20:04  ,  29 մարտի, 2024

Խաբի Ալոնսո․ «Բայերի» ժողովում հայտնել եմ, որ կշարունակեմ աշխատանքը ակումբում

Գերմանիայի Բունդեսլիգայի ընթացիկ առաջատար «Բայերի» իսպանացի գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն պաշտոնապես հայտարարել է, որ հաջորդ մրցաշրջանում էլ կմարզի Լեւերկուզենի թիմը։

«Ես մասնակցել եմ «Բայերի» ժողովին եւ հայտնել եմ, որ կշարունակեմ աշխատանքը ակումբում։ Իմ ապագայի վերաբերյալ բազմաթիվ խոսակցությունների ֆոնին ես մտորումների եւ որոշման համար դադար էի վերցրել։ Վերջնաժամկետն այս շաբաթ էր։ Հիմա ամեն ինչ պարզ է։ Խաղացողներին եւս հայտնել եմ որոշմանս մասին։

«Բայերում» իմ աշխատանքն ավարտված չէ։ Ես ցանկանում եմ օգնել ակումբին, օգնել խաղացողներին զարգանալ։

Սա լավագույն տեղն է ինձ համար։ Ես դեռ երիտասարդ մարզիչ եմ, եւ կարծում եմ, որ սա լավագույն որոշումն է ինձ համար։

Չեմ մեկնաբանի խոսակցությունները «Լիվերպուլի» կամ «Բավարիայի» վերաբերյալ։ Այդ մեծագույն ակումբների հետ ես ունեմ ուժեղ կապ, բայց ես այնտեղ եմ, որտեղ ցանկաում եմ»,- Խաբի Ալոնսոյի խոսքը մեջբերում է «Բայերի» կայքը։

Խաբի Ալոնսոն «Բայերը» գլխավորում է 2022թ․ հոկտեմբերից։ Գերմանիայի առաջնության 26 տուրից հետո «Բայերը» 70 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 10 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Բավարիայից»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում