Ադրբեջանն ու Թուրքիան չեն մասնակցելու Երեւանում անցկացվելիք սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությանը: Այդ երկրներից մասնակցության հայտեր չենք ստացել:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը:
Ապրիլի 4-5-ը Երեւանում կացնակցվի սամբոյի աշխարհի գավաթի խաղարկություն:
«Հայաստանն աշխարհի գավաթի մրցաշարն անցկացնելու մշտական իրավունք է ստացել՝ հիմնելով այն փաստի վրա, որ 2022 եւ 2023 թվականներին մենք անցկացրել ենք երիտասարդների եւ մեծահասակների աշխարհի առաջնությունները:
Ուշադրությունը դեպի Հայաստան բավական բարձր է: Մեր ցուցանիշները նույնպես բարձր են: Վստահ ենք, որ այս տարի սամբիստները միջազգային հարթակներից կբերեն շատ մեդալներ:
Թիմը պատրաստ է աշխարհի գավաթին: Մեզ համար սա մեծ ստուգատես է Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններից առաջ:
Յուրաքանչյուր քաշային կարգում ունենալու ենք երկուական մարզիկ: Արցախից բռնի տեղահանված մարզիկները մասնակցության քվոտա են ստացել, քանի որ նրանք ունեն փախստականի կարգավիճակ: Նրանք կմասնակեն փախստականների հավաքականի կազմում:
Երկու թիմով ենք մասնակցելու՝ մարտական եւ սպորտային սամբո: Արդյունքները պետք է լինեն դրական: Վտահ եմ, որ ունենալու ենք ոսկե մեդալներ»,- ասաց Միքայել Հայրապետյանը:
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վովիկ Խոջոյանի խոսքով աշխարհի գավաթի խաղարկության արդյունքներով որոշվելու է Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի կազմը:
«Հավաքականում ունենք շատ տիտղոսակիր տղաներ: Առնվազն քաշային կարգերում սպասում ենք չեմպիոնի կոչմանը: Մեզ համար աշխարհի գավաթի մրցաշարը կլինի նախընտրական փուլ, քանի որ հավաքականը պատրաստվում է մայիսին անցկացվելիք Եվրոպայի առաջնությանը: Մեզ հնարավորություն է ընձեռնվել՝ ստուգել մարզիկներին Եվրոպայի առաջնությունից առաջ: Պատերազմից հետո մեր տղաներն ավելի ոգեւորված են, նրանց մոտ անձի ինքնությունն է խոսում, ավելի լավ են տրամադրված: Հուսամ՝ լավ արդյունքներ կունենանք Երեւանում»,- ասաց Վովիկ Խոջոյանը:
Ֆեդերացիայի նախագահը տեղեկացրեց, որ Ադրբեջանն ու Թուրքիան չէին հայտավորվել, Ռուսաստանն ու Ուկրաինան մասնակցելու են:
«Ունենք մեծ պատվիրակություն Ռուսաստանից եւ Ուկրաինայից: Սա առաջին միջոցառումն է, որ 40-ից ավել մարզիկներ յուրաքանչյուր երկրից ժամանելու են Հայաստան: Անվտանգության նկատառումներից ելնելով պատվիրակությունները տեղակայվելու են տարբեր վայրերում: Ինչ վերաբերում է հարեւան երկրներին՝ Ադրբեջանն ու Թուրքիան չեբ մասնակցելու: Այս երկրներից հայտավորում չենք ստացել, իսկ եթե չկա, ուրեմն այդ երկրները չեն մասնակցելու:
Մասնակցելու է 17 երկրի շուրջ 300 սամբիստ: Պայքարելու են 26 քաշային կարգերում՝ տղամարդիկ 7 քաշային կարգ, նույնքան կանայք, մարտական սամբո՝ տղամարդիկ 7 քաշային կարգ, կանայք՝ 5 քաշային կարգ»,- նշեց Միքայել Հայրապետյանը:
Անդրադառնալով ֆինանսավորմանը, Միքայել Հայրապետյանն ասաց, մասնակցություն ունեցել են բոլոր գերատեսչությունները, այդ թվում Կառավարությունը:
«Մի շարք կազմակերպություններ են աջակցել մեզ ֆինանսավորման հարցում, Կառավարությունը նույնպես ունի մասնակցություն: Բացման արարողության ժամանակ բոլորին շնորհակալություն կհայտնեմ, այդ թվում կնշեմ, թե ովքեր են մեզ աջակցել: Կառավարությունը, վարչապետի աշխատակազմը բոլորն էլ շատ մեծ ուշադրություն են հատկացնում մեր մարզաձեւին, նաեւ աշխարհի գավաթին: Այս մրցաշարը համախմբեց բիզնես աշխարհն ու սպորտը»,- ամփոփեց Միքայել Հայրապետյանը:
Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում