21:51  ,  17 փետրվարի, 2024

Արման Անդրեասյանը՝ Եվրոպայի չեմպիոն (ֆոտո, վիդեո)

Արման Անդրեասյանը տպավորիչ հաղթանակով նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:  Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 70 կգ քաշայինների եզրափակիչում հայ ըմբիշը համառ պայքարում 7:3 հաշվով հաղթեց վրացի Ակակի Կեմերտելիձեին:

Առաջին մրցափուլը Անդրեասյանը սկսեց մեծ ակտիվությամբ: Մեկ րոպե անց գորգի մրցավարը վրացի ըմբիշին պասիվություն տվեց եւ հաշիվ բացեց: Մրցակիցը հնարքի չգնաց, Անդրեասյանը մեկ միավոր վաստակեց: Վայրկյաններ անց վրացի մրցակիցը երկու միավորանոց գցում կատարեց եւ հաշվի մեջ առաջ անցավ:

Երկրորդ մրցափուլում մրցակիցը եւս մեկ միավոր վաստակեց Անդրեասյանի պասիվության շնորհիվ: 3:1 հաշվից հետո Արման Անդրեասյանը մրցակցին երկու անգամ աշխատանքային գորգից դուրս հանեց: Վերջին վայրկյաններին 4 միավորանոց գցումով հաշիվը դարձրեց 7:3:

Ադրեասյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ  3:1 հաշվով պարտության   էր մատնել Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Սեմիսորովին։ Քառորդ երզափակիչում 6:5 հաշվով առավելության էր հասել  Ֆրանսիայի ներկայացուցիչ Սեյֆուլա Իտաեւի նկատմամբ: Կիսաեզրափակիչում գոտեմարտեց աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, Հունգարիայի ներկայացուցիչ Իսմայիլ Մուսուկաեւի հետ եւ համառ պայքարում հաղթեց 8:5 հաշվով:

Արման Անդրեասյանը աշխարհի բրոնզե մեդալակիր է, Եվրոպայի փոխչեմպիոն:

Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած հավաքականում 4-րդ անգամ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճեց Հայաստանի առաջատար ըմբիշ Արսեն Հարությունյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում