմբերի
19:07 , 3 սեպտեմբերի
18:35 , 3 սեպտեմբերի
18:04 , 3 սեպտեմբերի
17:03 , 3 սեպտեմբերի
16:20 , 3 սեպտեմբերի