Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի Մ12 պատանիների եւ աղջիկների առաջնությունում Հայաստանն ունեցել է 14 մասնակից: Թիմի հետ մրցավայրում աշխատել է Հայաստանի հավաքականի նախկին խաղացող, գրոսմայստեր Արթուր Չիբուխչյանը:
NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում մարզիչն ամփոփել է արդյունքները։
«Վերջին մրցաշարում մեր արդյունքները լավ չէին: Երեխաները պատրաստ չէին: Մենք էլ գիտեինք, որ պատրաստ չէին, մի քիչ էլ բախտը մեզ չժպտաց:
12 տարեկանների պայքարում Տիգրան Համբարձումյանը հնարավորություն ուներ մեդալ նվաճել, մոտեցել էր, բայց վերջին երկու տուրերում պարտվեց:
8 տարեկանների պայքարում Սոֆիա Բաղրամյանը նաեւ շանս ուներ, բայց նա նույնպես պարտվեց: Երեւում էր, որ զիջում էր, բոլորն էլ զիջում էին:
Աշխարհի առաջնությունը բավականին բարդ էր: Թիմի ընդհանուր պատրաստությունը թույլ էր, չէր համապատասխանում աշխարհի առաջնությանը:
Անցած տարիներին լավ արդյունքներ ենք ունեցել: Էական չէր, թե մեր երեխաների սկզբնական գործակիցներն ինչքան էին, լավ էին հանդես գալիս: Այս տարի մի քանի հոգի ունեինք, որ տարիքով փոքր էին, բայց խաղում էին իրենցից մեծերի հետ, ինչը մեծ առավելություն էր: Ունենք 4-5 լավ երեխա: Պետք է աշխատենք առավելագույնս օգտագործել նրանց հնարավորությունները:
Եվրոպայի առաջնությանը ուրիշ ձեւ ենք պատրաստվում, բայց աշխարհի առաջնությունում զիջում ենք: Շատ եվրոպական երկրներ են զիջում աշխարհի առաջնությունում:
Ասիական երկրներն այդ տարիքային խմբերում ավելի պատրաստ են: Կարծում եմ՝ մեր երեխաները, որոնք մասնակցեցին աշխարհի առաջնությանը, հասկացան՝ ինչ ծավալի եւ մեծ ճանապարհ պետք է անցնեն: Հնդկաստանից, Չինաստանից բացի, արդեն նաեւ Մոնղոլիան, Վիետնամը, Ղազախստանը, Ուզբեկստանը ավելի պրոֆեսիոնալ են եւ լուրջ մրցակցություն են ապահովում այս տարիքային խմբում: Գուցե այդ երկրներից 1-2 ընդգծված երեխաներ են, որոնց հետ մեծ աշխատանք է տարվում: Մենք էլ ունենք այդպիսի լավ երեխաներ, ուղղակի պետք է ճիշտ աշխատել նրանց հետ:
Շատ մեծ դեր ունեն մարզիչները, ծնողները եւ երեխաները: Բոլորն էլ կարեւոր են: Շատ կարեւոր է ոչ միայն մարզչական աշխատանքը, նաեւ երեխաների հոգեբանական, ֆիզիկական պատրաստվածությունը:
Մասնավորապես, աշխարհի առաջնությունը հոգեբանական առումով շատ լարված է ստացվում այն երեխայի համար, որը մեդալային պայքարում է: Միայն աշխարհի առաջնության վրա չպետք է կենտրոնանալ: Տարվա ընթացքում շատ են մրցաշարերը, որոնց բոլորին մեր պատանիները պետք է պատշաճ պատրաստվեն»,- նշեց Արթուր Չիբուխչյանը:
Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

02:25 , 12 սեպտեմբերի 
00:03 , 12 սեպտեմբերի
23:15 , 11 սեպտեմբերի
22:11 , 11 սեպտեմբերի
21:49 , 11 սեպտեմբերի 
20:53 , 11 սեպտեմբերի 
20:37 , 11 սեպտեմբերի
20:03 , 11 սեպտեմբերի
19:47 , 11 սեպտեմբերի
19:07 , 11 սեպտեմբերի