Այն սերունդը, որը գալիս է ծանրամարտի ազգային հավաքականի հետեւից, լավ հեռանկարներ ունի: Ամեն ինչ լավ է լինելու:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ծանրամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը:
Հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 3-ը Լեհաստանի Ռաշին քաղաքում անցկացված ծանրամարտի Եվրոպայի Մ20 եւ Մ23 առաջնություններում Հայաստանի հավաքականը նվաճեց 22 մեդալ, որից 13 ոսկի, 5 արծաթ եւ 4 բրոնզ:
«Այս արդյունքներն ինձ գոհացնում են, բայց ես գնահատական չեմ տալիս իմ աշխատանքին: Ինչպես գնահատեմ ես ինքս ինձ, պետք է հանրությունը գնահատական տա: Այո, տղաները շատ լավ աշխատեցին: Համեմատած անցած տարվա Եվրոպայի առաջնության, մեդալների քանակով զիջում ենք, բայց ոսկե մեդալների քանակով արդյունքները բարելավել ենք: Ինձ համար այս արդյունքն աննախադեպ չի, քանի որ անցած տարի 78 մեդալ էի բերել: Այս տարի մեծ եւ փոքր մեդալները միասին հաշված 61 մեդալ է:
Մինչեւ 23 տարեկանների առաջնությունում թիմային հաշվարկում առաջին տեղում ենք, մինչեւ 20 տարեկանների թիմային հաշվարկում երրորդն ենք, որովհետեւ երկու ծանրորդ զրո ստացավ: Աղջիկները նույնպես հաջող հանդես եկան: Մասնակիցները քիչ էին, քանի որ այս պահին այդքան ծանրորդ ունենք: Հենց այնպես մարդ չէինք տարել աղջիկների կազմում: Լավ կազմով էինք մասնակցում, բոլորն էլ մեդալ նվաճեցին: Թիմային հաշվարկում մինչեւ 23 տարեկանների պայքարում աղջիկները 5-րդն են, մինչեւ 20 տարեկաններում՝ 6-րդը: Մեդալային հաշվարկում աղջիկներն առաջին տեղում եմ:
Մինչեւ 23 տարեկանների մրցապայքարը եւ արդյունքներն ինձ գոհացնում են: Գարիկ Կարապետյանը լավ աշխատեց: Եթե այսպիսի արդյունքներ աներ Օլիմպիական խաղերում, երկրորդ մրցանակակիր կդառնար: Եվրոպայի առաջնությունում դարձավ լավագույն մարզիկ մինչեւ 23-ներում:
Մինչեւ 20 տարեկանները լավ մասնակցեցին: Այս առաջնությունից առաջ մասնակցել էին աշխարհի երիտասարդական առաջնությանը եւ այդքան էլ լավ արդյունքներ ցույց չէին տվել. ընդամենը մեկ մեդալ ունեինք: Աշխարհի առաջնությանը նաեւ քիչ մասնակիցներ ունեինք: Այստեղ նրանց ուշքի բերեցինք եւ լավ մասնակցեցին, վատ չէր: Տղաներից մեկը՝ Նարեկ Մկրտչյանը լավագույն մարզիկ ճանաչվեց:: Աղջիկներից Եվրոպայի առաջնությունում լավագույն մարզիկ ճանաչվեց Ալեքսանդրա Գրրիգորյանը:
Այս սերունդը, որը գալիս է ազգային հավաքականի հետեւից, հեռանկարային է: Արդեն տեսնում եմ 4 տարվա հեռանկարները այս տղաների հետ: Ամեն ինչ լավ է լինելու:
Աղջիկների մոտ էլ տեղաշարժ կա: Շատ լավ հանդես եկան պատանիների եւ երիտասարդների աշխարհի առաջնությունում: Այստեղ՝ Եվրոպայի առաջնությունում իրենք իրենց գերազանցեցին»,- ասաց Փաշիկ Ալավերդյանը:
Փաշիկ Ալավերդյանի գլխավորած մեծահասակների հավաքականն այս շրջանում պատրաստվում է աշխարհի առաջնությանը, որը տեղի է ունենալու դեկտեմբերին:
«Դեկտեմբերի 5-15-ը Բահրեյնում կանցկացվի աշխարհի առաջնությունը: Որքան էլ օլիմպիական տարի էր, մեզ վրա այն չի անդրադառնում, մենք ունենք աշխարհի առաջնություն եւ անցկացվելու է բոլոր 10 քաշային կարգերում: Այսօր արդեն ներկայացրել եմ մեր նախնական հայտը: Կմասնակցենք ամբողջական կազմով, բոլոր տասը քաշերում կունենանք ներկայացուցիչներ: Եթե մինչեւ աշխարհի առաջնության մեկնարկը վնասվածքներ չունենանք, նախնական հայտի նույն կազմը կպահպանվի:
Նոյեմբերի 11-ից թիմը ուսումնամարզական հավաք կսկսի եւ կպատրաստվենք առաջնությանը»,- նշեց Փաշիկ Ալավերդյանը:
Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
11:36 , 11 սեպտեմբերի
11:02 , 11 սեպտեմբերի
10:37 , 11 սեպտեմբերի 
10:16 , 11 սեպտեմբերի
09:54 , 11 սեպտեմբերի
09:07 , 11 սեպտեմբերի 
00:58 , 11 սեպտեմբերի 
23:38 , 10 սեպտեմբերի
22:36 , 10 սեպտեմբերի
21:04 , 10 սեպտեմբերի