16:30 18 հունվարի, 2024Հոգաբարձուների խորհուրդը, իմ կարծիքով, կոռուպցիոն հովանավորչություն է անում ինստիտուտի մի խմբակի, որը, ինչպես ես եմ վերլուծում, կատարում է անօրինականություններ: Ինձ պաշտոնից ազատելու որոշումը ապօրինի է: Ես դիմում եմ դատարան:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի նախկին ռեկտոր, ձյուդոյի օլիմպիական կարգի մրցավար, Հայաստանի վաստակավոր մարզիչ, մանկավարժական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Դավիթ Խիթարյանը՝ մեկնաբանելով ռեկտորի պաշտոնից իրեն ազատելու որոշումը:
Հունվարի 9-ին հայտնի դարձավ, որ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ, բուհի նախկին դեկան Տիգրան Սիմոնյանը, որը փոխարինել է Դավիթ Խիթարյանին:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նախկին ռեկտորի հեռացումը եւ նոր ժամանակավոր պաշտոնակատարի նշանակումը տեղի է ունեցել հոգաբարձուների խորհրդի նիստով, որի ժամանակ Դավիթ Խիթարյանի նկատմամբ խորհրդի անդամները անվստահություն են հայտնել:
«Հոգաբարձուների խորհուրդը, իմ կարծիքով, կոռուպցիոն հովանավորչություն է անում ինստիտուտի մի խմբակին, որը, ինչպետ ես եմ վերլուծում, կատարում է անօրինականություններ, մինչեւ այդ էլ կատարել են: Մասնավորապես, խոսքը վերաբերում է իմ լիազորությունները դադարեցնելուց հետո Տիգրան Սիմոնյանի թեկնածության առաջադրումը: Ներկայիս ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Տիգրան Սիմոնյանը հեռացված էր աշխատանքից պաշտոնի անհամատեղելիության հիմքով: Նա դիմել էր ԿԳՄՍ նախարարություն, որտեղից նրան պատասխանել էին, որ աշխատանքային իրավահավասարությունները ենթակա են միայն քննվելու դատարանում:
Այդ մասին պատշաճ ծանուցում են ունեցել հոգաբարձուների խորհրդի նախագահ Կարեն Գիլոյանը եւ Տիգրան Սիմոնյանը:
Հենց առաջին օրը Տիգրան Սիմոնյանը հրաման է տալիս մյուս պրոռեկտոր Անժելա Նուշիկյանի հեռացման հրամանը չեղարկել: Ես ենթադրում եմ, որ Տիգրան Սիմոնյանը դա արել է Կարեն Գիլոյանի իմացությամբ, որովհետեւ ես անձամբ եմ պարոն Գիլոյանին տեղյակ պահել, որ այդպիսի նամակ ենք ստացել նախարարությունից: Դրանից հետո Տիգրան Սիմոնյանը որոշում է, որ Հայաստանում արդարադատությունն ինքն է իրականացնում եւ իմ հրամանը «հեչ» է անում, Անժելա Նուշիկյանին նորից նշանակում է պրոռեկտոր:
Իրեն չի վերանշանակել, որովհետեւ իմ կարծիքով, կուլիսային համաձայնությունով ինքն ավելի բարձր պաշտոնի էր գնում: Մարդը չի համապատասխանում պաշտոնին, իրեն հեռացնում են, ինքը չի վիճարկում դատարանում, որի ժամանակն ուներ, ու հոգաբարձուների խորհուրդը որոշում է ավելի բարձր պաշտոնի նշանակել: Սա ի՞նչ է․ իմ կարծիքով՝ կոռուպցիոն հովանավորչություն:
Բացի այդ, միայն դատարանը կարող է որոշել՝ տրամադրել հարկադիր պարապուրդ: Տիգրան Սիմոնյանը ինքը որոշում է, որ Անժելա Նուշիկյանին պետք է տա հարկադիր պարապուրդ: Նույնը արել է նաեւ մյուս իրավաբանին: Այդ իրավաբանը փորձաշրջանը չէր անցել, պայմանագիրը դադարել էր: Տիգրան Սիմոնյանը նորից նրան վերականգնում է եւ հարկադիր պարապուրդ տալիս: Այսինքն՝ կոնկրետ այստեղ կարող եմ ենթադրել՝ ինչ է սա, եթե ոչ պետական փողերը մսխում, հիմնադրամի փողերն «ուտում են»: Չգիտեմ էլ ինչպես ասեմ...
Ստացվում է իմ հարցազրույցը, որը մենք արել էինք նախկինում, ապացույցն էր այս իմ ասածների, որ իշխանության, պաշտոնի ձգտում են մարդիկ, որոնց անցյալը գոնե իմ կարծիքով ակնհայտ եղել է կասկածելի կոռուպցիայի առումով: Ու սա դեռ սկիզբն է:
Ինչ վերաբերում է ինձ ռեկտորի պաշտոնից հեռացնելուն, բնականաբար ես դիմելու եմ դատարան: Արդեն վերջնական փուլում ենք: Ես այդ որոշումը բողոքարկելու եմ դատարանում, որպեսզի վերականգնեմ իմ լիազորությունները: Այդ ամենն ապօրինի է եղել: Կարծում եմ, որ արդարությունը դատարանում կհաղթի: Ռեկտորի պաշտոնից ինձ հեռացնելը ապօրինի որոշում է եղել, իրենց լիազորությունների չարաշահում է եղել:
Հոգաբարձուների խորհուրդը որոշում է՝ ես պայմանագիրը սխալ եմ կնքել, թե ոչ: Իմ նկատողություններից մեկը դա է եղել: Նաեւ ասում են, որ հոգաբարձուների խորհրդի հանձնարարականները ոչ պատշաճ կատարելը: Ես հանձնարարականը պատշաճ կատարել եմ, այլ հարց է՝ դա նրանց բավարարո՞ւմ էր, թե՞ ոչ: Չէր բավարարում, թող նոր բացատրագիր ուզեին, բայց պահանջները ես կատարել եմ»,- նշեց Դավիթ Խիթարյանը:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.