22:10  ,  15 նոյեմբերի, 2012

Աշխարհի չեմպիոն դառնալու վեց տարբերակ

Ֆորմուլա-1-ի աշխարհի առաջնության ավարտից երկու տուր առաջ 7 ավտոարշավորդ հաղթել է այս տարվա 18 Գրան Պրիներում։ Այսօր արդեն աշխարհի չեմպիոնի կոչումը վիճարկում են երկուսը՝ «Ֆերրարիից» Ֆերնանդո Ալոնսոն եւ «Ռեդ Բուլից» Սեբաստյան Ֆետելը։

Ի՞նչ է անհրաժեշտ նրանցից յուրաքանչյուրին աշխարհի չեմպիոն դառնալու համար։ Սկսենք հաջողության գործոնից։ Այդ իմաստով Ալոնսոյի գործերը վատ են։ Նա անբախտ չեմպիոն է։ Ալոնսոն չեմպիոն դառնալու շանսեր ուներ նաեւ 2007-ին «Մաքլարեն-Մերսեդեսի» կազմում, երբ նրա իրական մրցակիցը թիմակից-նորեկ Լյուիս Հեմիլթոնն էր։ Երկուսն էլ այդ տարում հաղթեցին 4 անգամ, վերջնարդյունքում հավաքեցին հավասար քանակությամբ՝ 109 միավոր, բայց աշխարհի չեմպիոն դարձավ «Ֆերրարիի սառցե շարժիչը»՝ Կիմի Ռայկոնենը։ Ալոնսոն այդ տարի ձախողեց միայն Ճապոնիայի Գրան Պրին եւ դա բավական էր, որ չդառնա աշխարհի չեմպիոն։ Հեմիլթոնը ձախողեց Չինաստանը, իսկ Բրազիլիայում գրավեց 7-րդ տեղը (Ալոնսոն՝ 3-րդ տեղը) բայց դա իսպանացուն չբավարարեց գործակիցներով նույնիսկ Հեմիլթոնին շրջանցելու եւ երկրորդ տեղը գրավելու համար։

Միաժամանակ նա մի մարդ է, որը կռվում է ոչ միայն բոլիդի, այլեւ՝ ճակատագրի դեմ։ Սա մի հատկություն է, որը Ֆետելը չունի։ Դա նրանից է, որ Ֆետելը ճակատագրից երես առած է, նա գրեթե չգիտի, թե ինչ է նշանակում պարտվել։ Նա մեկն է, ով ասես սեփական անհաջողություններով կռում է ուրիշի պարտությունը։ Երկու առաջնություն անընդմեջ անգերազանցելի էր, իսկ այս տարի առանց խուճապի հետեւում էր, թե ինչպես է Ալոնսոն մոտ 40 միավորով պոկվում իրենից։ Իսկ ի՞նչ վիճակ է այսօր։ Առաջնության ավարտից երկու «տուր» առաջ Ֆետելն Ալոնսոյին անհատական հաշվարկով գերազանցում է 10 միավոր։ Բախտը մյուս ավտոարշավորդների հետ լեզու չգտնող կերպար է, Ֆետելն ասես վայելի ճակատագրի հովանավորությունը։ Այդ ճակատագիրն աշխարհի բոլոր լեզուներով իր իրական իմաստից հետո կոչվում է Էդրիան Նյուի։ Այնտեղ, որտեղ Ֆետելը չի հասկանում իր բոլիդը, Նյուին «թարգմանում» է։ Ալոնսոն ինքնուրույն է գուշակում բոլիդի «ասելիքը»։ Արդյունքում՝ ի՞նչ վիճակ է այսօր։

Հայտնի է, որ Աբու Դաբիի Գրան Պրիից հետո չեմպիոնական մրցավազքից դուրս մնացին աշխարհի չեմպիոններ Կիմի Ռայկոնենն ու Լյուիս Հեմիլթոնը, ինչպես նաեւ՝ անցյալ տարվա փոխչեմպիոն, Ֆետելի թիմակից, ավստրալացի Մարկ Վեբերը։ Սեբաստիանին անհրաժեշտ է, որ հաղթի Օստինի (ԱՄՆ) Գրան Պրիում եւ առնվազն 6-րդ տեղը գրավի Բրազիլիայի Գրան Պրիում։ Միաժամանակ, կարող է հենց Օստինում դառնալ աշխարհի չեմպիոն, եթե հաղթի, իսկ Ալոնսոն պարզապես առաջին 10 տեղերից ոչ մեկը չգրավի։ Մյուս տարբերակը, որպեսզի Ֆետելը վաղաժամ դառնա չեմպիոն՝ Օստինում գրավում է 2-րդ տեղը պայմանով, որ Ալոնսոն 8-րդ տեղից բարձր չի ավարտում մրցավազքը։ Հաջորդ տարբերակը, որպեսզի Ֆետելը մրցարշավի ավարտից մեկ տուր առաջ դառնա աշխարհի չեմպիոն՝ 3-րդ տեղ Օստինում, պայմանով, որ Ալոնսոն ոչ մի միավոր չի վաստակում։ Իսկ ի՞նչ է անհրաժեշտ Ալոնսոյին աշխարհի չեմպիոն դառնալու համար։ Նրա պարագան ավելի բարդ է, բայց ոչ՝ անհնար։ Ալոնսոյին անհրաժեշտ է հաղթել երկու Գրան Պրիներում էլ։ Այդ դեպքում նա կդառնա չեմպիոն անկախ նրանից, թե որ տեղերը կզբաղեցնի Սեբաստիան Ֆետելը։ Երկու հաղթանակի դեպքում Ալոնսոն իր 245 միավորին կգումարի եւս 50-ը (ամեն հաղթանակի համար՝ 25 միավոր), արդյունքում՝ կունենա 295 միավոր, իսկ Ֆետելը, եթե երկուսում էլ գրավի 2-րդ տեղը, լրացուցիչ կվաստակի 36 միավոր (2-րդ տեղի համար տրվում է 18 միավոր)։ 255-ին գումարում ենք 36 եւ ստանում ենք 291 միավոր, ինչը չորսով պակաս է Ֆերնանդո Ալոնսոյի ցուցանիշից։ Մյուս տարբերակն այն է, որ Ալոնսոն երկու Գրան Պրիներից մեկում գրավում է առաջին տեղը, իսկ մյուսում՝ երկրորդ տեղը այն հույսով, որ Ֆետելը երկուսում էլ եզրագիծը կհատի համապատասխանաբար երկրորդ եւ երրորդ տեղերում։

Սրանցից ո՞րն է իրատեսական։ Կանխատեսել դժվար է, բայց ենթադրում եմ, որ նրանցից մեկը այս  երկու Գրան Պրիներից մեկում եզրագիծը չի հատի կամ կհատի միավորների սանդղակից դուրս։ Ո՞վ կարող է լինել այդ մեկը, դժվարանում եմ ասել։ Ես կարծում եմ, հիշելով 2007-ը եւ 2008-ը (վերջինի ժամանակ Ֆիլիպե Մասսան 38 վայրկյանով դարձավ աշխարհի չեմպիոն մինչեւ Լյուիս Հեմիլթոնը եզրագիծը հատեց 5-րդը եւ ապահովեց աշխարհի չեմպիոն դառնալու համար անհրաժեշտ միավորների քանակը), այս անգամ էլ առանց «action»-ի չի անցնի։ Ինչ-որ մի բան պիտի տեղի ունենա, որը որոշ ժամանակ կխանգարի մեր շնչառությունը, բայց թե հատկապես ի՞նչ, դժվարանում եմ ասել։

Մհեր Արշակյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում