20:29  ,  16 ապրիլի, 2024

Հակոբ Սերոբյան․ Հուսամ՝ Վահագն Դավթյանին կհաջողվի դառնալ ոսկե մեդալակիր եւ նվաճել օլիմպիական ուղեգիր

Հուսամ՝ Վահագն Դավթյանին կհաջողվի վարկանիշային աշխարհի գավաթի խաղարկությունում դառնալ ոսկե մեդալակիր եւ նվաճել օլիմպիական ուղեգիր: Դոհայի աշխարհի գավաթի վերջին փուլը մեր վերջին հնարավորությունն է: Սպասվում է բարդ պայքար:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Քաթարից ասաց սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը:

Ապրիլի 17-ին Քաթարի մայրաքաղաք Դոհայում կմեկնարկի սպորտային մարմնամարզության առանձին գործիքների աշխարհի գավաթի խաղարկության 4-րդ փուլը, որը վարկանիշային է Փարիզի Օլիմպիական խաղերի համար:

Հակոբ Սերոբյանի գլխավորած հավաքականից աշխարհի գավաթին կմասնակցեն Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Հարություն Մերդինյանը, Արթուր Ավետիսյանը եւ Գագիկ Խաչատրյանը: Օլիմպիական ուղեգրի համար օղակների վարժությունում պայքարելու է Վահագն Դավթյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի թիմից Փարիզ-2024-ի անվական ուղեգիր ունի միայն Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանը:

«Այս մրցաշարում մեր միակ հնարավորությունը Վահագն Դավթյանն է: Նա պետք է հաղթի, առաջին տեղ զբաղեցնի, որ օլիմպիական ուղեգիր նվաճի: Պարզ է, որ բոլորը մասնակցել են 4 փուլերին: Մենք հասկանալի պատճառներով մեկ փուլ բաց ենք թողել: Մեզ համար սա երրորդն է եւ այդ պատճառով շանսերը համեմատաբար քիչ են: Միայն ոսկե մեդալակիր դառնալու դեպքում Վահագն Դավթյանի միավորները թույլ կտան ուղեգիր նվաճել:

Ինչ վերաբերում է թիմի ընդհանուր պատրաստվածությանը, նորմալ մարզավիճակում են: Այսօր տեղի ունեցավ գլխավոր փորձը մրցումային դահլիճում, գործիքների փորձարկումը: Տեսա, որ բոլորն էլ լավ մարզավիճակում են, իրենց վարժությունները նորմալ կատարում են: Անում են այն, ինչ կարող են, ես ավել ոչինչ չեմ պահանջում: Պետք է, որ մեր արդյունքները լավ լինեն: Առաջ չընկնենք, տեսնենք, թե ինչպես կլինի:

Վահագն Դավթյանի դեպքում միավորների հաշվարկով է: Մյուսների պարագայում 4 փուլերի արդյունքում յուրաքանչյուր գործիքի վրա լավագույն երեքն են արժանանում օլիմպիական ուղեգրի: Օրինակ՝ Արթուր Դավթյանը, եթե Դոհայում էլ դարձավ ոսկե մեդալակիր, նա դառնում է աշխարհի գավաթակիր, ու քանի որ նա արդեն ունի անվանական օլիմպիական ուղեգիր, նրան հաջորդող երեք լավագույնները այս գործիքի վրա կնվաճեն օլիմպիական ուղեգրեր:

Հարություն Մերդինյանը նույնպես լավ մարզավիճակում է: Նա կմասնակցի ինչպես աշխարհի գավաթի խաղարկությանը, այնպես էլ Եվրոպայի առաջնությանը:

Բոլորից էլ ակնկալիքներ ունեմ: Կան թերություններ, բայց լուրջ չեն»,- ասաց Հակոբ Սերոբյանը:

Աշխարհի գավաթի խաղարկությունը կավարտվի ապրիլի 20-ին: Հակոբ Սերոբյանի գլխավորած թիմը Դոհայից կմեկնի Իտալիա Ռիմինի քաղաք, որտեղ ապրիլի 24-28-ը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը: 

«Աշխարհի գավաթից անմիջապես մեկնում ենք Եվրոպայի առաջնության՝ Իտալիա, որտեղ մեզ կմիանա երիտասարդական հավաքականը: Այստեղ մի փոքր խնդիր ունենք, Համլետ Մանուկյանը ուսի վնասվածք ունի, սուր ցավեր: Օղակներ չի անի, չնայած այս վարժության աշխարհի չեմպիոնն է, բայց նժույգ թափեր կանի, բազմամարտի կմասնակցի: Չմասնակցելու խնդիր չկա: Շատ լավ մասնակցելու խնդիրն է: Ես պահանջում եմ, որ լավագույն արդյունքները լինեն: Մենք թիմային պայքարում ենք լինելու երիտասարդական առաջնությունում:  Բարդ է լինելու, բայց կփորձենք բարձր արդյունք ցույց տալ:

Մեծահասակները նույն կազմով կմեկնեն Իտալիա, բոլորն էլ մասնակցելու են Եվրոպայի առաջնությանը: Մեծահասակների պայքարում առաջին անգամ կլինի Էրիկ Բաղդասարյանը»,- նշեց Հակոբ Սերոբյանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով