09:03  ,  5 հուլիսի, 2025

Կարեն Աղամալյան․ Շատ ուրախացրեց, որ գրեթե բոլոր քաշային կարգերում կար թեժ մրցակցություն (ֆոտո)

Հայաստանի առաջնությունում ինձ համար բացահայտումներ չեղան: Լավ տղաներ են, բայց տարիքն այնպիսին է, որ ակնհայտ լիդեր չկա: Շատ ուրախացրեց այն փաստը, որ գրեթե բոլոր քաշային կարգերում կար թեժ մրցակցություն:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Կարեն Աղամալյանը:

Երեւանի «Դինամո» մարզադահլիճում ավարտվեց բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը: Հունիսի 30-ից մեկնարկած առաջնությանը մասնակցեց 150 բռնցքամարտիկ: Թեժ ստացվեց եզրափակիչ մենամարտերը: Համառ պայքարում երիտասարդ բռնցքամարտիկներն իրար հաջորդող դիտարժան մենամարտերով որոշեցին չեմպիոններին, որոնք կձեւավորեն Հայաստանի հավաքականը: Երիտասարդ բռնցքամարտիկները կպատրաստվեն Եվրոպայի երիտասարդական առաջնությանը, մինչեւ այդ կմասնակցեն միջազգային մրցաշարերի:

Տղամարդկանց հավաքականի ավագ մարզիչ Կարեն Աղամալյանի խոսքով, առաջնությունն աչքի ընկավ մեծ մրցակցությամբ:

«Այս առաջնությունում ինձ շատ ուրախացրեց այն փաստը, որ գրեթե բոլոր քաշային կարգերում կար թեժ մրցակցություն: Եզրափակիչ մենամարտերում ակնհայտ էր, որ մեծ պայքար է գնում հաղթողի կոչումը նվաճելու համար:

Տղաների հավաքականը թիմ իմ գլխավորությամբ հունվարից մարզվում է Երեւանում: Մարզերից մեր տղաները գալիս են այստեղ, աշխատում ենք միասին: Այն երիտասարդներից, որոնցից սպասելիքներ ունեի, այս առաջնությունում իրենց դրսեւորեցին լավագույնս, եզրափակիչներում իրենց արդարացրին: Կային նաեւ տղաներ, որոնցից ավելին էի սպասում: Նոր բացահայտումներ ինձ համար չեղան: Լավ տղաներ են, բայց տարիքն այնպիսին է, որ ակնհայտ լիդեր չկա:

Մարզչական աշխատանքի գնահատականս այն է, որ պետք է ավելի լավ աշխատեն՝ ինձանից սկսած:

Հայաստանի առաջնության մակարդակը բարձր է: Գերծանր քաշային կարգի պայքարում մի փոքր խնդիր տեսա, ավելի թեժ պայքար էի սպասում: Մյուս քաշային կարգերից աչքի են ընկնում այն քաշերը, որոնք ֆավորիտ են մեծահասակների մեր թիմում:

 Այս տղաներից մի քանիսին արդեն տեսնում եմ մեծահասակներում, կարող են հավակնել. մեկ քայլ է մնում:

Երիտասարդական հավաքականը կպատրաստվի Եվրոպայի երիտասարդական առաջնությանը, որը շատ հավանական է՝ անցկացվի Երեւանում: Ինչպես հայտնի է՝ Երեւանում է անցկացվելու Եվրոպայի Մ22 առաջնությունը, գուցե երիտասարդականն էլ այստեղ լինի՝ միասին:

Այս պահին կարող եմ ասել, որ մեր թիմը գրեթե պատրաստ է Եվրոպային: Ինձ համար կարեւոր էր, որ տեսա տղաների պատրաստվածության եւ մենամարտեր վարելու մակարդակը: Սեպտեմբերին կմեկնենք Ռուսաստանի Չիտա քաղաք, որտեղ կմասնակցենք շատ ուժեղ միջազգային մրցաշարի: Այս մրցաշարը նույնիսկ Եվրոպայի առաջնությունից է ուժեղ: Եթե ստացվի, մինչեւ այդ եւս մեկ միջին կարգի միջազգային մրցաշարի կմասնակցենք, որտեղ կդիտարկեմ երկրորդ եւ երրորդ համարներին»,- ասաց Կարեն Աղամալյանը:

Տղամարդկանց պայքարում չեմպիոններ դարձան՝ Էրիկ Սեմերջյանը (48 կգ), Վահրամ Դովլաթբեկյանը (51 կգ), Վաղարշակ Քեյանը (54 կգ), Լեւոն Հովհաննիսյանը (57 կգ), Տիգրան Մակիչյանը (60 կգ), Անդրանիկ Մարտիրոսյանը (63,5 կգ), Արգիշտի Հակոբյանը (67 կգ), Արտյոմ Ստեփանյանը (71 կգ), Սամվել Սիրամարգյանը (75 կգ),  Մանվել Ղազարյանը (80 կգ), Րաֆֆի Խաչատրյանը (86 կգ ),  Սարգիս Անդրեասյանը (92 կգ) եւ Տիգրան Խաչատրյանը (+92 կգ):

Կանանց պայքարում հաղթողներն են՝ Նելի Աթաբեկյանը (48 կգ), Հեղինե Պետրոսյանը (50 կգ), Անգելինա Հայրապետյանը (52 կգ), Էլեն Պապյանը (60 կգ) եւ Վարդուհի Ասլանյանը (70 կգ):

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News