Ալեքսանդր Պետրակովը չկարողացավ կայուն խաղ դնել: Սա ձախողում էր: Ցանկացած մարզիչ մի օր երազում է գլխավորել իր երկրի հավաքականը, այդ թվում՝ ես: Չեմ կարող ասել, թե ում եմ տեսնում գլխավոր մարզիչի պաշտոնում, բայց կուզեմ, որ հայ լինի:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան, Հայաստանի մինչեւ 17, 18, 19, 21 տարեկանների հավաքականների նախկին գլխավոր մարզիչ, «Նոա» ֆուտբոլային ակումբի նախկին մարզական տնօրեն Արթուր Ոսկանյանը:
Ազգերի լիգայի չորրորդ տուրի տնային խաղում Հյուսիսային Մակեդոնիայից կրած 0:2 հաշվով պարտութունից եւ ուկրաինացի Ալեքսանդր Պետրակովին գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացնելուց հետո ազգային հավաքականի շուրջ կրքերը չեն հանդարտվում: Ֆուտբոլային հանրությունը բուռն քննարկում է, թե ով է նշանակվելու գլխավոր մարզիչի պաշտոնում, իսկ ֆան-ակումբները միավորվել եւ պահանջում են ՀՖՖ նախագահի եւ ղեկավար կազմի հրաժարականը:
Պարոն Ոսկանյան, ի՞նչպես կգնահատեք հավաքականի վերջին խաղերը, ազգային հավաքականի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները:
Ազգերի լիգայում Հյուսիսային Մակեդոնիայի հետ առաջին խաղը շատ կարեւոր էր: Սկոպյեում առաջին խաղակեսը լավ սկսեցինք, հավասար, ինչ-որ տեղ նաեւ առավելություն ունեինք: Երկրորդ խաղակեսում կարմիր քարտ եղավ, որից հետո մրցակիցը սկսեց ավելի շատ պաշտպանվել ու հակագրոհների վրա խաղալ, իսկ մենք չկարողացանք այդպես էլ ոչինչ անել: Նման խաղում 10 ֆուտբոլիստով մրցակցին պարտվելն արդեն ձախողում էր մեր հավաքականի համար: Այս խաղում Պետրակովի փոփոխություններն էլ ճիշտ չաշխատեցին:
Ֆարերյան կղզիների հետ խաղում մրցակիցը պաշտպանվում էր, հակագրոհներն էլ օգտագործեց: Պաշտպանությունում շատ սխալներ ունեցանք: Այս խաղն էլ գրեթե պարտվում էինք, վերջին րոպեներին կարողացանք, ուղղակի, փրկել: Ստացվում է՝ երկու խաղում 4 գոլ բաց թողեցինք: Ֆարերյան կղզիները դասակարգման աղյուսակում մեզանից ցածր են, բայց երկու գոլ ենք ընդունում, Հյուսիսային Մակեդոնիայի խաղում էլ 10 ֆուտբոլիստով մրցակցից երկու գոլ ենք ընդունում: Սա ձախողում է:
Երեւանում հյուսիսմակեդոնացիների հետ խաղում ի՞նչ խնդիրներ կառանձնացնեք:
Երեւանում խաղը լավ մեկնարկեցինք, կային գրոհներ: Հյուսիսմակեդոնացիները շատ հանգիստ էին, սպասում էին իրենց պահերին: Հասկանալի էր, որ նրանց ոչ-ոքին էլ էր ձեռնտու: Մենք ունեինք գոլային պահեր, որոնք չկարողացանք օգտագործել: Երկրորդ խաղակեսում ինչ-որ պահի թիմը սկսեց կորցնել կարգապահությունը: Դա ամենավատն էր: Շատ պահերում գնդակը կորցնելուց հետո թիմով չէինք փորձում խլել այն: Այսպիսի երկու պահ եղավ, որոնց դեպքերում էլ երկու գոլ բաց թողեցինք:
Հյուսիսային Մակեդոնիայից կրած պարտությունը Պետրակովը վերագրեց ֆուտբոլիստների անհատական վարեպության պակասին: Սա արդարացո՞ւմ էր, թե՞ իսկապես վարպետության պակաս կար:
Հայաստանի հավաքականն այսօր ունի ամենալավ հարձակողական ոճի ֆուտբոլիստները: Այսպիսի հարձակողական ուժեղ գիծ մեկ էլ ունեցել ենք այն ժամանակ, երբ հավաքականում խաղում էին Մխիթարյանը, Օզբիլիսը, Մովսիսյանը, Մարկոսը: Այսօրվա հավաքականում հարձակման գծում ունենք շատ ֆուտբոլիստներ, որոնք լավ որակներով երիտասարդներ են: Գոլեր բաց թողելն ու պարտվելը միայն անհատական որակների պակաս չի: Ֆուտբոլը շատ է փոխվել եւ անհատական վարպետությունից արդեն անցել է թիմային գրոհների: Պետք է կարողանանք թիմային գրոհներ շատ կազմակերպել, որ անհատները կարողանան իրենց վարպետությունը ցույց տալ: Պետրակովի օրոք, երբ Ուելսին հաղթեցինք, ավելի շատ աշխատեցին թիմային գրոհները, հենց թիմային խաղի շնորհիվ գոլերը խփեցինք եւ հաղթեցինք: Վերջին խաղերում անհատական գործողություններ շատ եղան: Ֆարերների հետ խաղում տուգանայինից հետո Գոռ Մանվելյանը անկյունայինից կարողացավ իր վարպետության հաշվին հարվածել: Այս օրինակով պետք է ավելի շատ ուշադրություն դարձվի դիրքային գրոհների, թիմային գրոհների վրա: Անհատական վարպետությամբ փայլող շատ ֆուտբոլիստներ ունենք՝ Սելարայան, Միրանյան, Սերոբյան, Բիչախչյան: Այս տղաներն իրենց թիմերում աչքի են ընկնում լավ որակներով, լավ գոլեր են խփում, առանձնանում են:
Ալեքսանդր Պետրակովին հեռացնելն արդարացվա՞ծ էր:
Երբ Պետրակովին նշանակեցին, ճանաչում էի նրան: 2016 թվականին նույն մրցաշարում էինք խաղում: Ես գլխավորում էի Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականը, նա՝ Ուկրաինայի: Հանդիպել ենք Մինսկում, բայց տարբեր խմբերում էինք խաղում: Այդտեղ նրա գլխավորած թիմը հաղթեց: Այդ ժամանակից սկսեցի հետեւել նրան, քանի որ հետաքրքիր խաղային ոճ ուներ: Այդ նույն հավաքականը հետագայում դարձավ աշխարհի չեմպիոն, որից հետո Պետրակովը հրավիրվեց Ուկրաինայի ազգային հավաքական, հետո, արդեն, մեր հավաքական: Նա խաղում էր երեք կենտրոնական պաշտպանով: Հայաստանում նրա մոտ ինչ-որ բան չստացվեց: Այն ոճը, որն ընտրել էր Ուկրաինայում, չկարողացավ հայ ֆուտբոլիստների հետ անել: Չկարողացավ իր խաղը դնել, այդ նույն ոճով արդյունքի հասնել: Կարծում եմ՝ նա այստեղ պետք է շուտ փոխեր իր խաղային ոճը, բայց չփոխեց: Երեւի հենց դա էր պատճառը, որ նրա մոտ չստացվեց: Հատուկենտ խաղեր ենք հիշում, որ նրա ղեկավարությամբ հավաքականը լավ է խաղացել: Կայուն խաղ չկարողացավ դնել: Սա ձախողում էր Պետրակովի կողմից եւ նրան հեռացնելն արդարացված էր:
Ես հավանում էի նրան, որպես մարզիչ, իսկապես լավն էր: Շատ խիստ ու բարդ մարդ էր, բայց նա չհասկացավ մեր ազգային մենթալիտետը: Սա շատ կարեւոր է: Ազգային հավաքականն ակումբ չի, այստեղ պետք է կարողանաս ֆուտբոլիստների հետ լեզու գտնել՝ կարգապահության ու խստությանը զուգահեռ:
Վերջին պարտությունից հետո հայ երկրպագուները պահանջում են ՀՖՖ նախագահի հրաժարական: Համակարծի՞ք եք:
Արդեն երկար տարիներ մեր հավաքականներն անհաջող են հանդես գալիս եւ, բնական է, որ երկրպագուները սկսում են ֆեդերացիային մեղադրել: Մեր խնդիրն այն է, որ միշտ ընկնում ենք անհատների հետեւից՝ գլխավոր մարզիչն է մեղավոր, ֆեդերացիայի նախագահը կամ ակումբի նախագահը: Միշտ ասել եմ, որ այսպիսի իրավիճակներում խնդիրը պետք է միասին լուծենք: Օրինակ, 17 տարեկանները պարտվեցին: Ասում են՝ ֆեդերացիան մեղավոր է, բայց չէ՞ որ այդ ֆուտբոլիստները գալիս են իրենց թիմերից, ակումբներից: Հավաքականը ձեւավորվում է ակումբներից: Մարզիչը խաղից մի քանի օր առաջ հավաքում է թիմին եւ գնում խաղերի: Ոչ մարզիչին կարող ենք մեղադրել, ոչ ֆեդերացիային: Իսկ ակումբներն ի՞նչ են արել: Սա գլոբալ խնդիր է: Եթե կա խնդիրը, դա որեւէ մեկի մեղավորությունը չի, պետք է ֆեդերացիա, ակումբներ, հավաքականներ լուծեն այն:
Հիմա մի քանի ակումբներ գրանցում են հաջողություններ Եվրագավաթներում, բայց աչք է փակվում այն փաստի վրա, որ այդ թիմերը հաջողություններ են գրանցում լեգեոներներով: «Նոայում», «Փյունիկում» խաղում են օտարերկրացիներ: Եվրագավաթների խաղերում մի քանի հայեր են խաղում, թիմերի մեծ մասը կազմված է լեգեոներներից: Մեզ թվում է, թե հայկական ֆուտբոլն առաջ է գնում: Իհարկե, ոչ: Լեգեոներների հաշվին ենք հաղթում: Իսկ ակումբներն ի՞նչ են անում հայ ֆուտբոլիստների զարգացման համար: Այս ամենն էլ հետագայում ազդում է հավաքականների վրա: Ու մեղադրել կոնկրետ մեկին, սխալ է: Պետք է բոլորս՝ ֆեդերացիան, թիմերը հասկանան, թե ինչ են անում, գտնեն ճիշտ ճանապարհը, մշակեն ռազմավարություն, թե ինչպես պետք է զարգացնել մեր ֆուտբոլը, մեր ֆուտբոլիստներին, մանկապատանեկան ֆուտբոլը:
Ունենք 10 տարուց ավելի գործող ակադեմիաներ, որոնք չունեն զարգացման ծրագիր, մանկապատանեկան ֆուտբոլի ծրագիր, բարձրակարգ մարզիչներ, միասնական ձեռագիր: Նույն ակումբի երեք թիմ խաղում է տարբեր ֆուտբոլ. սա է պատճառը, որ շատ հեռանկարային ֆուտբոլիստներ մանկապատանեկանից հետո կորցնում են իրենց որակները: Ազգային հավաքականի գրեթե 60 տոկոսը դրսից հրավիրված հայեր են: Պետք է կարողանանք զարգացման այնպիսի ծրագիր մշակել, որ ազգային հավաքականում խաղան մեր ֆուտբոլիստները, այլ ոչ թե դրսից հրավիրված, դրսի մանկապատանեկան դպրոցն անցած հայ ֆուտբոլիստներ:
Ո՞ւմ եք տեսնում հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում:
Գտնում եմ, որ ազգային հավաքականը պետք է գլխավորի հայ մարզիչ: Այնպիսի մարզիչ պետք է լինի, որ ամեն ինչ հասկանա, մտնի մենթալիտետի մեջ: Այս պահին չեմ կարող ասել, թե ում եմ տեսնում, բայց, միանշանակ, կողմնակից եմ, որ լինի հայ: Մենք ունենք շատ լավ մարզիչներ, որոնք իսկապես կարող են ճիշտ աշխատանք տանել հավաքականում: Եղիշե Մելիքյանի անունն է շրջանառվում: «Փյունիկում» լավ արդյունքներ է գրանցում: Կարծում եմ՝ նա կկարողանա ինչ-որ բան անել հավաքականի համար:
Եթե Ձեզ լինի առաջարկ, պատրա՞ստ եք ընդունել:
Ասում են՝ ցանկացած զինվոր, երազում է դառնալ գեներալ: Նույնը մարզիչների պարագայում է. բոլորն էլ երազում են մի օր գլխավորել ազգային հավաքականը, այդ թվում՝ ես: Ինչ վերաբերում է ինձ, մարզչական կարիերայիս ընթացքում գլխավորել եմ բոլոր տարիքային խմբերի հավաքականները՝ մինչեւ 17, 18, 19, 21: Ազգային հավաքականում եղել եմ միայն օգնական: Ժամանակը ցույց կտա, թե ինչպես կլինի: Վերջին տարիներին որպես սպորտային տնօրեն եմ աշխատել Ավանի ակադեմիայում, «Նոայում»: Չեմ լսել, որ թեկնածուների անունների մեջ իմ անունը շրջանառվի:
Ի՞նչ կասեք հավաքականի ներկայիս կազմի մասին:
Ունենք լավ կազմ, փորձառու եւ երիտասարդ ֆուտբոլիստներ, որոնք հեռանկարային են: Լավ պոտենցիալով հավաքական ունենք, որը կարող է առաջադրանք դնել իր առջեւ եւ հասնել լավ արդյունքի: Այս հավաքականում պետք է լինի նաեւ Տիգրան Բարսեղյանը: Հայ ֆուտբոլիստ, որը խաղում է Չեմպիոնների լիգայում, պետք է անպայման լինի հավաքականում: Ալեքսանդր Պետրակովի կողմից Բարսեղյանին հավաքական չհրավիրելն էլ էր ձախողում նրա համար:
Ազգային հավաքականում այսպիսի մի սխալ թույլ տվեց Կապարոսը Հենրիխ Մխիթարյանի հետ կապված, այժմ երկրորդ սխալը թույլ տվեց Պետրակովը՝ Բարսեղյանին չհրավիրելով: Իհարկե, մարզիչն է որոշում՝ ում հրավիրել, ում՝ ոչ, բայց իմ կարծիքով, եթե Տիգրան Բարսեղյանը լավ մարզավիճակում էր, կարելի էր կանչել, խոսել, գալ ընդհանուր համաձայնության եւ աշխատել միասին: Ես վստահ եմ, որ Տիգրան Բարսեղյանն ուզում է իր ազգային հավաքականում խաղալ եւ որքան հնարավոր է, օգուտ տալ թիմին: Համոզված եմ, որ Բարսեղյանն այս խաղերում շատ օգտակար կլիներ թիմին:
Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

22:05 , 27 օգոստոսի
19:07 , 27 օգոստոսի 
18:01 , 27 օգոստոսի
17:04 , 27 օգոստոսի
16:05 , 27 օգոստոսի 
15:04 , 27 օգոստոսի
14:02 , 27 օգոստոսի
13:03 , 27 օգոստոսի 
12:32 , 27 օգոստոսի
12:01 , 27 օգոստոսի