19:37  ,  21 մարտի, 2024

Ալեքսանդր Պետրակով․ Վաղը սպասում եմ շատ բարդ հանդիպում

Ես վաղը սպասում եմ շատ բարդ հանդիպում: Մեկնարկային սուլոցից  հետո, առաջիկա տասը վայրկյանում կհասկանամ, թե ինչպես է պատրաստվում խաղալ Կոսովոյի հավաքականը: Ցանկալի կլինի վաղը հասնել դրական արդյունքի:

Այս մասին լրագրողների հետ նախախաղային ասուլիսում նշեց ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը:

Ուկրաինացի մասնագետը լրագրողների հետ զրույցը սկսեց «Բարեւ ձեզ» ողջույնով եւ խոսեց Կոսովոյի հետ ընկերական խաղի ակնկալիքներից:

«Կոսովոն շատ լավ հավաքական է, ամուր թիմ է, ունեն առաջատար խաղացողներ:  Ես վաղը սպասում եմ շատ բարդ հանդիպում:

Ըստ խաղի կհասկանանք, թե ով դուրս կգա խաղադաշտ, ում կփորձարկենք:  Վաղը կտեսնենք, թե Կոսովոն իր նոր մարզիչով ինչ խաղ ցույց կտա: Հենց մեկնարկային սուլոցը հնչի, առաջիկա տասը վայրկյանում կհասկանամ, թե ինչպես է պատրաստվում խաղալ մեր մրցակիցը: Ես երիտասարդ մարզիչ չեմ եւ ինձ այս տարիքում հնարավոր չի անակնկալի բերել:

Կոսովոյի հավաքականը հանձնվող չի, ինձ դուր է գալիս մասնավորապես պաշտպանական գիծը, բարձրահասակ են,  գլխով լավ են խաղում: Որպես նախկին բալկանյան երկիր, թույլ թիմ չի, թույլ ֆուտբոլիստներ չեն: Շատ հետաքիր ֆուտբոլիստներ ունի: Չանչարեւիչից հետաքրքվեցի, թե քանի մարդ է բնակվում Կոսովոյում: Մոտ 800 հազար մարդ է ապրում։ Թիմի մեծ մասը քաղաքիություն ընդունած ֆուտբոլիստներ են, Կոսովից միայն դարպասապահն է: Բոլորն էլ ուժեղ ֆուտբոլիստներ են: Առաջատար առաջնություններում են խաղում:

Շատ ցանկալի կլինի վաղը հասնել դրական արդյունքի: Ֆուտբոլը խնդիր է եւ պետք է լուծել ու հասնել արդյունքի:

Ինչ վերաբերում է ընկերական խաղերում Կոսովոյի եւ Չեխիայի ընտրությանը, առանձնապես այլ ընտրություն չունեինք: Մի քանիսից ես եմ հրաժարվել: Թոփ երկրների հավաքականներն առանձնակի ցանկություն չեն  հայտնել խաղալ Հայաստանի հավաքականի հետ:

Ես ասել եմ, որ այս պահին չկա որակապես այնպիսի ֆուտբոլիստ, որ կուժեղացնի մեր հավաքականը: Ազգային հավաքականն այն հարթակը չէ, որտեղ հնարավոր է փորձարկումներ իրականացնել:

Էդգար Փիլոյանը կարմիր քարտ ունի  21 տարեկանների հավաքականում եւ առաջիկա խաղին չի կարող մասնակցել, այդ պատճառով նրան վերցրել եմ հավաքական, որպեսզի մարզվի մեզ հետ:

Տիգրան Բարսեղյանի եւ Խորեն Բայրամյանի հավաքական հրավիրելու մասով, եթե հնարավոր է, դիմացեք մինչեւ նոյեմբեր, երբ կավարտվի պայմանագիրս»,- ասաց Ալեքսանդր Պետրակովը:

Հայաստան - Կոսովո հանդիպումը տեղի կունենա մարտի 22-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի 20:00-ին։

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Էմմա Ասատրյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով