13:00  ,  27 հունիսի, 2024

Կվարացխելիա․ Հանդիպումից առաջ Ռոնալդուն ինձ հաջողություն մաղթեց

Վրաստանի հավաքականի եւ իտալական «Նապոլիի» հարձակվող Խվիչա Կվարացխելիան պատմել է, որ Եվրո-2024-ի խմբային փուլի երրորդ տուրի հանդիպումից առաջ կարճ զրույց է ունեցել պորտուգալացիների ավագ, սաուդյան «Ալ Նասրի» 39-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ։ Վրաստանը պորտուգալացիներին հաղթել է 2:0 հաշվով եւ դուրս եկել 1/8 եզրափակիչ։

«Հանդիպումից առաջ Ռոնալդուն ինձ հաջողություն մաղթեց։ Երբեք չէի մտածի, որ նա կխոսի ինձ հետ։ Նա մեծագույն խաղացող է եւ հրաշալի մարդ։ Ես շատ եմ նրան հարգում, լավագույն խաղացողներից մեկն է աշխարհում։

Զարմանալի է, բայց նրա խոսքը օգնեց մեզ հավատալ, որ կարող ենք ինչ-որ բան անել այս խաղում։

Սա լավագույն օրն է վրացի ֆուտբոլային երկրպագուների համար։ Մենք մտանք պատմության մեջ։ Ոչ ոք չէր հավատում, որ մենք կհասնենք այսպիսի արդյունքի։ Ոչ ոք չէր հավատում, որ մենք կարող ենք հաղթել Պորտուգալիային։

Մենք շատ մեծ հարգանքով ենք վերաբերվում Իսպանիայի հավաքականին։ Մի քանի հանդիպում ենք ունեցել նրանց հետ եւ լավ ենք ճանաչում։ Կպայքարենք հաղթանակի համար»,- Կվարացխելիայի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը։

1/8 եզրափակիչի Իսպանիա - Վրաստան հանդիպումը տեղի կունենա հունիսի 30-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս