Այդքան էլ գոհ չեմ իմ արդյունքից: Երկրորդ ցատկիս ժամանակ ձեռքերիս դիրքը թույլ չտվեց բարդ թռիչք անել:
Այս մասին Ռիմինում NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը՝ մեկնաբանելով որակավորման փուլում ստացած ցածր գնահատականը:
«Այդքան էլ գոհ չեմ իմ մրցելույթից, քանի որ երկրորդ ցատկս այդքան էլ լավ չարեցի: Ցածր գնահատական ստանալուս պատճառն այն էր, որ ես ոչ միայն լավ չկատարեցի, այլ նաեւ ուրիշ ցատկ կատարեցի: Ձեռքերիս դիրքը լավ չստացվեց, չկարողացա հարմար դիրք ունենալ, բարդ ցատկս չստացվեց:
Տեխնիկական խոտանն ինձ այդքան էլ չխանգարեց, մի փոքր էի սառել: Եթե լիարժեք խանգարեր, առաջին ցատկն էլ լավ չէի անի: Ինձ ձեռքերիս դիրքը խանգարեց: Հուսամ սա չի խանգարի ինձ եզրափակիչ դուրս գալ: Դուրս կգամ եւ կշտկեմ սխալս»,- ասաց Արթուր Դավթյանը:
Արթուր Դավթյանը հենացատկի վարժությունում վաստակեց 14.416 միավոր: Առաջին ցատկի գնահատականը 15.100 էր: Երկրորդ ցատկի ժամանակ ցատկի բարդությունը փոխեց: մրցավարները գնահատեցին 13.733 միավոր: Վերջնարդյունքում Արթուր Դավթյանն իր խմբում երկրորդ տեղի արդյունք ցույց տվեց:
Հայ մարմնամարզիկներն ավարտել են մրցելույթները Եվրոպայի առաջնության որակավորման փուլում: Արդյունքները դեռեւս հայտնի չեն:
NEWS.am Sport-ը սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունն Իտալիայից լուսաբանում է Յունիբանկի աջակցությամբ:
Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում