15:04  ,  16 ապրիլի, 2024

Արման Ծառուկյանին միջնամատ ցույց տված երկրպագուն ներողություն է խնդրել

Խառը մենամարտերի (MMA) երկրպագու Օբեդ Արդոնը մեկնաբանել է սկանդալային միջադեպը, որը նա հրահրել էր Լաս Վեգասում անցկացված UFC 300 մրցաշարում։

Օբեդ Արդոնը միջնամատ էր ցույց տվել Արման Ծառուկյանին (Հայաստան), որը նկատել էր եւ փորձել էր հարվածել։

UFC-ի ղեկավար Դանա Ուայթը հետագայում նշել էր, թե ամենայն հավանականությամբ՝ երկրպագուն կդիմի դատարան՝ պատասխան պահանջելով UFC-ից։

«Ես դատարան չեմ դիմի։ Այդպիսի միտք չեմ ունեցել։ Առաջին միտքս այն էր, որ մրցաշարից դուրս չհանեն։ Տոմսի համար 2500 դոլար էի վճարել։

Կցանկանայի ներողություն խնդրել Արմանից։ Ես սադրեցի նրան՝ ցույց տալով միջնամատ։ Բայց ես ամբողջ օրը ալկոհոլ էի օգտագործել եւ սթափ չէի։ Առաջին անգամ էի UFC-ի մրցաշարի։ Բացարձակ անհավանական տեսարան էր։ Ուրախ եմ, որ միջադեպը լուրջ հետեւանք չունեցավ։

Ես Արմանին չեմ հրել, չեմ անպատվել, ընդամենը միջնամատ եմ ցույց տվել։ Շնորհավորում եմ նրան հաղթանակի առթիվ եւ հաջողություն մաղթում տիտղոսային մենամարտում»,- երկրպագուի խոսքը մեջբերում է Bloody Elbow-ն։

UFC 300 մրցաշարում դասակարգման առաջին համար, բրազիլացի Չարլզ Օլիվեյրային հաղթելու շնորհիվ Արման Ծառուկյանը ստացել է չեմպիոնի հավակնորդի կարգավիճակ եւ կմենամարտի ռուսաստանցի Իսլամ Մախաչեւի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում