09:07 30 մայիսի, 2024Օլիմպիական խաղերին պատրաստվում ենք մի քանի փուլով՝ հավաքներ, միջազգային մրցաշար, արտագնա համատեղ հավաքներ: Փորձում ենք բացառել լարվածությունը:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մայիսի 16-ից Ծաղկաձորի մարզաբազայում ուսումնամարզական հավաք է անցնում Արմեն Բաբալարյանի գլխավորությամբ, որը կավարտի մայիսի 30-ին:
Հավաքին մասնակցում են նաեւ Փարիզ-2024-ի ուղեգրեր նվաճած Արթուր Ալեքսանյանը, Սլավիկ Գալստյանը եւ Մալխաս Ամոյանը: Ծաղկաձորի հավաքով Հայաստանի թիմը սկսում է Փարիզի Օլիմպիական խաղերի նախապատրաստական փուլը:
«Ծաղկաձորում անցկացրինք 14-օրյա հավաք, որն ուղղված էր ընդհանուր ֆիզիկական պատրաստականությանը: Հավաքն ավարտում ենք մայիսի 30-ին եւ վերադառնում Երեւան, որտեղ մայիսի 31-ից հունիսի 1-ը թիմը կմասնակցի Բենուր Փաշայանի անվան միջազգային մրցաշարին:
Երեւանում անցկացվելիք մրցաշարին կմասնակցեն բոլորը, բացի Արթուր Ալեքսանյանից: Այս մրցաշարը շատ կարեւոր է մասնավորապես Մալխաս Ամոյանի եւ Սլավիկ Գալստյանի համար, քանի որ կլինի ստուգատես Օլիմպիական խաղերից առաջ: Մրցաշարին չի մասնակցի նաեւ Եվրոպայի բրոնզե մեդալակիր Հրաչյա Պողոսյանը, որը ծնկի վիրահատություն է տարել: Արթուր Ալեքսանյանն ազատված է այս մրցաշարից: Այս շրջանում պետք չի: Սլավիկ Գալստյանի եւ Մալխաս Ամոյանի համար այս մրցաշարը Օլիմպիական խաղերին պատրաստվելու փուլերից մեկն է: Մենք այդպես որոշել ենք նրանց հետ՝ մարզիչներով, մարզիկներով:
Միջազգային մրցաշարին մասնակցում են մի շարք երկրներ, այդ թվում՝ Բելառուս, Իրան, Ռուսաստան, Վրաստան եւս 4-5 երկիր: Անցած տարվա համեմատ, այս տարի քիչ երկրներ կգան, քանի որ Օլիմպիական տարի է եւ շատերն ունեն պլանային մարզումային փուլեր: Անցած տարի մեծ թվով երկրներ էին մասնակցում եւ շատ ուժեղ մրցաշար ունեցանք:
Չեմ համարում, որ այս հավաքով սկսել ենք Օլիմպիական խաղերի նախապատրաստական փուլը, քանի որ մենք սովորաբար սկսում ենք պատրաստվել նախորդ Օլիմպիական խաղերից անմիջապես հետո: Ծաղկաձորից հետո նախատեսում ենք եւս 4 հավաք ունենալ, որոնցից երկուսն արտագնա՝ Բուլղարիայում եւ Բելառուսում: Բուլղարիայում հավաք կանենք կրկնակի Օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանի գլխավորությամբ եւ նրա թիմի հետ համատեղ:
Բելառուսում համատեղ հավաք կանենք իրենց եւ Եգիպտոսի ազգային հավաքականի հետ: Հնարավոր է եւս մեկ թիմ միանա մեզ Միջին Ասիայից, դեռ չգիտենք: Բուլղարիայում բացի հավաքից, նաեւ հանգստին ու վերականգնվելուն ժամանակ կտրամադրենք:
Երկու արտագնա հավաքների մեջտեղում մեկ հավաք կունենանք Երեւանում, վերջինը եւս կանցկացնենք Երեւանում եւ կմեկնենք Փարիզ: Ծաղկաձորի հավաքից սկսած մեզ միացել է ռուս սպորտային բժիշկ Մաքսիմ Եշչենկոն ՀԱՕԿ-ի հովանու ներքո նա մեզ հետ կաշխատի մինչեւ Օլիմպիական խաղեր: Որպես հավաքականի գլխավոր մարզիչ, նրա աշխատանքից շատ գոհ եմ: Մեծ աշխատանք է տանում վնասվածքների ուղղությամբ: Խոսքը մկանային վնասվածքների, ցավերի մասին է, ոչ լուրջ կոտրվածքների: Նրա օգնությամբ գրեթե վերանում են այդ վնասվածքները:
Չեմ կարող մասնագիտորեն բացատրել, բայց զգալիորեն փոփոխություն եմ զգում, տղաների աշխատանքային պրոցեսի ցանկությունն ավելացել է: Եթե վնասվածք չունես, աշխատանքային պրոցեսի ցանկությունը կատարելագործվում է եւ արդյունքը երեւում: ՀԱՕԿ-ը Մաքսիմին մեզ հետ կգործուղի նաեւ Փարիզ՝ Օլիմպիական խաղեր:
Օլիմպիական խաղերից առաջ բացառում եմ լարվածությունը: Եթե ես՝ մարզիչս, լարվածություն ունենամ, այն ուղիղ կերպով կփոխանցվի տղաներին: Ես ավելի հանգիստ եմ: Նշեմ նաեւ, որ Օլիմպիական խաղերի մասնակիցների մոտ էլ լարվածություն չկա: Դեռ չեմ նկատել: Մենք այնպիսի աշխատանք ենք տանում, որ հիմնական նպատակը մրցումները չլինեն, այլ այդ մրցումներին, այս պարագայում՝ Օլիմպիական խաղերին, պատրաստվելը»,- ասաց Արմեն Բաբալարյանը:
Վերջին մարզումային օրը Հայաստանի հավաքականին այցելեց հունահռոմեական ոճի ըմբշամարտում առաջին հայ օլիմպիական չեմպիոն, ԽՍՀՄ հավաքականի կազմում 1976 թվականի Մոնրեալի Օլիմպիական խաղերի հաղթող, Եվրոպայի չեմպիոն Սուրեն Նալբանդյանը:
Օլիմպիական չեմպիոնը հետեւեց Հայաստանի թիմի մարզմանը, ապա Արթուր Ալեքսանյանին իր եւ մի շարք այլ օլիմպիական չեմպիոնների մասին պատմող բրոշյուր նվիրեց:
Հիշեցնենք, որ Փարիզի Օլիմպիական խաղերում հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանը կունենա երեք մասնակից՝ Արթուր Ալեքսանյան (97 կգ), Մալխաս Ամոյան (77 կգ) եւ Սլավիկ Գալստյան (67 կգ): Հայաստանի երեք օլիմպիականներն էլ ուղեգրերը նվաճել են 2023 թվականի աշխարհի առաջնությունում:
Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի, Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կմասնակցի իր 4-րդ Օլիմպիական խաղերին, որի ուղեգիրը նվաճել է Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացված աշխարհի առաջնությունում՝ դառնալով արծաթե մեդալակիր:
Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի չեմպիոն Մալխաս Ամոյանը աշխարհի առաջնության բրոնզե մեդալով նվաճեց Փարիզ-2024-ի ուղեգիր: Սլավիկ Գալստյանն օլիմպիական ուղեգիրը նվաճել է աշխարհի առաջնությունում լավագույն երրորդ տեղի, օլիմպիական ուղեգրի համար գոտեմարտում:
Փարիզի Օլիմպիական խաղերը կանցկացվեն հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.