22:03  ,  13 մարտի, 2024

Նախատեսվում է փոխել «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի անցկացման կարգը

Կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը հանդիպել է մարզական լրագրողների հետ և ամփոփել «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի անցկացման կարգի փոփոխությունների շուրջ քննարկումները, հաղորդում է ԿԳՄՍՆ-ի կայքը:

Կարգում նախատեսվող փոփոխությունների նախնական տարբերակը մշակվել է՝ հաշվի առնելով նաև մարզական լրագրողների կողմից ներկայացված առաջարկներն ու մասնագիտական դիտարկումները:

«Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի՝ 50 միլիոն դրամ մրցանակային ֆոնդը կմնա անփոփոխ: Կսահմանվեն նոր անվանակարգեր, որոնց հաղթողները կստանան 5-ական մլն դրամ՝ առանց հարկերի և տուրքերի: Մեկ անվանակարգի՝ «Հանդիսատեսի համակրանքի» դեպքում, որի հաղթողը կորոշվի էլեկտրոնային բաց քվեարկությամբ, որպես մրցանակ կսահմանվի հուշանվեր:

Կսահմանվեն նաև հետևյալ անվանակարգերը, որոնք նախատեսում են դրամական պարգևատրում՝

«Լավագույն եռյակ» (եռյակում ընդգրկված յուրաքանչյուր մարզիկ կստանա 5-ական մլն դրամ)

«Լավագույն կին մարզիկ»

«Հաշմանդամային սպորտով զբաղվող լավագույն մարզիկ»

«Լավագույն երիտասարդ մարզիկ»

«Լավագույն թիմ»

«Լավագույն վերադարձ / հայտնություն»

«Լավագույն մարզիչ»

«ՀՀ-ն լավագույնս հանրահռչակած մարզիկ»

Մարզիկը կարող է ընդգրկվել միայն մեկ անվանակարգում՝ բացի «Հանդիսատեսի համակրանքից»:

Քվեարկությունը կանցկացվի փակ, գաղտնի ձևաչափով: Քվեարկությանը կմասնակցեն միայն մարզական լրագրողները: Հավակնորդների ցանկում սահմանափակումներ չեն նախատեսվում:

Նախատեսվում է մրցանակաբաշխությունն իրականացնել հունվարին։

«Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի անցկացման կարգի վերջնական տարբերակը կշրջանառվի մեկամսյա ժամկետում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում