09:10  ,  23 նոյեմբերի, 2012

Մարմնամարզության ֆեդերացիան մասնատվո՞ւմ է

Գեղարվեստական մարմնամարզության մի խումբ մարզիչներ ցանկանում են դուրս գալ մարմնամարզության ֆեդերացիայից եւ դառնալ առանձին անկախ ֆեդերացիա։

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ օրերս կայացած հանդիպման ընթացքում հայտնեց Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ, օլիմպիական չեմպիոն Ալբերտ Ազարյանը։

Ալբերտ Ազարյանի փոխանցմամբ, առանձին ֆեդերացիայի կողմնակիցներն այն մարզիչներն են, որոնք չեն ցանկանում Գայանե Ներսիսյանին տեսնել գեղարվեստական մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում։

Ալբերտ Ազարյանը մեկնաբանեց նաեւ, որ գեղարվեստական մարմնամարզությունը չի կարող ունենալ առանձին ֆեդերացիա, քանի որ միջազգային ֆեդերացիան  թույլ չի տալիս։

«Մարմնամարզության երեք մարզաձեւերն էլ՝ սպորտայինը, գեղարվեստականը եւ ակրոբատիկան չեն կարող առանձին-առանձին ֆեդերացիաներ ունենալ։ Միջազգային ֆեդերացիան դա չի ընդունում եւ միջազգային մրցաշարերի ժամանակ ճանաչում է միայն մեկ ընդհանուր ֆեդերացիա։ Կարող են լինել ակումբներ, խմբակներ, բայց ոչ ֆեդերացիա։ Ես այս ամենը բացատրել եմ առաջարկության հեղինակներին, բայց եւ իմ համաձայնությունը տվել։ Եթե ուզում են, թող հիմնեն այդ ֆեդերացիան, բայց միջազգային մրցաշարերի ժամանակ իրենց որպես առանձին ֆեդերացիա միջազգային ֆեդերացիան չի ճանաչելու եւ մինչեւ մեր ֆեդերացիայի հաստատումը չլինի, նրանք իրավունք չեն ունենա մասնակցել նման մրցաշարերի»,- ասաց Ալբերտ Ազարյանը։

NEWS.am Sport-ի թղթակիցը այս հարցի  կապակցությամբ կապվեց առաջարկի հեղինակի՝ գեղարվեստական մարմնամարզության հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Կրեմլինա Մկրտչյանի հետ։ Թե ի՞նչ հարցով էի զրուցելու, նա չշտապեց հետաքրքրվել։ Այլ տեղեկացրեց, որ այդ պահին մասնակցում է քաղաքային առաջնության, որը տեւելու է մի քանի օր, եւ առաջարկեց առաջնության օրերից մեկին այցելեմ եւ տեղում զրուցել։

Լսելով առանձին ֆեդերացիա հիմնելու կապակցությամբ հարցս՝ Կրեմլինա Մկրտչյանն անմիջապես մերժեց որեւէ մեկնաբանություն տալ։

«Այո, մենք նման որոշում ենք կայացրել, բայց դա մեր ներքին խնդիրն է եւ չենք ցանկանում հանրային դարձնել դա։ Այս մասին ոչ ոք չգիտի, մենք լրատվամիջոցներին չենք հայտնել եւ չենք ուզում, որ այս մասին լուսաբանվի։ Եկեք առաջնության մասին գրեք, առաջնությունից դուրս ուրիշ որեւէ թեմայի մասին մի հետաքրքրվեք եւ ձեզ ոչ ոք էլ մեկնաբանություն չի տա։ Իսկ եթե գալու եք այդ հարցի համար, ուրեմն կարող եք այստեղ չհասնել, մենք մեկնաբանություն չենք տալիս։ Եվ հետո, այդ գործը դեռ ընթացքի մեջ է»,- նշեց Կրեմլինա Մկրտչյանը։

NEWS.am Sport-ի թղթակիցը կապվեց նաեւ գեղարվեստական մարզմնամարզության գլխավոր մարզիչ Գայանե Ներսիսյանի հետ։

«Ես չեմ ցանկանում այդ մասին խոսել։ Ես չեմ ցանկանում ձեզ՝ NEWS.am Sport-ին, մասնավորապես, քեզ հետ զրուցել որեւէ հարցի շուրջ կամ մեկնաբանություն տալ։ Այդ մասին բոլոր լրատվամիջոցները գիտեն, գրել են, այնպես որ կարիք չկա, որ դուք էլ անդրադառնաք այդ թեմային։ Ես ընդհանրապես չեմ ցանկանում ձեզ հարցազրույցներ տալ, քանի որ ձեր յուրաքանչյուր հրապարակումից հետո ես սթրեսի մեջ եմ ընկնում»,- ասաց Գայանե Ներսիսյանը։

Գլխավոր մարզիչների հետ զրույցից քիչ անց, NEWS.am Sport-ի խմբագրություն «ահազանգեց» Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Էլֆիկ Հովհաննիսյանը։

«Ինձ Գայանե Ներսիսյանը տեղեկացրեց, որ դուք ցանկանում եք մեկնաբանություն ստանալ ֆեդերացիա հիմնելու առաջարկի մասին։ Նաեւ ասաց, որ այդ ինֆորմացիան ձեզ տվել է Ալբերտ Ազարյանը։ Ես երկու րոպե առաջ զրուցեցի Ալբերտ Ազարյանի հետ։ Նա ասաց, որ նման ինֆորմացիա ձեզ չի տվել։ Ես կխնդրեմ ձեզ, որ մարմնամարզության ֆեդերացիայի հետ կապված որեւէ տեղեկություն կամ կոնֆլիկտ չհրապարակել։ Կամ ընդհանրապես մի լուսաբանեք գեղարվեստական գիմնաստիկան, որովհետեւ ձեր հրապարակումները խոչընդոտում են մեր աշխատանքը։ Եթե ուզում եք օգուտ տալ այս մարզաձեւին, առաջնությունները լուսաբանեք։ Բայց կխնդրեմ գեղարվեստական մարմնամարզության ձեւին ձեր կայքը չանդրադառնա»,- հայտարարեց Էլֆիկ Հովհաննիսյանը, որ հեռախոսազրույցի սկզբում միայն ներկայացել էր պաշտոնով։ Երբ երկրորդ անգամ զանգահարեցի Էլֆիկ Հովհաննիսյանին, պարզելու նրա անուն ազգանունը, նա նախ հետաքրքրվեց թե իմ ինչին է պետք նրա անուն ազգանունը, ապա ասաց.

«Ես ձեզ չեմ ասում մի գրեք մեր մասին, այլ մի գրեք ֆեդերացիայի ներսում տիրող անհամաձայնությունների, բախումների, լարվածությունների մասին։ Դա խանգարում է մարզաձեւի զարգացմանը եւ ստեղծում ավելորդ լարվածություն»։

Պատրաստեց Լուսինե Շահբազյանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում