09:08  ,  1 հունվարի, 2025

Վահան Բիչախչյան․ Ամեն ինչ կանենք, որ 2025-ում ունենանք շատ հաղթանակներ, ցնծության պահեր

Վահան Բիչախչյան․ Ամեն ինչ կանենք, որ 2025-ում ունենանք շատ հաղթանակներ, ցնծության պահեր

Նոր Տարին ինձ համար ասոցացվում է տուն գալու, Հայաստան վերադառնալու հետ, այդ պատճառով շատ սիրված է ու սպասված: Իմ Նոր Տարվա հեքիաթն իմ ընտանիքն է, ընտանեկան միջավայրում բոլորի հետ միասին տանը դիմավորելը: Մեր հավաքականն ի զորու է պայքարել լուրջ ու բարձր արդյունքների համար, պետք է սխալները չկրկնել: Ամեն ինչ կանենք, որ 2025-ում ունենանք շատ հաղթանակներ, ցնծության պահեր:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ֆուտբոլի Հայաստանի հավաքականի եւ լեհական «Պոգոնի» կիսապաշտպան, գյումրեցի Վահան Բիչախչյանը:

2024 թվականին նա Հայաստանի հավաքականի կազմում 10  հանդիպում է անցկացրել, դարձել 2 գոլի հեղինակ: Բիչախյանը գոլի հեղինակ է դարձել հունիսի 7-ին Երեւանում Ղազախստանի թիմի հետ անցկացված ընկերական խաղում, որտեղ ազգային հավաքականը առավելության հասավ 2:1 հաշվով: Ազգերի լիգայի առաջին տուրում սեպտեմբերի 7-ին Լատվիայի հետ տնային խաղում է դարձել գոլի հեղինակ, որտեղ Հայաստանի հավաքականը հաղթեց 4:1 հաշվով:

Վահան Բիչախչյանը տոնական օրերին Գյումրիում է, եկել է Հայաստան ընտանիքի հետ Ամանորը նշելու: Հավաքականի կիսապաշտպանն ամփոփել է 2024 թվականը, խոսել ազգային հավաքականի խնդիրների, նոր մարզիչի հետ կապված հույսերի, Նոր Տարին Գյումրիում նշելու եւ մանկության հուշերի մասին:

Վահան, սկզբում կցանկանայի՝ ամփոփեինք 2024 թվականը: Ինչպիսի՞ն ստացվեց տարին Ձեզ համար: Ինչպե՞ս կգնահատեք տարին Հայաստանի հավաքականի համար:

Այն ցանկություններն ու նպատակները, որոնք ունեի իմ առջեւ դրած, որոշ չափով տեղի ունեցան, բայց չեմ կարող գոհ լինել այս տարվանից եւ ավելի կոնկրետ ինձանից, քանի որ սպասելիքներս ավելի շատ էին: Լավ պահեր նույնպես եղան, ունեցանք հաղթանակներ, լավ խաղեր: Կարող էր ավելի լավ լինել: Հուսամ, այն ինչը չստացվեց 2024-ում, մեզ կօգնի դասեր քաղել ու շատ մեծ փորձ ձեռք բերել՝ հաջորդ տարում չկրկնելու համար սխալները: Պետք է փորձել այնպես անել, որ հաջորդ տարին լինի ավելի լավը, քան այս տարի էր:

Այս տեսանկյունից տարվա ընթացքում ի՞նչն ուրախացրեց եւ ի՞նչը տխրեցրեց Ձեզ, որպես հավաքականի անդամ:

Հավաքականում չունեցանք կայունություն: Ունեցանք լավ խաղեր, հետո հաջորդեցին վատ խաղերը, իսկ ֆուտբոլում այդպիսի վայրիվերումները խնդրի առաջ են կանգնեցնում: Վերջին հաղթանակը լատվիացիների դեմ հույսեր տվեց, որպեսզի կարողանանք 2025-ը մոտիվացիայով, մեծ ցանկությամբ եւ  ավելի լավ տրամադրությամբ սկսել: Այն սխալները, որոնք կատարել ենք 2024-ում, թող դաս լինի, որպեսզի նոր տարում ավելի հասուն, փորձառու եւ ավելի լավ տեսքով հանդես գանք:

Հայաստանի հավաքականի նոր գլխավոր մարզիչը հայտնի կդառնա հունվարին: Ինչպիսի՞ մարզիչ կուզենաս տեսնել հավաքականի ղեկին:

Կուզենամ տեսնել այնպիսի մարզիչ, որը կհասկանա, թե ուր է գալիս, ինչի համար է գալիս եւ կստեղծի այնպիսի միջավայր, որն ավելի մեծ ցանկությամբ կպայքարի: Չեմ կարող ասել, թե չենք պայքարում կամ չենք պայքարել երբեք, բայց այնպիսի մարզիչ կուզեմ լինի, որ կգտնի այն խոսքերն ու ձեւը, որով կկարողանանք հաջողության հասնել: Մթնոլորտն այնպիսին պետք է լինի, որ այն, ինչ տա մեզ մարզիչը, հավատալով նրան, կրկնապատիկը վերադարձնենք: Շատ կարեւոր է, որ մարզիչն իմանա, թե ուր է գալիս, համախմբի բոլորիս մեկ նպատակի շուրջ, համախմբվենք որպես թիմ: Թիմը միայն մարզիչն ու ֆուտբոլիստները չեն, նաեւ երկրպագուներն են: Եթե բոլորս միասին հավատանք մեր ուժերին, կշարժվենք առաջ: Ճիշտ է՝ դժվար է լինելու, բայց պետք է հաղթահարենք այդ դժվարությունները: Ֆուտբոլում եւ, առհասարակ, սպորտում հեշտ ճանապարհ չկա: Պետք է համախմբվել, տարիների փորձից, կրած պարտություններից ճիշտ դասեր քաղել եւ փորձել չկրկնել սխալները, որոնք միշտ արել ենք: Իմ կարծիքով հիմնական խնդիրը այստեղ է՝  չկրկնել անցյալի սխալները, որպեսզի կարողանալ քայլ առաջ անել: Մեր այսօրվա հավաքականն ի զորու է պայքարել լուրջ ու բարձր արդյունքների համար:

Երկրպագուների սպասելիքները, հույզերը նույնպես վայրիվերումներով ստացվեցին՝ ցնծություններ, խորը հիասթափություններ, քննադատություններ: Որքանո՞վ է այս ամենն անդրադառնում հավաքականի վրա: Ի՞նչ խոսքերով կդիմեիք երկրպագուներին:  

Չեմ սիրում խոստումներ տալ, բայց ուզում եմ խոսքս ուղղել այն երկրպագուներին, որոնք հոգով-սրտով աջակցում են մեզ, լավ ու վատ պահերին մեր կողքին են: Մենք զգում ենք նրանց ներկայությունը, աջակցությունը, այն հույզերն ու ապրումները, որոնք ունենում են: Մենք խաղում ենք ամբողջ ազգի համար, նաեւ բոլոր նրանց, ովքեր ի սրտե մեր կողքին են: Պարտություններից, չստացված խաղերից հետո, մեզ համար էլ կրկնակի-եռակի դժվար է, որովհետեւ գիտակցում ենք՝ երկրպագուներն ապրում են մեզանով, մեր հավաքականով ու թե որքան ցանկություն ու երազանք ունեն մեզ հետ կապված: Ես ասում եմ իմ անունից, մեծ հույս ունեմ, որ իմ կարծիքը կկիսեն նաեւ հավաքականի մյուս անդամները՝ ամեն ինչ կանենք, որպեսզի 2025-ում ունենանք շատ հաղթանակներ, ցնծության պահեր: Ֆուտբոլն առանց նրանց  իմաստ չէր ունենա: Ամեն ինչ կանենք, որ որքան հնարավոր է՝ շատ հաղթանակներ, ժպիտներ ու երջանիկ պահեր պարգեւենք մեր երկրպագուներին: 

Ինչպիսի՞ն էր տարին ակումբային կարիերայում՝ «Պոգոնում»:

Ակումբի համար շատ ծանր տարի ստացվեց 2024-ը: Շատ մոտ էինք պատմական հաղթանակին: Գավաթի եզրափակիչում ցավալի պարտություն ունեցանք, որը հոգեբանորեն շատ մեծ ազդեցություն ունեցավ թիմի եւ ակումբի վրա: Դրանից հետո թիմը մի փոքր չգտավ իրեն, դժվար շրջան անցանք, երկար ժամանակ տրվեց, որպեսզի վերականգնվենք պարտությունից: Նոր առաջնության առաջին շրջանը նույնպես լավ չստացվեց թիմի համար: Պետք է փորձենք շտկել այս իրավիճակը: Ամեն դեպքում պարտությունները սպորտի մի մասն են, պետք է դասեր քաղել եւ փորձել ավելի լավ արդյունքների հասնել:

Լեհական ակումբում պայմանագրիս ժամկետը լրանում է կես տարուց: Դեռ չեմ մտածել, թե ինչ պետք է անեմ: Եթե լինի այնպիսի առաջարկություն, որը գտնեմ ճիշտ ու իմ կարիերայում քայլ առաջ է, կցանկացանամ կատարել այդ հաջորդ քայլը: 

Ո՞րն է 2024-ի ամենահիշարժան օրը...

Ինձ համար հիշարժան են բոլոր օրերը, երբ ազգային հավաքականը հաղթանակներ է տարել: Կառանձնացնեմ վերջին խաղում տարած հաղթանակը Լատվիայի հավաքականի նկատմամբ: Նոյեմբերի 17-ին Ռիգայում տարվա վերջին խաղում 2:1 հաշվով հաղթեցինք Լատվիայի թիմին:

Ի՞նչ մտքերով եք ճանապարհում 2024-ը:

Մտերքս շատ են: Տարին ճանապարհում եմ 2024-ից դասեր քաղելու մտքերով, իսկ այն, ինչ ստացվել է մեզ մոտ, ավելի բարելավելու նպատակով:

Սիրո՞ւմ եք Նոր տարին, տոնական օրերը:

Նոր տարին ինձ համար միշտ ասոցացվում է տուն գալու, Հայաստան վերադառնալու հետ: Այս առումով շատ սպասված է Նոր տարին ինձ համար, քանի որ իմ հայրենիքում, Գյումրիում, տանն եմ գտնում հանգստությունս՝ ծնողներիս, հարազատներիս, ընկերներիս շրջապատում: Երբ տարվա ընթացքում երկար հեռու լինում ընտանիքից, տնից, շատ ես սպասում, թե երբ է գալու Նոր տարին, որպեսի վերադառնաս, դու էլ միանաս այդ տոնական աժիոտաժին, ընտանիքիդ կարոտն առնես, հանդիպես ընկերներիդ: Ճիշտ է, ժամանակս շատ քիչ է, բայց փորձում եմ առավելագույնը քաղել այդ օրերից, ժամերից, որպեսզի նոր ուժով վերադառնամ մարզումներիս: Սպորտում ոչ միայն ֆիզիկապես պետք է վերականգնվես, շատ կարեւոր է նաեւ հոգեպես վերականգնվելը, ինչն օգնում է հարազատների միջավայրում գտնվելը:

Ինչպե՞ս եք սիրում դիմավորել, անցկացնել տոները:

Ես միշտ իմ հարազատ քաղաքում՝ Գյումրիում եմ դիմավորում Նոր տարին: Շատ կարճ ժամանակով եմ լինում, բայց կարեւորում եմ Նոր տարին ընտանիքիս հետ տանը դիմավորելը: Այն ժամանակը, որը լինելով հեռու խլում եմ ծնողներիցս, հարազատներիցս, ընկերներիցս ամբողջ տարվա ընթացքում, փորձում եմ այս օրերին լրացնել: Եթե նույնիսկ մի քանի օր, ժամ ազատ ժամանակ եմ ունենում, ինձ միշտ ձգում է քաղաքս, այստեղի օդը, տրամադրությունը: Այստեղ ես ինձ ավելի լավ եմ զգում:

Նոր տարին դիմավորում ենք հայկական ավանդական ձեւով՝ տատիկիս, պապիկիս, ծնողներիս, քույրիկիս հետ միասին տանը: Այս տարի էլ բացառություն չի, միասին նշելու ենք եւ հունվարի 1-ին մեկնելու եմ Լեհաստան: Փորձում եմ հնարավորության սահմաններում հասցնել նաեւ բարեկամներին այցելել, շնորհավորել:

Ի՞նչ հիշողություններ ունեք մանկության տարիներից Ամանորից...

Շատ հետաքրքիր է անցել իմ մանկությունը: Ջերմ հիշողություններ ունեմ: Գյումրիում միշտ շատ հետաքրքիր է անցել Նոր տարին: Այն ժամանակ մեր շենքում շատ երեխաներ կային: Նոր տարվա գիշերը միշտ շատ մեծ հրավառություններ էին լինում: Երեխաներով երեկոյան ժամը 8-ից սկսում էինք «սալյուտներ» պայթեցնել: Այդ ժամից սկսվում էր դուրս ու ներս անելը, ընկերներով անդադար պայթեցնում էինք: Ես այդ ամենի գլխավոր դերում էի (ծիծաղում է): Հետո անհամբեր սպասում էինք ժամը 12-ին, որպեսզի հետեւեինք արդեն մեծ հրավառությանը: Ես միշտ շատ եմ սիրել հենց դեկտեմբերի 31-ի գիշերը: Հունվարի 1-2-3 ավելի շատ պասիվ ժամանակ էի անցկացնում:

Տոնածառ զարդարել սիրո՞ւմ եք:

Տոնածառ զարդարում են մայրիկս եւ քույրիկս, ամեն ինչ անում են իրենց դիզայնով: Ես օգնում եմ գնումների հարցով:

Ո՞րն է Ձեր ամենասիրելի ուտեստը տոնական սեղանից:

Ամենասիրելի ուտեստս բլինչիկն է եւ խաղողի թփով տոլման:

Հավատո՞ւմ եք Ամանորի գիշերվա հրաշքին: 

Հավատում եմ հրաշքներին: Ամանորի գիշերը նոր սկզբի զգացողություն է պատում ինձ ու նոր նպատակներ եմ դնում իմ առջեւ:

Եթե հանդիպեիք Ձմեռ պապին...

Ձմեռ պապից կուզեի, որ 2025-ը խաղաղ տարի լիներ, մարդիկ էլ լինեին առողջ ու բարի:

Ո՞րն է Նոր տարվա «հեքիաթը» Ձեզ համար:

Իմ Նոր տարվա հեքիաթն իմ ընտանիքն է, ընտանեկան միջավայրում բոլորի հետ միասին տանը դիմավորելը: Ինձ համար ամենակարեւորն իմ ընտանիքն է: Հնարավորության սահմաններում ժամանակիս մեծ մասը տրամադրում եմ նրանց ու կարեւորում եմ նրանց կողքին լինելը:

Շնորհավորում եմ բոլորի Ամանորն ու Սուրբ Ծնունդը: 2025-ը թող լինի հաջողությունների ու նոր հաղթանակների տարի: Մեր երկիրը խաղաղ լինի, ավելանանք, չպակասենք, մարդիկ լինեն բարի եւ օգնող: Ինձ համար շատ կարեւոր են այս արժեքները, փոքր ազգ ենք, մեծ սրտով:

Լուսինե Շահբազյան

Լուսանկարը՝ Էմմա Ասատրյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News