20:02  ,  21 մարտի, 2024

Վահան Բիչախչյան․ Անհամբեր սպասում ենք վաղվա հանդիպմանը, որպեսզի ուրախացնենք մեր ազգին

Շատ լավ պատրաստվել ենք: Անհամբեր սպասում ենք վաղվա հանդիպմանը, որպեսզի ուրախացնենք մեր ազգին:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի հավաքականի եւ լեհական «Պոգոնի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը:

«Լավ եմ գնահատում մարզվիճակս: Շատ լավ պատրաստվել ենք: Անհամբեր սպասում ենք վաղվա հանդիպմանը, որպեսզի ուրախացնենք մեր ազգին: Երկար ժամանակ չենք խաղացել: Երկար դադարից հետո սա շատ լավ առիթ է, որ ուրախացնենք մեր ազգին:

Ազգային հավաքականում ես հարձակողական ոճի ֆուտբոլ եմ խաղում եւ իմ հիմնական գործառույթներից մեկը գոլ խփելն է, բայց խաղերի ժամանակ ինձ համար կարեւոր է, որ հավաքականը հաղթի: Մաքսիմումն եմ տալիս, որ հավաքականը հաղթի, փորձում եմ ամեն ինչ անել նաեւ, որպեսզի գոլերի հեղինակ դառնամ:

Կոսովոյի հավաքականին վերլուծել ենք: Կենտրոնացած ենք վաղվա խաղի վրա: Շատ լավ հավաքական է, բարձրակարգ ֆուտվբոլիստներ ունեն, բարձրակարգ առաջնություններում են խաղում: Նոր մարզիչ ունեն, հետաքրքիր հանդիպում է սպասվում: Մենք պատրաստ ենք վաղվա խաղին եւ ամեն ինչ անելու ենք հաղթելու համար:

Էդգար Գրիգորյանի հետ փոքր տարիքի հավաքականներից ենք ծանոթ, Էդգար Փիլոյանի հետ նույնպես հանդիպել ենք, երկուսն էլ շատ լավ տղաներ են: Մեր հավաքականում դժվար չի հարմարվելը, որովհետեւ շատ լավ մթնոլորտ է: Նորեկներն անմնացորդ նվիրումով մարզվում են, իրենց համար ամեն ինչ լավ է:

Առողջ մրցակցությունը սպորտում շատ կարեւոր է, քանի որ մեկս մյուսին ավելի ենք ուժեղացնում: Հետո մարզիչն է որոշում, թե ով է պատրաստ խաղադաշտ դուրս գալ: Առողջ մրցակցությունը շատ կարեւոր է, առանց որի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստը չի կարող աճ գրանցել:

Նախորդ խաղից հետո մեր հավաքականն աճել է: Մեծ փոփոխություններ են եղել նաեւ Կոսովոյի կազմում: Մեր դեմ խաղացած ֆուտբոլիստներն ավելի երիտասարդ էին: Հիմա կարծում եմ՝ ավելի ուժեղ են: Նոր մարզիչի հետ ավելի մոտիվացված կլինեն»,- ասաց Վահան Բիչախչյանը:

Հայաստան - Կոսովո հանդիպումը տեղի կունենա մարտի 22-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի 20:00-ին։

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Էմմա Ասատրյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում