Մինչեւ այս պահը չեմ հավատում, որ աշխարհի առաջնության մեդալակիր եմ: Անչափ ուրախ եմ, որ կանանց պայքարում 15 տարվա դադարից հետո հենց ես կարողացա մեդալ բերել Հայաստանին: Փորձում եմ նաեւ մոռանալ. չեմ ցանկանում այդ հույզերով ապրել, որ հաջողություններիս վերջը չլինի: Այնքան լավ զգացողություն է, երբ չես հավատում, որ մեդալ կնվաճես ու նվաճում ես:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Բահրեյնից ասաց աշխարհի առաջնության բրոնզե մեդալ նվաճած, Եվրոպայի չեմպիոն, 55 կգ քաշային 19-ամյա գյումրեցի Ալեքսանդրա Գրիգորյանը:
Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Ալեքսանդրա Գրիգորյանը երկամարտի 205 կգ արդյունքով իր մարզական կարիերայում առաջին անգամ նվաճեց բրոնզե մեդալ, պոկում վարժությունում 120 կգ արդյունքով ահմանեց Եվրոպայի երիտասարդների ռեկորդ եւ նվաճեց փոքր արծաթե մեդալ:
Նախորդ անգամ աշխարհի առաջնությունում կանանց պայքարում Հայաստանը մեդալ էր նվաճել 2009 թվականին: Հարավային Կորեայում անցկացված առաջնությունում 69 կգ քաշայինների պայքարում Նազիկ Ավդալյանը նվաճել էր չեմպիոնի տիտիղոսը՝ դառնալով Հայաստանի առաջին կին աշխարհի չեմպիոնը:
Ալեքսանդրա, շնորհավորում եմ աշխարհի առաջնությունում առաջին մեդալիդ կապակցությամբ: Սպասո՞ւմ էիր, հավատո՞ւմ էիր, որ կկարողանաս մեդալակիր դառնալ աշխարհի ուժեղագույնների պայքարում:
Շնորհակալ եմ շնորհավորանքի համար: Շատ ուրախ եմ, որ մեծահասակների պայքարում մեդալակիր դարձա: Շատ լավ է ինձ համար այս արդյունքը: Գոհ եմ իմ մասնակցությունից, քանի որ մեդալակիր դարձա, բայց գոհ չեմ պոկում վարժության արդյունքիցս: Լավ չստացվեց, որովհետեւ շատ դժվար էր: Բոլորն էլ շատ ուժեղ էին: Սա իմ երկրորդ փորձն էր մեծահասակների աշխարհի առաջնությունում: Անցած տարի 7-րդն էի: Անչափ ուրախ եմ նաեւ, որ կանանց պայքարում 15 տարվա դադարից հետո հենց ես կարողացա մեդալ բերել Հայաստանին աշխարհի առաջնությունում:
Պոկում վարժությունում մի փոքր անվստահ էիր, 12-րդ տեղում ավարտեցիր պայքարը: Ի՞նչը պակասեց այս վարժությունում:
Չստացվեց: Քիչ բարձրացրի: Մարզումներին 90 կգ պոկել էի: Մրցաշարերի ժամանակ միշտ այդպես է լինում՝ պոկումը վատ է ստացվում, իսկ հրումում ինձ միշտ լավ եմ զգում: Երեւի դա է իմ հնարավորությունը, որ իմանամ՝ ուժեղ եմ: Պետք է աշխատեմ, որ առաջին վարժությունում էլ ուժեղանամ: Այդպես ավելի հեշտ մեդալ կնվաճեմ:
Ի՞նչն օգնեց 12-րդ տեղից հետո հավաքվել եւ հավատալ հաջողությանը:
Գիտեի, որ հրում վարժությունում 120 կգ-ն Եվրոպայի երիտասարդների ռեկորդ է: Մտածում էի, որ եթե նույնիսկ 120 կգ հրեմ, մեդալ չեմ նվաճելու, անհնար էր: Գնացի 120 կգ-ի միայն ռեկորդ անելու համար: Ինձ համար գնացի, որ թեկուզ միայն ռեկորդն անեմ, որ գոնե դա ունենայի այս առաջնությունում: Արդյունքում՝ որոշումս ինձ մեդալ պարգեւեց, նաեւ ռեկորդ սահմանեցի:
205 կգ երկամարտի արդյունքն իմ ուժերի սահմաններում էր, մարզումներին արել էի, շատ էլ էի բարձրացրել: Նախկինում մրցումներին ամենաշատը 200 կգ արդյունք էի ցույց տվել: Այստեղ պոկում վարժությունից հետո չէի մտածում, որ վերջնարդյունքս 205 կլինի եւ մեդալ կնվաճեմ:
Երկրորդ փորձդ էր մեծահասակների աշխարհի առաջնությունում: Լարվածություն կա՞ր:
Կարծես՝ արդեն սովորած լինեմ մրցապայքարին, մրցումներին մասնակցելուն: Այդքան էլ լարված չէի: Աշխարհի առաջնությունն այս տարվա չորրորդ մրցաշարս էր: Որքան շատ մրցաշարերի եմ մասնակցում, այնքան սովորում եմ այդ իրավիճակին եւ գնալով լարվածությունը պակասում է:
Առաջին անգամ էիր կանգնում աշխարհի առաջնության պատվո հարթակին: Ի՞նչ զգացողություններ ապրեցիր:
Մի քիչ անհավանական էր: Մինչեւ հիմա կարծես՝ չեմ հավատում, որ ես աշխարհի առաջնության մեդալակիր եմ: Փորձում եմ նաեւ մոռանալ. չեմ ցանկանում այդ հույզերով ապրել, որ հաջողություններիս վերջը չլինի, այլ՝ սկիզբը: Այնքան լավ զգացողություն է, երբ չես հավատում, որ մեդալ կնվաճես ու նվաճում ես:
Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը քեզ ավելի շատ ուրախացրե՞ց, թե՞ աշխարհի բրոնզը:
Աշխարհի առաջնությունը բարդ է: Ուժեղագույնների հետ պայքարում մեդալ նվաճելն ավելի դժվար է, այդ պատճառով ուրախությունն ավելի մեծ է: Այս առաջնությունն այդ առումով ավելի տպավորիչ ստացվեց ինձ համար, որովհետեւ մեդալի հույս չունեի: Այս նույն իրավիճակը եղել է նաեւ Եվրոպայի առաջնությունում: Մեդալի հետեւից էի գնացել, բայց չեմպիոն դառնալու հույս չունեի: Այդ ժամանակ էլ պոկում վարժությունը վատ ստացվեց: Այստեղ էլ չէի հավատում, բայց դարձա չեմպիոն: Ամեն դեպքում՝ աշխարհի առաջնությունը շատ ուժեղ մրցաշար է եւ, կարեւոր չի, դու Եվրոպայի չեմպիոն ես, թե չէ: Մեդալ նվաճելը շատ բարդ է:
Բոլոր մրցաշարերում ուրախանում եմ, եթե արդյունք եմ անում: Երբեմն ուրախանում եմ նաեւ նրա համար, որ մարզումներում ցույց տված արդյունքներից թեկուզ մեկ կիլոգրամ ավել եմ անում: Դրանից ոգեւորվում եմ, ուրեմն՝ ուժեղանում եմ: Որքան ուժեղանամ, այնքան մեծերի պայքարում ավելի հեշտ կլինի: Ես պայքարել շատ եմ սիրում: Հեշտ մրցումներ, հեշտ նվաճած մեդալներն ինձ չեն ուրախացնում:
Մրցահարթակում ո՞ւմ հետ ես պայքարում՝ քե՞զ հետ, թե՞ ծանրաձողի: Ինչպե՞ս ես քեզ մոտիվացնում:
Երկուսի հետ էլ կռիվ եմ տալիս, ինձ հետ էլ, ծանրաձողի հետ էլ: Եթե ավելի ուշադիր լինեք, լսվում է, թե ինչպես եմ ինձ գոտեպնդում բարձրաձայն: Դա այնպիսի պահ է՝ ինքս էլ չեմ հասկանում, որ բարձրաձայն եմ ինձ հետ խոսում: Լավ է, որ ոչ ոք չի հասկանում, թե ինչ եմ ինձ ասում (ծիծաղում է):
Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
19:07 , 27 օգոստոսի 
18:01 , 27 օգոստոսի
17:04 , 27 օգոստոսի
16:05 , 27 օգոստոսի 
15:04 , 27 օգոստոսի
14:02 , 27 օգոստոսի
13:03 , 27 օգոստոսի 
12:32 , 27 օգոստոսի
12:01 , 27 օգոստոսի 
11:04 , 27 օգոստոսի