22:41  ,  15 նոյեմբերի, 2012

Հենրիխ Մխիթարյան. Ավագի թեւկապը կարեւոր չէ ինձ համար

Ինձ համար կարեւոր է, որ Հայաստանի հավաքականում յուրաքանչյուր ֆուտբոլիստ հասկանա իր կարեւորությունը խաղադաշտում, բոլորը պետք է ավագի պես խաղան, հայտարարել է Հայաստանի ազգային հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Նոյեմբերի 14-ին կայացած Հայաստան - Լիտվա (4:2) ընկերական խաղից հետո 23-ամյա կիսապաշտպանը կիսվել է տպավորություններով:

«Լիտվացիների հետ խաղի կարեւորությունն այն էր, որ մենք ճանապարհում էինք մեր լեգենդար ավագ Սարգիս Հովսեփյանին, ով որոշեց ավարտել ֆուտբոլային կարիերան: Հոգու խորքում ցավում էինք, որ հրաժեշտ ենք տալիս Սարգիսին: Շատ էինք ցանկանում հաղթել եւ նվեր մատուցել մեր ավագին: Լավ է, որ մեզ հաջողվեց հաղթանակ տանել նրա հրաժեշտի խաղում: Ինձ համար կարեւոր է, որ յուրաքանչյուր ֆուտբոլիստ հասկանա իր կարեւորությունը խաղադաշտում: Բոլորը պետք է ավագի պես խաղան: Ինձ համար կարեւոր չէ՝ կխաղամ ավագի թեւկապով, թե առանց դրա»,- Մխիթարյանի խոսքը փոխանցում է «Շախտյորի» պաշտոնական կայքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում