NEWS.am Sport-ը ներկայացնում է «Նոր Տարվա հեքիաթ» հարցազրույցների շարք, որտեղ մրցաշրջան-2024-ում հայկական սպորտի մեծ նվաճումներ ունեցած աստղերը պատմում են ձեռքբերումների, մեծ հաղթանակների, ցավալի ձախողումների, Ամանորի եւ մանկական հիշողությունների մասին:
Շարքի այսօրվա հերոսը Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, Տոկիո-2020 բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի քառակի գավաթակիր, սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի առաջատար եւ ավագ Արթուր Դավթյանն է:
Մարմնամարզիկ, երկու երեխաների հայր Արթուր Դավթյանը մրցաշրջան-2024-ում նոր պատմական արդյունք գրանցեց անկախ Հայաստանի մարմնամարզության պատմության մեջ. 32-ամյա մարզիկը Հայաստանի երկրորդ օլիմպիական մեդալը նվաճեց Փարիզի Օլիմպիական խաղերում՝ դառնալով արծաթե մեդալակիր:
Ապրիլին Իտալիայում անցկացված Եվրոպայի առաջնությունում նույնպես երկրորդն էր՝ այս անգամ բավարարվելով փոխչեմպիոնի կոչումով: 2024-ում Արթուր Դավթյանը հաղթեց աշխարհի գավաթի բոլոր փուլերում, պահպանեց առաջատարի դիրքերը նաեւ միջազգային տարբեր մրցաշարերում, տարեվերջում էլ ընդգրկվեց տարվա լավագույն մարզիկների եռյակում:
Արթուր, ինչպիսի՞ն ստացվեց օլիմպիական 2024-ը քեզ համար:
Ընդհանուր առմամբ, 2024 թվականին գրանցած արդյունքներիցս գոհ եմ, որովհետեւ օլիմպիական տարի էր, ես մեդալ նվաճեցի: Արծաթե մեդալն ինձ համար առաջխաղացում էր: Օլիմպիական ոսկի նվաճելու ցանկությունը մեծ էր, բայց մրցավարները որոշեցին, որ ես պետք է երկրորդ տեղը գրավեմ:
Այս տարի ընդհանուր հաշվարկով տասը մեդալ եմ նվաճել՝ օլիմպիական մեդալ, Եվրոպայի առաջնության արծաթե մեդալ, աշխարհի գավաթի երեք փուլերի ոսկե մեդալներ, Վորոնինի գավաթ՝ 5 մեդալ: Մի քանի միջազգային մրցաշարերից էլ վերադարձել եմ մեդալներով: Իսկապես գոհացնող արդյունք է: Լարված տարի էր, բայց ուրախ եմ, որ կարողացել եմ մեդալներ նվաճել Հայաստանի համար:
Վերադառնալով Օլիմպիական խաղերին, ինչի՞ համար ես ափսոսում:
Այն, ինչ կարող էի անել, արել եմ: Չեմ ափսոսում ոչնչի համար, քանի որ ես իմ առավելագույնն եմ արել: Օլիմպիական չեմպիոնի տիտղոսը նվաճած ֆիլիպինցու երկրորդ ցատկը շատ բարձր գնահատեցին: Օլիմպիական խաղեր էր, վերջինն էի մոտենում մեկնարկին, արդեն գիտեի, թե ով, ինչ գնահատական է ստացել: Կար լարվածություն: Ամեն դեպքում ինձ համար կարեւորում եմ այն, որ Տոկիո-2020-ի համեմատ արդյունքս բարելավեցի՝ բրոնզից արծաթ:
Այս Օլիմպիական խաղերում լարվածությունը, պատասխանատվությունը մեծ էր: Միայն ես չէի սպասում ոսկե մեդալի, շատերն էին ինձ հավատում: Ես ինքս էլ ինձանից պահանջում էի, որ ոսկե մեդալ պետք է լինի: Այն տարիքում էի, որ ամենալավ ժամանակն էր օլիմպիական ոսկե մեդալ նվաճելու համար: Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերում արդեն կլինեմ 36 տարեկան եւ չեմ կարող ասել, թե ինչպես կստացվի, վարկանիշ կունենամ, թե ոչ, երիտասարդների հետ պայքարն ինչպես կլինի, քանի որ գնալով ուժեղանում են: Ինձ համար սա հարմար տարիքն էր, բայց չստացվեց:
Օլիմպիական արծաթե մեդալը նոր մոտիվացիա տվե՞ց Լոս Անջելես-2028-ի ոսկու համար:
Այսպես մեկնաբանեմ՝ այնպիսի տպավորություն է, ասես՝ աստիճաններով բարձրանում ենք: Լավ է, որ այսպես է: Օլիմպիական խաղերում երրորդն էի, հետո երկրորդը եւ տրամաբանորեն պետք է լինի նաեւ առաջինը: Կա ձգտում, որ ունենամ նաեւ ոսկե մեդալ, հետո նոր մտածեմ մարզական կարիերաս ավարտելու մասին: Այո, իսկապես այս ճանապարհը մղում է դեպի հաջորդ Օլիմպիական խաղեր եւ արդեն ոսկե մեդալի: Արծաթե մեդալը մոտիվացնում է Լոս Անջելես-2028-ի ոսկու համար:
Եվրոպայի առաջնությունում երկրորդն էիր: Ի՞նչը պակասեց ոսկու համար:
Եթե Օլիմպիական խաղերում մրցավարներն այդպես որոշեցին, որ ինձ ցածր պետք է նշանակեն, Եվրոպայի առաջնությունում արծաթե մեդալակիր դարձա իմ սխալի պատճառով: Իտալիայում անցկացված առաջնությունում եզրափակիչում երկրորդ ցատկս լավ չկատարեցի: Ես այստեղ իմ մեղավորությունն ունեմ, որովհետեւ նորմալ չկատարեցի երկրորդ ցատկս:
Ո՞րն է տարվա ամենամեծ հաղթանակդ:
Փարիզի Օլիմպիական խաղերի մեդալն եմ մեծ հաղթանակ համարում:
Իսկ ձախողու՞մ:
Ձախողումս Եվրոպայի առաջնության արծաթե մեդալն է, քանի որ իմ պատճառով չեմպիոն չդարձա:
Կատարված երազա՞նքը...
Օլիմպիական մեդալը կնշեմ:
Չկատարված երազանքը...
Ոսկե մեդալ չնվաճելը:
Ամենահիշարժան օրը...
Մեկ օր չեմ նշի, այլ մի քանի օր. խոսքը Օլիմպիական խաղերի օրերի մասին է: Ինչեւէ, ես մի քայլով բարձրացրի իմ արդյունքը եւ այդ օրերն իսկապես հիշարժան են ինձ համար: Միեւնույն է, 2024 թվականը մշտապես կհիշվի իմ կյանքում, քանի որ ես դարձա օլիմպիական փոխչեմպիոն:
Վերջերս դուստրդ ոսկե մեդալ նվաճեց լողի մրցումներում: Ի՞նչ զգացողություններ ունեցար նրա փոքրիկ հաղթանակով:
Իմ հաղթանակների կողքին սա երեւի ամենատպավորիչ հաղթանակն էր իմ կյանքում: Դստերս մեդալը լիովին այլ զգացողություն էր, հպարտություն էր, անբացատրելի զգացողություն էր: Ինձ, երեւի, կհասկանա այն ծնողը, ում երեխան թեկուզ փոքրիկ հաջողության է հասել: Սա շատ փոքր մրցում էր, մարզադպրոցի մրցում էր, անհամեմատելի այն մրցաշարերի հետ, որոնց մենք ենք մասնակցում, բայց ինձ անչափ հաճելի էր: Իմ հաղթանակները իմ անձնական չարչարաքներն են, մեր երկրի պատիվն են, իսկ սա իմ երեխայի հաղթանակն է, իմն է:
Ի՞նչ մտքերով ես ճանապարհում տարին:
Դրական մտքերով եւ լիցքերով եմ ճանապարհում: Ինձ համար հաջողակ տարի էր եւ գոհ եմ այն ամենից, ինչ ունեմ եւ ինչին կարողացա հասնել:
Ի՞նչ ամանորյա հիշողություններ ունես մանկության տարիներից...
Առաջին հիշողություններս Ամանորի գիշերվա հրավառություններն են: Մանկությանս մի մասն անցել է Ռոստով քաղաքում: Այնտեղ կեսգիշերին այնպիսի շքեղ հրավառություններ էին լինում, անհամբեր սպասում էինք, որ Նոր տարին գա, վազենք դուրս ու հետեւենք հրավառություններին, շատ սիրուն էր, տպավորիչ:
Մի դրվագ եմ հիշում, թե ինչպես պարզեցի, որ Ձմեռ պապին ծնողներն են: Հիշում եմ, որ Ամանորի գիշերը տանն էինք, եղբայրներով սեղանի տակն էինք թաքնվել, խաղում էինք: Այդ պահին հորեղբայրս տանից դուրս եկավ, խաղալիքները դրեց դռան առջեւ զանգը տվեց եւ փախավ: 6-7 տարեկան էի: Մենք տեսանք, որ նա դրեց ու փախավ, ասացինք իրեն, որ տեսել ենք, ինքն է դրել նվերները, իսկ նա ժխտում էր: Այդ հիշողությունն է գալիս մտքիս:
Եթե հանդիպեիր Ձմեռ պապին...
Եթե իրականում լիներ ու տեսնեի, օլիմպիական ոսկե մեդալ կուզեի (ծիծաղում է): Իսկ ավելի լուրջ, կասեի, որ երեխաներին լիքը խաղալիքներ բերեր, որպեսզի աշխարհի բոլոր երեխաներն ուրախանային:
Ո՞րն է քո Նոր տարվա հեքիաթը:
Ինձ համար Նոր տարվա հեքիաթը երեխաներիս նվերներ տալու պահն է, նրանց ուրախությանը հետեւելը, ընտանիքիս հետ Նոր տարին դիմավորելը: 2020 թվականից հետո ես Նոր տարի, որպես այդպիսին, չեմ նշում: Միայն կեսգիշերին կնոջս հետ շամպայն ենք բացում, Ձմեռ պապիկն իր նվերներն է հանձնում դուստրերիս, նրանց հետ ուրախանում ենք, հետո ես անջատում եմ հեռախոսս եւ գնում քնելու: Գուցե կողքից ձանձրալի թվա, բայց իսկապես ես 2020 թվականից հետո այլեւս չեմ ուրախանում Նոր տարուն, չեմ նշում այնպես, ինչպես նախկինում էի անում: Մեր երկրում այնքան էլ ուրախանալու փաստ չկա: Երբ տեսնես՝ երկիրդ ուժեղ է, պարտված չի, կայուն է, դու քեզ ապահով ես զգում քո երկրում, այդ ժամանակ նոր կուրախանանք, հրավառություն կանենք, կնշենք:
Շնորհավորում եմ բոլորիս Նոր տարին: Ամենակարեւորը խաղաղություն լինի մեր երկրում, ուժեղ ու ապահով երկրում ապրենք:
Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:06 , 1 հոկտեմբերի
23:10 , 30 սեպտեմբերի 
22:42 , 30 սեպտեմբերի
22:03 , 30 սեպտեմբերի
21:02 , 30 սեպտեմբերի
20:28 , 30 սեպտեմբերի
20:13 , 30 սեպտեմբերի 
19:23 , 30 սեպտեմբերի
19:11 , 30 սեպտեմբերի
18:47 , 30 սեպտեմբերի