09:06  ,  5 հունվարի, 2025

Նոր տարվա հեքիաթ. Արման Անդրեասյան

NEWS.am Sport-ը ներկայացնում է «Նոր Տարվա հեքիաթ» հարցազրույցների շարք, որտեղ մրցաշրջան-2024-ում մեծ նվաճումներ ունեցած հայկական սպորտի աստղերը կպատմեն անցնող տարվա ձեռքբերումների, մեծ հաղթանակների, ցավալի ձախողումների, Ամանորի եւ մանկական հիշողությունների մասին: Շարքի հերթական հերոսը ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի գործող չեմպիոն Արման Անդրեասյանն է:

2024 փետրվարին Ռումինիայում անցկացված ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Արման Անդրեասյանը մարզական կարիերայում առաջին անգամ նվաճեց չեմպիոնի տիտղոսը եւ հաղթանակը նվիրեց 44-օրյա պատերազմում անմահացած եղբորը՝ Տարոն Անդրեասյանին:

Արման, ինչպիսի՞ն ստացվեց 2024-ը քեզ համար:

Տարվա առաջին կեսը շատ լավ ստացվեց, դարձա Եվրոպայի չեմպիոն: Երկրորդ հատվածում ոչ օլիմպիական քաշային կարգերի աշխարհի առաջնությունում պարտվեցի եւ մեդալ չնվաճեցի: Այս մասով մի փոքր անհաջող էր: Ընդհանուր, տարին հաջողված եմ համարում, քանի որ առաջին անգամ դարձա Եվրոպայի չեմպիոն: Միշտ մի բան չէր բավականացնում ոսկե մեդալի համար, գնում էի Եվրոպայի առաջնության եւ չէի կարողանում հաղթել:

Եվրոպայի առաջնությունում փառահեղ հաղթանակով դարձար չեմպիոն: Ի՞նչ հույզերով ես հիշում այդ օրը:

Միշտ ուզեցել եմ առաջինը լինել, բայց ինձ մոտ չի ստացվել: Այս տարի ամեն ինչ այլ էր, շատ լավ էինք պատրաստվել եւ յուրաքանչյուր գոտեմարտի դուրս գալիս միայն հաղթանակի էի գնում: Ինչպես ասում են՝ այդ օրն իմ օրն էր եւ եղավ այն, ինչին երկար տարիներ ձգտել էի: Այս առումով յուրահատուկ դարձավ ինձ համար 2024-ը: Հավատը մեծ էր, որ կկարողանամ չեմպիոն դառնալ:

Ի՞նչ փոխեց տիտղոսը քո կյանքում:

Փորձս մեծացավ: Երբ չեմպիոն ես դառնում, մրցագորգի վրա ինքնավստահություն  ավելանում է, մրցակիցներն արդեն լիդերի աչքով են դիտարկում քեզ: Մրցագորգի վրա այդպիսի վերաբերմունքի փոփոխություն զգացի աշխարհի առաջնությունում: Երբ մեկ անգամ հաղթում ես, հետո արդեն ավելի հանգիստ եւ ազատ ես լինում: Ոգեւորում է այն, որ քեզ արդեն ընկալում են, որպես ուժեղ մրցակից:

Այս աշխարհի առաջնությունում մեդալ նվաճել քեզ չհաջողվեց: Ի՞նչը պակասեց:

Չստացվեց, չեմ կարող ասել, թե ինչու: Լավ մարզավիճակում էի, այնպես չէր՝ վատ էի պատրաստվել, ինձ վատ էի զգում, ուղղակի չստացվեց:

Այս տարվա բացթողումս համարում եմ աշխարհի առաջնությունը, ամենամեծ հաղթանակը՝ Եվրոպայի չեմպիոնությունը:

Հանդես ես գալիս ոչ օլիմպիական քաշային կարգում՝ 70 կգ-ում: Ծրագրո՞ւմ ես տեղափոխվել օլիմպիական քաշային կարգ:

Այո, մտադրված եմ, բայց ոչ հիմա: Առաջիկա երկու-երեք տարին իմ քաշում հանդես կգամ, արդեն Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերին մոտ կբարձրացնեմ քաշս օլիմպիական, կփորձեմ պայքարել ուղեգրի համար:

2024-ում ունե՞ս կատարված երազանք:

Երազանք պահել էի 2024-ի համար, բայց չկատարվեց:

Ո՞րն է տարվա ամենահիշարժան օրը...

Ամենահիշարժանը Եվրոպայի չեմպիոն դառնալու օրն էր՝ փետրվարի 17-ը, պարգեւատրումը, երբ հնչում էր Հայաստանի հիմնը: Ունեմ նաեւ վատ օր: Օլիմպիական խաղերի օրերին մեկնել էի Փարիզ՝ իմ ընկերներին աջակցելու, բայց նրանք պարտվեցին: Ինձ համար ամենավատ օրն էր: 

Ի՞նչ մտքերով ես ճանապարհում 2024-ը:

Դրական մտքերով եմ ճանապարհում, քանի որ լավ արդյունք գրանցեցի, ինձ համար բարելավեցի նվաճումներս:Այժմ մտքերս 2025-ում նոր ձեռքբերումներ ունենալն է: Ուզում եմ, որ մեր հավաքականը շատ չեմպիոններ ունենա, մեծ հաղթանակներ տոնի,  պարտություններ չունենանք:

Սիրո՞ւմ ես Նոր տարին, տոնական օրերը: Ինչո՞վ է առանձնում Ամանորը քեզ համար:

Ամանորն իմ սիրելի տոներից է: Սովորաբար ընտանիքիս հետ եմ անցկացնում, եղբորս երեխաների հետ լավ ժամանակ ենք անցկացնում այդ օրերին: Սիրում եմ երեխաներին նվերներ տալ, պատմել, որ Ձմեռ պապիկն է բերել:

Ինչպե՞ս ես սիրում դիմավորել, անցկացնել տոները:

Ամենահաճելի ժամանակներից են տոնական օրերը: Սիրում եմ Նոր Տարվա  անցուդարձը, միմյանց տուն այցելելը, շնորհավորելը: Ես նույնպես փորձում եմ այցելել մեր հարազատներին, ինձ համար դա հարգանքի դրսեւորում է:

Տոնածառ զարդարել սիրո՞ւմ ես:

Այո, շատ... Ամեն տարի մեր տան տոնածառը ես եմ զարդարում: Տոնածառը տոնական տրամադրություն է հաղորդում տանը:

Ո՞րն է ամենասիրելի ուտեստը տոնական սեղանից:

Բլինչիկ, իմ ամենասիրելի ուտեստն է: Սիրում եմ նաեւ իշլի քյուֆթան եւ սեղանի զարդը՝ խոզի բուդը: Իմ կարծիքով, Նոր տարվա սեղանի յուրաքանչյուր ուտեստ տարվա մյուս օրերի համեմատ յուրահատուկ համով է ստացվում:

Հավատո՞ւմ ես Ամանորի հրաշքին: 

Այո, որովհետեւ հրաշքներ լինում են: Ինձ համար առանձնահատուկ եւ խորհրդանշանական է այդ գիշերվա խորհուրդը: Երբ սրտանց ինչ-որ ցանկություն, նպատակ կամ երազանք ես պահում, այն իրականանում է: Հրաշքը հենց դա է, որովհետեւ սրտանց հավատում ես ու հասնում քո նպատակին: Հրաշքները լինում են եւ այն մարդուց է կախված: Իմ երազանքների մեծ մասը սպորտի հետ է կապված, քանի որ 15 տարի է արդեն մեծ սպորտում եմ:

Եթե հանդիպեիր Ձմեռ պապին...

Շատ ցանկություններ կասեի նրան, բայց, երեւի, կառանձնացնեի գլխավորը, որ խաղաղություն ունենայինք, զինվորները պատվով ծառայեին ու վերադառնային տուն, պատերազմ չլիներ: Ինձ համար կուզեի աշխարհի առաջնության ոսկե մեդալը, որ 2025 թվականին դառնամ աշխարհի չեմպիոն: 

Ո՞րն է քո Նոր տարվա հեքիաթը:

Իմ Նոր տարվա հեքիաթը ընտանեկան միջավայրն է, երբ ընտանիքիս հետ միասին բոլորով դիմավորում ենք Ամանորը, ծնողներս, եղբայր, քույր, հարսիկ, երեխաներ, բոլորն առողջ են եւ սիրով լի: Ինձ համար սա երջանկություն է:

Ի՞նչ նպատակներով եւ երազանքներով ես դիմավորում 2025-ը:

Նոր տարվա գլխավոր նպատակս եւ մեծ երազանքս աշխարհի առաջնությունում հաղթելն է: Մինչեւ աշխարհի առաջնությունն ունենք Եվրոպայի առաջնություն: Կպատրաստվեմ, ամեն ինչ կներդնեմ, որ լավագույնս մասնակցեմ, փորձեմ պահել տիտղոսս, ապա կպայքարեմ իմ գլխավոր նպատակի՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալի համար:

Շնորհավորում եմ բոլորի Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Թող բոլորի տներում 2025 թվականը ուրախության տարի լինի, տխրություն չլինի, խաղաղ երկնքի տակ ապրենք, զինվորներն էլ առողջ վերադառնան իրենց ընտանիքներին:  

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News


  • Latest news