14:02  ,  5 հուլիսի, 2024

Շիրերը՝ Ռոնալդուի մասին․ Տեսա ծեծված, ծեր առյուծի

Անգլիայի հավաքականի եւ «Նյուքասլ Յունայթեդի» նախկին հարձակվող, բրիտանացի ֆուտբոլային հեռուստամեկնաբան Ալան Շիրերը մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականի եւ սաուդյան «Ալ Նասրի» 39-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի անհաջող խաղը Սլովենիայի դեմ Եվրո-2024-ի 1/8 եզրափակիչում (0:0, 11մ՝ 3:0)։

105-րդ րոպեին Ռոնալդուի իրացրած 11-մետրանոցը հետ էր մղել դարպասապահ Յան Օբլակը։ Պորտուգալիան Սլովենիային հաղթել էր հետխաղային 11-մետրանոցներով՝ 3:0։ Երեք սեյվ էր կատարել պորտուգալացիների դարպասապահ Դիոգու Կոշտան։ Հարվածներն արդյունավետ էին իրացրել Ռոնալդուն, Բրունու Ֆերնանդեշը եւ Բերնարդու Սիլվան։

«Զգացվում է, որ Ռոնալդուն ցանկանում է միշտ լինել կենտրոնական ֆիգուր, բայց ես նաեւ տեսա ծեծված, ծեր առյուծի, որը ճանկերի ծայրերով կառչում է խմբի առաջնորդի դիրքից՝ չկարողանալով կամ չցանկանալով բաց թողնել այս իրավիճակը»,- Շիրերի խոսքը մեջբերում է The Athletic-ը։

Քառորդ եզրափակիչում Պորտուգալիայի մրցակիցը կլինի աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիան։ Այդ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 5-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում