09:52  ,  22 փետրվարի, 2024

Վարազդատ Լալայան․ Չեմ կարող ասել, թե Լաշա Տալախաձեի մասնակցությունն ինչ մոտիվացիա կտար ինձ մրցահարթակում

Չեմ կարող ասել, թե Լաշա Տալախաձեի մասնակցությունն ինչ մոտիվացիա կտար ինձ մրցահարթակում: Ես պատրաստ էի պայքարի: Փարիզ-2024-ում ոչինչ չեմ խոստանում:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Եվրոպայի չեմպիոն, աշխարհի փոխչեմպիոն, +109 կգ քաշային կարգի Հայաստանի առաջատար Վարազդատ Լալայանը:

Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճած Վարազդատ Լալայանը անցած գիշեր ծանրամարտի Հայաստանի թիմի հետ Բուլղարիայից վերադարձավ հայրենիք:

Փետրվարի 20-ին Լալայանն առաջին անգամ կարիերայում նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:

«Շատ ուրախ եմ ոսկե մեդալ նվաճելու համար: Շնորհակալ եմ բոլորին շնորհավորանքների համար: Չեմ կարող ասել, թե Լաշա Տալախաձեի մասնակցությունն ինչ մոտիվացիա կտար ինձ մրցահարթակում: Ես պատրաստ էի պայքարի: Ինչ կարող էի, արեցի, հաղթեցի:

Այն կիլոգրամները, որ բարձրացրի, իմ առավելագույնը չէր: Պատրաստվելու ժամանակը քիչ էր: Սոֆիայում 100 տոկոսանոց մարզավիճակում չէի  եւ ոչ միայն ես չէի: Բոլորս էլ լավագույն մարզավիճակում չէինք: Մեդալը կա, այժմ փուլ առ փուլ պետք է գնանք դեպի Օլիմպիական խաղեր:

Փարիզ-2024-ում ոչինչ չեմ խոստանում: Հաղթանակի հնարավոր լինելու համար պետք է քրտնաջան աշխատել, մարզվել, ինչը ես անում եմ, մնացածը Աստծո կամքով ամեն ինչ կլինի»,- ասաց Վարազդատ Լալայանը:

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնության վերջին մրցումային օրը Վարազդատ Լալայանը չեմպիոնի տիտղոսը նվաճեց երկամարտի 455 կգ արդյունքով (205+250):

Եվրոպայի առաջնությանը վնասվածքի պատճառով չէր մասնակցում +109 կգ քաշային կարգի առաջատար, 7-ակի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, կրկնակի օլիմպիական չեմպիոն, վրացի Լաշա Տալախաձեն: Վրացի ծանրորդը հայտավորվել, ապա հրաժարվել էր պայքարից: Այս քաշային կարգում Հայատանի մյուս ներկայացուցիչ Սիմոն Մարտիրոսյանը երկամարտի 437 կգ  արդյունքով արծաթե մեդալակիր է (190+247):

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English