Անի Հովսեփյանը չի մասնակցի աշխարհի առաջնությանը: Թե ինչու, հարցրեք նրան, ես պատճառների մասին չգիտեմ: Ափսոսում եմ նրա համար, նա աշխարհի առաջնության մեդալակիր դառնալու մեծ շանսեր ուներ:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց կանանց բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վազգեն Բադալյանը:
Մարտի 8-16-ը Սերբիայի Նիշ քաղաքում կանցկացվի կանանց բռնցքամարտի աշխարհի առաջնությունը, որին Հայաստանը մասնակցելու է 4 բռնցքամարտիկով: Ավելի վաղ NEWS.am Sport-ի հետ զրույցում Վազգեն Բադալյանը նշել էր, որ աշխարհի առաջնության կազմում ընդգրկվելու էին ուժեղագույնները: Աշխարհի առաջնությանը չի մասնակցում Հայաստանի հավաքականի առաջատար, Եվրոպայի չեմպիոն Անի Հովսեփյանը: Ըստ Վազգեն Բադալյանի, Անի Հովսեփյանն իր որոշմամբ է հրաժարվել աշխարհի առաջնությունից:
Կանանց մեկնել է Բուլղարիա, որտեղ վերջին հավաքը կանցնի Սերբիա մեկնելուց առաջ:
«Աշխարհի առաջնությանը մասնակցելու են այս պահին մեր թիմի ուժեղագույն աղջիկները՝ Անուշ Գրիգորյանը (50 կգ), Եկատերինա Սիչեւան (54 կգ), Էլիդա Քոչարյանը (60 կգ) եւ Սոնա Հարությունյանը (63 կգ):
Անցել են երկու հավաք Ծաղկաձորում եւ Երեւանում: Մեկնում ենք Բուլղարիա, որտեղ վերջին հավաքը կանենք մրցումներից առաջ: Հավաքներն անցել ենք շատ լավ: Թիմի հետ այստեղի հավաքներին չի մասնակցել Եկատերինա Սիչեւան, Ռուսաստանում է պատրաստվել: Նա մեզ կմիանա Բուլղարիայում: Անի Հովսեփյանը չի մասնակցում աշխարհի առաջնությանը: Թե ինչու չի մասնակցում, նրան հարցրեք, ես պատճառների մասին չգիտեմ:
Աղջիկների մարզավիճակը նորմալ է: Բոլորն էլ շատ լավ մարզումներ են անցել, դրական հույզեր կան: Բուլղարիայի հավաքում շեշտադրությունը կդնենք զույգերով աշխատանքի վրա, մարտական փորձեր կանենք:
Աշխարհի առաջնությունը շատ ուժեղ մրցաշար է լինելու, թույլ են տվել մասնակցել նաեւ պրոֆեսիոնալ աղջիկներին: Մեծ մրցանակային ֆոնդ են սահմանել եւ թույլատրվում է պրոֆեսիոնալներին նույնպես մասնակցել: 50 երկրի հայտ է ներկայացված այս առաջնությանը, մեծ մրցակցություն է լինելու, ամենաուժեղ երկրները՝ Ղազախստան, Ռուսաստան, Ուզբեկստան, Հնդկաստան, Չինաստան, մասնակցում են: Այս երկրները շատ ուժեղ են»,- ասաց Վազգեն Բադալյանը:
Գլխավոր մարզիչի խոսքով, Հայաստանը ուժեղ կազմով է մասնակցում: Վազգեն Բադալյանը նաեւ մեդալային ակնկալիք ունի, միայն ափսոսում է Անի Հովսեփյանի բացակայության համար:
«Մեկ մեդալի ակնկալիք ունեմ: Ավել ակնկալիք չունեմ, պետք է ընդունենք, որ Եվրոպայի առաջնությունը չի, աշխարհի առաջնությունը շատ բարդ է: Նախկինում կանանց պայքարում աշխարհի առաջնության մեդալ երբեք չենք ունեցել: Եթե Անի Հովսեփյանը գար, մեդալային ակնկալիքներն ավելին կլինեին, նա մեդալակիր դառնալու մեծ շանսեր ուներ: Ամեն դեպքում սա նրա որոշումն է, չի ուզում, չի մասնակցում, ինչ կարող եմ ասել: Որեւէ խնդիր չկա, ես նրան հրավիրել եմ հավաքին, խոսել եմ, փորձել եմ նրան համոզել: Ասել է, որ հոգեբանորեն պատրաստ չի մրցումներին: Ես ոչ անմիջապես ընդունեցի նրա հրաժարվելը: Իմ աշխատանքն է բոլոր լավագույններին ընդգրկել կազմ, նախապատրաստել: Ափսոսում եմ նրա համար:
Բուլղարիայի հավաքում շեշտը կդնենք զույգերով աշխատանքի վրա, մարտական փորձեր կանենք»,- նշեց Վազգեն Բադալյանը:
Եվրոպայի չեմպիոն Անի Հովսեփյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ իր կամքով է հրաժարվել աշխարհի առաջնությունից, նաեւ ոչ լիարժեք է մասնակցել հավաքին:
«Ես ունեմ կոնկրետ պատճառներ, թե ինչու չեմ մասնակցում աշխարհի առաջնությանը: Ծաղկաձորի հավաքը լքել եմ օրեր անց այդ նույն պատճառներով: Շուտով մանրամասն կներկայացնեմ, թե ինչու չեմ մասնակցում եւ որն է իրական պատճառը»,- ասաց Անի Հովսեփյանը:
Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

18:01 , 9 սեպտեմբերի
17:17 , 9 սեպտեմբերի
16:58 , 9 սեպտեմբերի
16:02 , 9 սեպտեմբերի
15:23 , 9 սեպտեմբերի
14:18 , 9 սեպտեմբերի
13:20 , 9 սեպտեմբերի
12:32 , 9 սեպտեմբերի 
12:11 , 9 սեպտեմբերի
11:12 , 9 սեպտեմբերի