16:30  ,  18 հունվարի, 2024

Դավիթ Խիթարյան․ Իմ կարծիքով՝ ՀՖԿՍՊԻ Հոգաբարձուների խորհուրդը կոռուպցիոն հովանավորչություն է անում, ենթադրում եմ՝ պետական փողերը մսխվում են

Հոգաբարձուների խորհուրդը, իմ կարծիքով, կոռուպցիոն հովանավորչություն է անում ինստիտուտի մի խմբակի, որը, ինչպես ես եմ վերլուծում, կատարում է անօրինականություններ: Ինձ պաշտոնից ազատելու որոշումը ապօրինի է: Ես դիմում եմ դատարան:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի նախկին ռեկտոր, ձյուդոյի օլիմպիական կարգի մրցավար, Հայաստանի վաստակավոր մարզիչ, մանկավարժական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Դավիթ Խիթարյանը՝ մեկնաբանելով ռեկտորի պաշտոնից իրեն ազատելու որոշումը:

Հունվարի 9-ին հայտնի  դարձավ, որ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ, բուհի նախկին դեկան Տիգրան Սիմոնյանը, որը փոխարինել է Դավիթ Խիթարյանին:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նախկին ռեկտորի հեռացումը եւ նոր ժամանակավոր պաշտոնակատարի նշանակումը տեղի է ունեցել հոգաբարձուների խորհրդի նիստով, որի ժամանակ Դավիթ Խիթարյանի նկատմամբ խորհրդի անդամները անվստահություն են հայտնել:

«Հոգաբարձուների խորհուրդը, իմ կարծիքով, կոռուպցիոն հովանավորչություն է անում ինստիտուտի մի խմբակին, որը, ինչպետ ես եմ վերլուծում, կատարում է անօրինականություններ, մինչեւ այդ էլ կատարել են: Մասնավորապես, խոսքը վերաբերում է իմ լիազորությունները դադարեցնելուց հետո Տիգրան Սիմոնյանի թեկնածության առաջադրումը: Ներկայիս ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Տիգրան Սիմոնյանը հեռացված էր աշխատանքից պաշտոնի անհամատեղելիության հիմքով: Նա դիմել էր ԿԳՄՍ նախարարություն, որտեղից նրան պատասխանել էին, որ աշխատանքային իրավահավասարությունները ենթակա են միայն քննվելու դատարանում:

Այդ մասին պատշաճ ծանուցում են ունեցել հոգաբարձուների խորհրդի նախագահ Կարեն Գիլոյանը եւ Տիգրան Սիմոնյանը:

Հենց առաջին օրը Տիգրան Սիմոնյանը հրաման է տալիս մյուս պրոռեկտոր Անժելա Նուշիկյանի հեռացման հրամանը չեղարկել: Ես ենթադրում եմ, որ Տիգրան Սիմոնյանը դա արել է Կարեն Գիլոյանի իմացությամբ, որովհետեւ ես անձամբ եմ պարոն Գիլոյանին տեղյակ պահել, որ այդպիսի նամակ ենք ստացել նախարարությունից: Դրանից հետո Տիգրան Սիմոնյանը որոշում է, որ Հայաստանում արդարադատությունն ինքն է իրականացնում եւ իմ հրամանը «հեչ» է անում, Անժելա Նուշիկյանին նորից նշանակում է պրոռեկտոր:

Իրեն չի վերանշանակել, որովհետեւ իմ կարծիքով, կուլիսային համաձայնությունով ինքն ավելի բարձր պաշտոնի էր գնում: Մարդը չի համապատասխանում պաշտոնին, իրեն հեռացնում են, ինքը չի վիճարկում դատարանում, որի ժամանակն ուներ, ու հոգաբարձուների խորհուրդը որոշում է ավելի բարձր պաշտոնի նշանակել: Սա ի՞նչ է․ իմ կարծիքով՝ կոռուպցիոն հովանավորչություն:

Բացի այդ, միայն դատարանը կարող է որոշել՝ տրամադրել հարկադիր պարապուրդ: Տիգրան Սիմոնյանը ինքը որոշում է, որ Անժելա Նուշիկյանին պետք է տա հարկադիր պարապուրդ: Նույնը արել է նաեւ մյուս իրավաբանին: Այդ իրավաբանը փորձաշրջանը չէր անցել, պայմանագիրը դադարել էր: Տիգրան Սիմոնյանը նորից նրան վերականգնում է եւ հարկադիր պարապուրդ տալիս: Այսինքն՝ կոնկրետ այստեղ կարող եմ ենթադրել՝ ինչ է սա, եթե ոչ պետական փողերը մսխում, հիմնադրամի փողերն «ուտում են»: Չգիտեմ էլ ինչպես ասեմ...

Ստացվում է իմ հարցազրույցը, որը մենք արել էինք նախկինում, ապացույցն էր այս իմ ասածների, որ իշխանության, պաշտոնի ձգտում են մարդիկ, որոնց անցյալը գոնե իմ կարծիքով ակնհայտ եղել է կասկածելի կոռուպցիայի առումով: Ու սա դեռ սկիզբն է:

Ինչ վերաբերում է ինձ ռեկտորի պաշտոնից հեռացնելուն, բնականաբար ես դիմելու եմ դատարան: Արդեն վերջնական փուլում ենք: Ես այդ որոշումը բողոքարկելու եմ դատարանում, որպեսզի վերականգնեմ իմ լիազորությունները: Այդ ամենն ապօրինի է եղել: Կարծում եմ, որ արդարությունը դատարանում կհաղթի: Ռեկտորի պաշտոնից ինձ հեռացնելը ապօրինի որոշում է եղել, իրենց լիազորությունների չարաշահում է եղել:

Հոգաբարձուների խորհուրդը որոշում է՝ ես պայմանագիրը սխալ եմ կնքել, թե ոչ: Իմ նկատողություններից մեկը դա է եղել: Նաեւ ասում են, որ հոգաբարձուների խորհրդի հանձնարարականները ոչ պատշաճ կատարելը: Ես հանձնարարականը պատշաճ կատարել եմ, այլ հարց է՝ դա նրանց բավարարո՞ւմ էր, թե՞ ոչ: Չէր բավարարում, թող նոր բացատրագիր ուզեին, բայց պահանջները ես կատարել եմ»,- նշեց Դավիթ Խիթարյանը: 

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով