16:04  ,  22 մայիսի, 2025

Հակոբ Սերոբյան. Առաջին անգամ կմասնակցենք ԵԱ-ի թիմային պայքարին

Եվրոպայի առաջնությունում առաջին անգամ կմասնակցենք թիմային պայքարին: Թիմում լինելու է 5 մարմնամարզիկ, գործիքներին մոտենալու են 4-ը, թիմային հաշվարկի արդյունքը որոշվելու է 3 լավագույն ցուցանիշով: Եթե Եվրոպայի առաջնության մրցահարթակում տղաները կատարեն այն, ինչ անում են մարզումներին, շատ լավ կլինի:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Բեռլինից ասաց սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը:

Հակոբ Սերոբյանի գլխավորած հավաքականը մայիսի 12-ից Գերմանիայի հավաքականի հետ համատեղ ուսումնամարզական հավաք է անցնում Բեռլինում: Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցնում Եվրոպայի առաջնությունից առաջ:

«Բեռլինում շատ լավ հավաք ունեցանք, ըստ մեր ծրագրի աշխատեցինք: Գերմանիայի հավաքականի հետ համատեղ էր մարզումը: Այսօր վերջին մարզումը կանենք եւ կտեղափոխվենք Լայպցիգ՝ Եվրոպայի առաջնությանը: Տղաների մարզավիճակը նորմալ է: Եթե Եվրոպայի առաջնության մրցահարթակում տղաները կատարեն այն, ինչ անում են մարզումներին, շատ լավ կլինի:

Եվրոպայի առաջնությանը մասնակցում ենք 6 մարմնամարզիկով՝ Արթուր Դավթյան, Վահագն Դավթյան, Արթուր Ավետիսյան, Մամիկոն Խաչատրյան, Համլետ Մանուկյան եւ Գագիկ Խաչիկյան: Կփորձենք մեր ուժերը թիմային պայքարում ոչ այդքան մեծ ակնկալիքներով: Առաջին անգամ է, որ երիտասարդները մտել են մեծահասակների հավաքական եւ մեծահասակների հետ կլինեն թիմային պայքարում:

Եվրոպայի առաջնությունում թիմային պայքարում լինելու են Արթուր Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, Համլետ Մանուկյանը, Մամիկոն Խաչատրյանը եւ Գագիկ Խաիկյանը: Վահագն Դավթյանը կմասնակցի օղակների վարժության անհատական պայքարին:

Թիմում լինելու է 5 մարմնամարզիկ, գործիքներին մոտենալու են 4-ը, թիմային հաշվարկը որոշվելու է 3 լավագույն արդյունքով:

Այս փորձարկումը կանենք 2027 թ. Երեւանում անցկացվելիք Եվրոպայի առաջնության համար, կհասկանանք մեր հնարավորությունները թիմային պայքարում: 2027 թ. Երեւանի ԵԱ-ից բացի, ավելի կարեւոր աշխարհի առաջնություն ունենք, որտեղ հնարավորություն կա թիմով օլիմպիական ուղեգիր ձեռք բերել: Սա ապագային է վերաբերվում, բայց Լայպցիգում արդեն ապագայի համար հետախուզական փորձարկում կանենք»,- ասաց Հակոբ Սերոբյանը:

Եվրոպայի առաջնությունը կանցկացվի մայիսի 26-ից 31-ը Գերմանիայի Լայպցիգ քաղաքում:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News

  • Latest news