19:48  ,  24 նոյեմբերի, 2012

Մխիթարյանի գոլը, «Շախտյորի» հաղթանակը

Ուկրաինական Պրեմյեր լիգայի 17-րդ տուրում «Շախտյորը» սեփական խաղադաշտում 5։1 հաշվով պարտության մատնեց Ուժգորոդի «Գովերլային»։ 

«Շախտյորի» կազմում մեկական անգամ աչքի ընկան բրազիլացիներ Իլսինյոն, Վիլիանը, Դուգլաս Կոստան, ուկրաինացի Մարկո Դեւիչը եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ «Գովերլայի» հեղինակության գնդակը խփեց Ֆրանսիայի երիտասարդական հավաքականի նախկին հարձակվող Դամյեն Լե Տալեկը։

Հենրիխ Մխիթարյանն Ուկրաինայի ընթացիկ առաջնությունում իր գոլերի քանակը հասցրեց 17-ի։ Նա խաղաց առանց փոխարինման։

Հայաստանի հավաքականի հենակետային կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը «Գովերլայի» կազմում մասնակցեց ամբողջ հանդիպմանը։

«Շախտյորն» իր 16-րդ հաղթանակը տարավ։ Միրչա Լուչեսկուի թիմը 48 միավորով վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Ուժգորոդցիները 11 միավորով նախավերջին՝ 15-րդ տեղում են։

Ուկրաինայի առաջնություն. 17-րդ տուր

«Շախտյոր» - «Գովերլա»՝ 5։1

Իլսինյո, 5, Վիլիան, 13, Հենրիխ Մխիթարյան, 17, Դուգլաս Կոստա, 62, Մարկո Դեւիչ, 80 – Դամյեն Լե Տալեկ, 45

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում