12:32  ,  27 նոյեմբերի, 2012

Ֆետելը՝ եռակի չեմպիոն, Ալոնսո. «Ես չպարտվեցի»

Սեբաստիան Ֆետելը Բրազիլիայի Գրան Պրիում դարձավ Ֆորմուլա-1-ի աշխարհի եռակի չեմպիոն: Չեմպիոնի կոչման համար պայքարում նրա մրցակիցը Ֆերնանդո Ալոնսոն էր, որը վերջին մրցափուլից առաջ նրանից ետ էր մնում 13 միավորով: Ալոնսոն կարողացավ կրճատել միայն 10-ը: Եզրագիծը հատելուց հետո բոլիդից դուրս եկած Ալոնսոն մոտ մեկ րոպե քարացել էր իր Ֆերրարիի մոտ եւ ոչ ոք համարձակություն չուներ նրան մոտենալ եւ մխիթարել պատահած ձախողման համար: Այնուամենայնիվ, Ալոնսոն արժանին մատուցեց իր թիմին, գրեթե արտասվելով ասաց, որ ինքը գործ ունի իր կարիերայի լավագույն թիմի հետ. «Ես Բրազիլիայում չպարտվեցի, ես ավելի վաղ էի պարտվել, ես պարտվեցի, երբ Սպայում Գրոժանի բոլիդը թռավ իմ գլխի վրայով, եւ երբ Ճապոնիայում Ֆետելը ազատվեց փոքրիկ զգուշացումով» (Ալոնսոն ակնարկում է, որ Ճապոնիայում Ֆետելն ընդհանրապես պետք է զրկվեր մրցափուլին մասնակցելուց, քանի որ նա կանոնակարգի կոպիտ խախտում էր թույլ տվել, բոլիդի մեջ բավարար բենզին չէր եղել որակի ստուգումների համար):

Հպանցիկ նշենք, որ Բրազիլիայում հաղթեց «մաքլարենցի» Ջենսոն Բատոնը, որն ընդհանուր հաշվարկով վերջնարդյունքում շրջանցեց «Ռեդ Բուլի» երկրորդ արշավորդ Մարկ Վեբերին եւ գրավեց 5-րդ տեղը: 3-րդ տեղը «լոտուսական» Կիմի Ռայկոնենինն է. նա միակն էր, որի բոլիդն այդպես էլ 20 մրցափուլերից ոչ մեկում մեխանիկական խնդիրներ չունեցավ: 4-րդ տեղը գրավեց մեկ այլ «մաքլարենցի» Լյուիս Հեմիլթոնը, որը Բրազիլիայի Գրան Պրին սկսեց առաջին տեղից, սակայն 54-րդ շրջանին բախվեց «Ֆորս Ինդիայի» ավտոարշավորդ Նիկո Հյուլկենբերգի բոլիդին, որը փորձում էր վազանցել նրան առաջին տեղի համար պայքարում: Հենց այս բախումն էլ խաղից դուրս թողեց Հեմիլթոնին, 5-րդ տեղ մղեց Հյուլկենբերգին (քանի որ նա մեղավոր համարվեց բախման համար եւ նրա համար կիրառվեց տուգանային պիտ կանգառը, որտեղով անցնելիս արշավորդն իրավունք չունի 100 կմ/ժ արագությունը գերազանցել) եւ առաջին տեղը պարգեւեց Ջենսոն Բատոնին:

Անդրադառնանք թիմերում տեղի ունեցած փոփոխություններին եւ վիճակագրական տվյալներին: Բրազիլիան «Մերսեդեսի» լեգենդար արշավորդ Միխայիլ Շումախերի կարիերայի վերջին Գրան Պրին էր: Նրա տեղը 2013-ին կզբաղեցնի 2008-ի աշխարհի չեմպիոն Լյուիս Հեմիլթոնը, որը Բրազիլիայից հետո ասաց. «Հուսով եմ, այստեղ բախտն իմ կողմից կլինի»: Բրիտանացի ավտոարշավորդին, ըստ լրագրողների, հետապնդում է «հաղթանակի անեծքը», այս տարի նա վեց Գրան Պրի սկսել է առաջին տեղից, երեքում եզրագիծը չի հատել, իսկ եւս երեքում գրավել է տարբեր տեղեր: Հեմիլթոնի «աթոռը» «Մաքլարենում» կզբաղեցնի մեքսիկացի Սերխիո Պերեսը, որն իր հետ իբրեւ հովանավոր թիմ կբերի մեքսիկական Telmex հեռահաղորդակցության ընկերությանը: Նոր պայմանագրի ստորագրման պահից Պերեսը «Զաուբերի» համար այդպես էլ ոչ մի միավոր չվաստակեց: «Զաուբերում» Սերխիո Պերեսի տեղը կզբաղեցնի Բրազիլիայի հերոսներից մեկը՝ Նիկո Հյուլկենբերգը, իսկ նրա թիմակիցը դարձյալ մեքսիկացի է՝ Էստեբան Գուտյերեսը, որն ավելի հայտնի է GP2-ից՝ Ֆորմուլա 1-ի «կրտսեր» կամ փոխարինող առաջնությունից: Այստեղ 2012-ին անհատական հաշվարկով Գուտյերեսը գրավել է 3-րդ տեղը: «Զաուբերից» հեռանում է նաեւ ճապոնացի Կամուի Կոբայաշին: Անփոփոխ են մնալու միայն «Ֆերրարին» (Ֆերնանդո Ալոնսո, Ֆիլիպա Մասա) եւ «Ռեդ Բուլը» (Սեբաստիան Ֆետել, Մարկ Վեբեր), երկու թիմերի երկրորդ համարներն էլ վերջին տարիներին ցույց են տվել հատկապես թիմային մրցարշավորդ լինելը, այսինքն, վճռական պահերին հանուն առաջին համարի հանդես գալը:

Բրազիլիայում Ֆետելը դարձավ աշխարհի ամենաերիտասարդ եռակի չեմպիոնը: Երրորդ տիտղոսը նա նվաճեց 25 տարեկանում: Նրանից առաջ ամենաերիտասարդը բրազիլացի Աերտոն Սենան էր, որը եռակի չեմպիոն էր դարձել 31 տարեկանում: Խուան Մանուել Ֆանխիոյից եւ Միխայել Շումախերից հետո Ֆետելը դարձավ երրորդ պիլոտը, որը երրորդ տիտղոսն նվաճում է անընդմեջ: Ի դեպ, նա նաեւ առաջին եռակի չեմպիոնն է, որը մեկ մրցաշրջանում չի հաղթում եվրոպական ոչ մի Գրան Պրիում, այս տարի նա հաղթել է Բահրեյնում, Սինգապուրում, Կորեայում, Ճապոնիայում եւ Հնդկաստանում: Ֆորմուլա 1-ի պատմության մեջ Կիմի Ռայկոնենը կարող էր դառնալ առաջին պիլոտը, որը 100 տոկոսով կարող էր անցնել բոլոր Գրան Պրիների բոլոր շրջանները, սակայն Բրազիլիայում նա մեկ շրջան պակաս անցավ: Այսպիսով 2012-ը դարձավ պատմություն Ֆորմուլա 1-ի սիրահարների համար: Առջեւում թեստերն են եւ թիմային վերադասավորումները: 2012-ի դեկտեմբերի 10-ին հավանաբար Մոնակոյում Ավտոմրցարշավորդների միջազգային ֆեդերացիան պաշտոնական արարողությամբ կպարգեւատրի ավտոմրցարշավի տարբեր դասերի (Ֆորմուլա 1, Ռալի, GT1) հաղթողներին:

Մհեր Արշակյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով