09:05  ,  27 հուլիսի, 2024

Փարիզ-2024․ Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Էլմիրա Կարապետյանը եւ Վարսենիկ Մանուչարյանը սկսում են պայքարը

Հայ օլիմպիականները սկսում են պայքարը Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում մեկնարկած 33-րդ ամառային Օլիմպիակամ խաղերում։ Հուլիսի 27-ին Հայաստանը կունենա 4 ներկայացուցիչ 3 մարզաձեւում։

Պայքարի մեջ կմտնեն հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը եւ լողորդ Վարսենիկ Մանուչարյանը։

Հուլիսի 27-ին Երեւանի ժամանակով 13:00-ին կմեկնարկի լողորդ Վարսենիկ Մանուչարյանը։ Նա կմասմակցի 100 մետր բաթերֆլայ ոճի կանանց որակավորման փուլին։ Անցկացման վայրը՝ «Փարի Լա Դեֆանս» մարզապալատ (Paris La Defense Arena)։

Երեւանի ժամանակով 14:30-ին մրցահարթակ դուրս կգա Հայաստանի առաջատար հրաձիգ, աշխարհի գավաթակիր, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպական խաղերի փոխչեմպիոն Էլմիրա Կարապետյանը։

Հայ հրաձիգը կմասնակցի 10 մետր օդամղիչ ատրճանակ մրցաձեւի կանանց որակավորման փուլին։

Հրաձգության օլիմպիական մրցաշարը կանցկացվի Շատորու քաղաքում Ազգային կենտրոնական հրաձգարանում (Chateauroux shooting centre)։

Եզրափակիչը տեղի կունենա հուլիսի 28-ին, ժամը 14:00-ին։

Հուլիսի 27-ին 17:30-ին պայքարը կսկսեն Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանը եւ աշխարհի գավաթակիր, Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն Վահագն Դավթյանը։

Հայ մարմնամարզիկները կմասնակցեն որակավորման  փուլին։ Արթուր Դավթյանը հանդես կգա հենացատկի վարժությունում, Վահագն Դավթյանը՝ օղակներում։

Սպորտային մարմնամարզության օլիմպիական մրցաշարը կանցկացվի «Բերսի» մարզապալատում  (Bercy Arena)։

Եզրափակիչները՝ օգոստոսի 4-ին, օղակներ՝ 17:00-ին,  հենացատկ՝ 18:25-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում