09:04  ,  10 դեկտեմբերի, 2023

Ջեւան Չելոյանց․ Արմեն Մելիքբեկյանը հատել է կարմիր գիծը, նա իրավունք չունի լինել ՀՖՖ նախագահ (տեսանյութ)

Եթե լինի արդար ընտրություն, դա կլինի Արաս Օզբիլիսի վստահ հաղթանակը, եթե ընտրությունները կանցկացվեն այլ ճանապարհով՝ դա կլինի խայտառակություն Մելիքբեկյանի համար

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի չեմպիոն եւ գավաթակիր «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի սեփականատեր-նախագահ Ջեւան Չելոյանցը:

Դեկտեմբերի 23-ին անցկացվելիք ՀՖՖ ընտրություններում ֆեդերացիայի նախագահի պաշտոնի համար կպայքարի երկու թեկնածու՝ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը եւ Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը, որի թեկնածությունն առաջադրել է «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը։

Պարոն Չելոյանց, շնորհակալ եմ հարցազրույցի հրավերն ընդունելու համար: Հաշված օրեր մնացին ՀՖՖ նախագահի ընտրություններին: Ի՞նչ տրամադրությամբ եւ ակնկալինքներով եք մոտենում ընտրություններին:

Նորմալ աշխատանքային տրամադրություն է: Մենք աջակցեցինք մեր թեկնածուին եւ գնում ենք ընտրությունների, ինչպես ծրագրել էինք:

ՀՖՖ-ն հաստատել է երկու թեկնածուների՝ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանին եւ Ձեր գլխավորած ակումբի առաջադրած Արաս Օզբիլիսին: Ըստ ձեզ ի՞նչ պայմաններով է շարժվում ՀՖՖ-ն եւ ինչո՞ւ հենց այս երկու թեկնածուները:

Մենք այս ընտրություններում առաջադրել ենք Արաս Օզբիլիսի թեկնածությունը եւ բնականաբար քվեարկելու ենք նրա օգտին: Ճիշտ է, որ անցած ընտրություններում առաջադրել էինք Մելիքբեկյանին։

Թե ինչու են այս երկու թեկնածուները, Մելիքբեկյանի փոխարեն չեմ կարող պատասխանել: Արազ Օզբիլիսը եկավ ինձ մոտ եւ ասաց, որ ցանկանում է առաջադրվել: Մենք որեւէ մեկին չենք խոչընդոտել առաջադրվելու հարցում: Այս երկուսն են ցանկանություն հայտնել, համապատասխանել են չափանիշներին, նրանց հաստատել է ֆեդերացիայի հանձնաժողովը: Տեղյակ չեմ՝ եղել են այլ թեկնածուներ, թե ոչ, որոնց ֆեդերացիան չի թույլատրել կամ հաստատել: Եթե մարդը ցանկանում է առաջադրվել եւ համապատասխանում է պահանջներին, չեմ կարծում՝ ինչ-որ մեկը կարող է թույլ չտալ:

Արմեն Մելիքբեկյանի թեկնածությունը սպասելի՞ էր Ձեզ համար: Ի՞նչ կասեք նրա առաջադրվելու մասին:

Ես սպասում էի նրա թեկնածությանը, սակայն ֆեդերացիայում աշխատող որոշ մարդիկ փորձում էին ինձ համոզել, որ Մելիքբեկյանը ոչ մի դեպքում չի ցանկանում առաջադրվել: Չգիտեմ՝ ինչու էին փորձում համոզել, բայց այդպիսի զրույց եղել է: Նույնիսկ այդ զրույցի ընթացքում ես վստահ էի, որ նա առաջադրվելու է:

Ինչպե՞ս եք գնահատում Մելիքբեկյանի նախորդ 4 տարիների գործունեությունը ֆեդերացիայի նախագահի պաշտոնում:

Նախորդ ընտրություններում մենք առաջադրել էինք Մելիքբեկյանի թեկնածությունը: Այստեղ ցանկանում եմ ընդգծել, որ մենք գնահատական էինք տվել կոնկրետ իրավիճակի, որը կար տվյալ պահին: Այդ ժամանակ, ինչպես մեզ թվում էր եւ սկզբնական շրջանում նա ապացուցում էր, լավագույն թեկնածուն նա էր, բայց ժամանակը գնում է, փոխում է ամեն ինչ: Ցավոք, այսօր չեմ կարող դրական վերաբերվել Արմեն Մելիքբեկյանի նախագահությանը ՀՖՖ-ում: 

Ըստ Ձեզ, նրա ղեկավարման ընթացքում ի՞նչ խնդիրներ են առաջացել ֆեդերացիայում:

Ամենամեծ խնդիրը, որն առաջացել է Մելիքբեկյանի ղեկավարման ընթացքում, ֆեդերացիայի նկատմամբ վստահությունն է:

Կան կարծիքներ, որ Մելիքբեկյանին աջակցում է նաեւ Հայաստանի կառավարությունը: Այս մասով ի՞նչ կասեք:

Այս ընթացքում ո՞վ է կառավարությունից աջակցել Մելիքբեկյանին: Ես դեռ այսպիսիք չգիտեմ: Անկեղծ ասած՝ չեմ կարծում, որ Հայաստանի կառավարությունն աջակցում է նրան: Դրանք միայն անձնական տեսակետներ են: Նույնիսկ կռահում եմ, թե ում կարծիքն է:

Ինձ շատերն են ասում, որ Փաշինյանը Մելիքբեկյանի կողմնակիցն է: Փաշինյանը, որպես Հայաստանի քաղաքացի, կարող է լինել ցանկացածի կողմնակիցը, բայց չեմ մտածում, որ նա Մելիքեկյանի կողմնակիցն է: Այն, ինչ տալիս է ֆուտբոլը հասարակությանը, չի կարող անտարբեր թողնել այդ նույն հասարակության առաջին դեմքին: Այդ պատճառով, չեմ կարծում, թե նա Մելիքբեկյանի կողմնակիցն է։

Օզբիլիսի ՀՖՖ նախագահ լինելու ցանկությանն ինչպե՞ս եք արձագանքել կամ արձագանքում:

Երեւի շատերն են հիշում, երբ ֆեդերացիայի եւ «Փյունիկ» ակումբի միջեւ անհամաձայնություններ եղան, ավելի կոնկրետ՝ «Փյունիկ» ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանի հետ: Նախորդ մրցաշարջանի տարեվերջյան ամփոփիչ հարցազրույցում ես շատ կտրուկ քննադատեցի Արթուր Սողոմոնյանին: Պատրաստ եմ այդ նույնը կրկնել հիմա: Ես նրան քննադատել էի կոնկրետ արտահայտությունների համար, որոնցից մեկը, թե մարզումների համար իրեն խաղադաշտեր չեն տրամադրել: Դրանից առաջ էլ նա միտք էր արտահայտել Մելիքբեկյանի կոռումպացված լինելու մասին: Ու բնավ, նրան չքննադատեցի, որովհետեւ չէի հավատում իր խոսքերին կամ հավատում էի, այլ նրա համար, որ այդպես չեն վարվում: Եթե որեւէ մեկին կասկածում ես կոռուպցիայի մեջ, դիմիր քննչական կոմիտե, ապացույցներ ներկայացրու, հետաքննություն սկսեն: Այլ ոչ թե զուտ խոսքով ի լուր աշխարհի ասա. մարդիկ լսում են, այդպես չի կարելի: Դա շատ լուրջ մեղադրանք է: Երկրորդ արտահայտությունն այն էր, որ իրեն դաշտեր չեն տրամադրում մարզումների համար: Դու ակումբի սեփականատեր ես, քո առաջնային պարտականությունն է ապահովել քո ակումբը ամեն պայմանով: Չկան խաղադաշտեր, ստեղծիր։ Արթուր Սողոմոնյանը ոչինչ չի արել «Փյունիկի» բազայում:

 Այդ ամենից հետո եղավ մի դրվագ, որը փոխեց իմ վերաբերմունքը Մելիքբեկյանի նկատմամբ: Նա խնդիր ուներ Արթուր Սողոմոնյանի հետ կամ գուցե «Փյունիկի» գլխավոր մարզիչի հետ, բայց ոչ «Փյունիկ» ակումբի հետ:

Առաջինն ինչ ես արեցի, գնացի Մելիքբեկյանի մոտ եւ ասացի՝ «Դու իրավունք չունես, դա ճիշտ չէ»: Գուցե իրավաբանորեն կա հիմք այդպես վարվել, չգիտեմ: Նա ասում է, որ «Փյունիկի» հետ պայմանագրում կա կետ, ըստ որի կարող է միակողմանի խզել դաշտեր տրամադրելու մասին պայմանագիրը: Այո, գուցե իրավաբանորեն կարող ես, ես չեմ ստուգել, բայց դու չես կարող, ուղղակի իրավունք չունես որպես ֆեդերացիայի նախագահ, ակումբին զրկել ստադիոնից, իրավունք չունես երկրպագուներին զրկել իրենց սիրելի ակումբի խաղերին մարզադաշտից հետեւելուց: Այդ պահին ինձ համար նշանակություն չուներ՝ «Փյունիկն» էր, «Վեստ Արմենիան», «Արարատ-Արմենիան», «Արարատ», «Վան» թե որեւէ այլ ակումբ: Ես Մելիքբեկյանին ասացի, որ դա իր համար կարմիր գիծ է եւ նա այդ քայլով հատեց այն: Նա ոչ մի բարոյական եւ էթիկական իրավունք չուներ ակումբին զրկել խաղադաշտից: Ֆեդերացիայի նախագահը չի կարող իրեն թույլ տալ այդպիսի արարք: Նա անձնական կոնֆլիկտը բերեց ընդհանուր դաշտ: Սա մեր անձնական խոսակցությունն է եղել Մելիքբեկյանի հետ, որից ես լուռ հեռացել եմ:

Այնպես է ստացվում, որ հաճախ մեկնում եմ ազգային հավաքականի արտագնա խաղերին, ի դեպ նշեմ՝ միշտ իմ անձնական միջոցներով: Մելիքբեկյանի խնդրանքով այս անգամ մեկնել էի Ռիգա, Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի 7-րդ տուրի Լատվիա-Հայաստան խաղին, որտեղ պարտվեցինք 0:2 հաշվով: Այն, ինչ տեսա այնտեղ, այն, ինչ ինձ այնտեղ ասաց ֆեդերացիայի շատ բարձրաստիճան պաշտոնյա, ցնցեց ինձ: Ես ուղղակի շշմած լսում էի նրան, ֆեդերացիայի այդ բարձրաստիճան պաշտոնյային: Երեւան վերադառնալու ճանապարհին օդանավում ես էի, ինձ հետ երկու հոգի՝ այդ բարձրաստիճան պաշտոնյան եւ եւս մի գործընկեր: Ճանապարհին ականատես եղա շատ «հետաքրքիր» մի զրույցի, շատ բան լսեցի, որն ինձ, անկեղծ կլինեմ, բացարձակ չուրախացրեց: Մեզ հետ էր նաեւ Արաս Օզբիլիսը, որը եւս լսեց ամբողջ զրույցը:

Այդ ժամանակ Արասն իմ ակումբի ֆուտբոլիստն էր, «Ուրարտուի» առաջատարներից մեկը: Երբ հանդիպեցի նրան, ասացի, որ կարիերան ավարտելուց հետո ցանկանում եմ, որ  գլխավորի մեր ակադեմիան: Նման փորձով մարդը, որը մոտ 15 տարի անցկացրել է «Այաքսում», ի դեպ՝ այն ժամանակ, երբ «Այաքսն» ուներ Եվրոպայի եւ աշխարհի լավագույն ակադեմիաներից մեկը, ուղղակի մեղք կլիներ նրան կորցնելը: Եվ մենք եկանք համաձայնության: Մեր պայմանավորվածությունից երկու օր անց Արասը եկավ ինձ մոտ եւ ասաց, որ ցանկանում է ավարտել ֆուտբոլային կարիերան։ Ապա ասաց՝ «Ցանկանում եմ առաջադրվել ֆեդերացիայի նախագահի պաշտոնում»: Նրա այս հայտարարությունն ինձ ստիպեց մեկ րոպե մտածել, որից հետո ասացի՝ «Ես քեզ կաջակցեմ»: Արասին վաղուց գիտեմ: Նախկինում նրան «գնել» եմ «Կուբանից» «Սպարտակի» համար: Դեռ այդ ժամանակ ես գիտեի, թե նա ինչ տեսակ մարդ է, ինչպես է մտածում: Այս ամենը հաշվի առնելով, նրան հստակ ասացի, որ կաջակցեմ ընտրություններում:

Կարծում եմ, որ Մելիքբեկյանը խախտել է ֆեդերացիայի նախագահի կանոնադրությունը: Նա իրավունք չունի լինել ֆեդերացիայի նախագահ: Ահա այն, ինչ ես մտածում եմ: Եթե ընդհանուր խոսենք ֆեդերացիայից, շատ այլ նրբություններ էլ կան, որոնք այս պահին կարեւոր չեն: Այն դրվագը, որ ես պատմեցի, ամենակարեւորն է, շատ բան է ենթադրվում այդ դրվագից, ինչը ուղղակի չի կարելի անտեսել:

Արաս Օզբիլիսի՝ ՀՖՖ նախագահի թեկնածություն դնելու հայտարարությունը բուռն քննարկումների տեղիք տվեց, շատերը քննադատեցին, ոմանք աջակցություն հայտնեցին: Սպասո՞ւմ էիք նման արձագանքի:

Ամեն ինչին կա արձագանք: Սպասո՞ւմ էի ես այսպիսի բուռն արձագանքի, թերեւս՝ այո: Սպասում էի, որ ինչ-որ մեկը կողմ կլինի, մյուսը՝ դեմ: Ես տեսնում եմ այդ արձագանքները, բայց դա չի նշանակում, որ 1000 տոկոսով ինչ-որ բան գիտեմ, կամ չգիտեմ: Տեսնում եմ հասարակության տրամադրությունը: Վերջերս մի հարցում տեսա, որտեղ Արասը ձայների տոկոսով առաջ էր Մելիքբեկյանից՝ 70-15-ի: Գուցե 5-10 տոկոսը սխալվեմ, բայց այս թիվը խոսում է հասարակության վերաբերմունքի մասին:

 «Ալաշկերտ» ակումբի նախագահ Բագրատ Նավոյանը NEWS.am Sport-ին տված հարցազրույցում կտրուկ արտահայտվեց Օզբիլիս առաջադրվելու մասին, նաեւ նշեց, որ նրա ընտրվելու դեպքում դուրս կգան Հայաստանի առաջնությունից, որովհետեւ նման նախագահի հետ աշխատելն ամոթ է: Ինչպե՞ս կարձագանքեք Բագրատ Նավոյանին:

Ես չեմ արձագանքի Բագրատ Նավոյանի քննադատությանը Արաս Օզբիլիսի թեկնածության վերաբերյալ: Ես սիրում եմ ֆուտբոլը, այլ ոչ թե ինձ ֆուտբոլում: Բագրատ Նավոյանը, երեւի, սիրում է իրեն ֆուտբոլում, եթե նա այդպիսի հայտարարություններ է անում: Պետք է սիրել ֆուտբոլը, ոչ թե քեզ ֆուտբոլում. Սա վերաբերում է ինչպես Նավոյանին, այնպես էլ Սողոմոնյանին: Եթե սիրում ես ֆուտբոլը, ուրեմն պետք է աշխատես ֆուտբոլում: Նախ Նավոյանը չգիտի, թե ինչպիսի նախագահ կլինի Արասը: Նա չի կարող իմանալ: Համոզված եմ, որ իր եվրոպական դաստիարակությամբ, իր շատ դժվար կյանքի պատճառով Արասը չի անի այնպիսի բաներ, որոնք արել է Մելիքեկյանը: Սխալներ կարող են լինել, գուցե լինեն ոչ ճիշտ որոշումներ, որոնք բազմաթիվ են Մելիքբեկյանի մոտ, բայց կան կարմիր գծեր, որոնք Արասը չի հատի, ինչպես Մելիքբեկյանը. դա է ինձ համար կարեւորը։

 «Վեսթ Արմենիայի» տնօրենի կարծիքով էլ՝  Արաս Օզբիլիզը շատ լավ ֆուտբոլիստ էր, ինչը չի նշանակում, որ կարող է լինել լավ ղեկավար: Ի՞նչ կասեք դրա մասին:

«Վեստ Արմենիայի» տնօրենի կարծիքին մեկնաբանություն չունեմ: Հարց ունեմ նրան՝ այն, որ Արասը լավ ֆուտբոլիստ էր, խանգարո՞ւմ է նրան լինել լավ նախագահ, թե՞ օգնում է: Գիտեմ շատ ֆուտբոլիստներ, որոնք իրենց երկրներում եղել են լավ ֆուտբոլիստներ եւ ակադեմիայի նախագահներ: Օրինակ՝ Կոբիաշվիլին, Շուկերը, լավ ֆուտբոլիստներ են եղել, ինչը նրանց օգնել է դառնալ լավ նախագահներ: Սա է հարցի պատասխանը։

Որքա՞ն է Արաս Օզբիլիսի ընտրվելու հավանականությունը Արմեն Մելիքբեկյանի հետ միակ մրցակցության պայմաններում:

 Դուք ինձ ստիպում եք լինել գուշակ: Շատ դժվար հարց տվեցիք, չեմ կարող կռահել, բայց կարծում եմ, որ Արասի ընտրվելու հավանականությունը չափազանց մեծ է, եթե, իհարկե, լինի արդար ընտրություն, իսկ Մելիքբեկյանը խայտառակ է լինելու։

«Փյունիկ» ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը NEWS.am Sport-ին տված հարցազրույցում նշեց, որ չի հավատում արդար ընտրություններին: Նաեւ հետաքրքիր դիտարկում արեց, որ շուտով Արմեն Նիկողոսյանը կսկսի հեռախոսային քաղաքականություն վարել, վազվզել այս ակումբից, այն ակումբ, որպեսզի հուշի՝ թե ում ընտրեն: Դա այդպե՞ս է եւ հավատո՞ւմ եք արդար ընտրությանը:

Սողոմոնյանին չեմ կարող դատել ընտրությունների արդարությանը չհավատալու համար: Համաձայն չեմ այն դիտարկման հետ, որ Նիկողոսյանը շուտով կսկսի վազել այս ակումբից, այն ակումբ, որովհետեւ նա այլեւս այդ տարիքում չէ եւ նրա համար դժվար կլինի վազելը, իսկ զանգել կարող է. դա ավելի հեշտ է: Միանգամից ասեմ՝ ինձ չի զանգել, որովհետեւ գիտի ինձ եւ իմ դիրքորոշումը, որը նրան բավարար է: Արդեն ասացի՝ եթե լինի արդար ընտրություն, դա կլինի Արաս Օզբիլիսի վստահ հաղթանակը, եթե ընտրությունները կանցկացվեն այլ ճանապարհով՝ դա կլինի խայտառակություն Մելիքբեկյանի համար:

Արմեն Մելիքբեկյանի ղեկավարման տարիներին ֆեդերացիայի աշխատանքը որքանո՞վ է նպաստել կամ խոչընդոտել հայկական ֆուտբոլի զարգացմանը:

Հարցն այնքան էլ տեղին չէ, քանի որ ինչ-որ հարցերում Մելիքբեկյանի գլխավորած ֆեդերացիայի աշխատանքը նպաստել է ֆուտբոլին: Շատ հեշտ է ցույց տալ արդյունք, երբ դու զրոյի վրա ես, իսկ հայկական ֆուտբոլը զրոյի վրա էր: Մյուս կողմից էլ ոչինչ չի բարելավվել: Ֆեդերացիան պատասխանատու է բոլոր հավաքականների համար, ոչ միայն ազգային ընտրանու: Ոչ մի հավաքական ոչնչի չի հասել, ոչ մի արդյունք չի գրանցել, չի հաղթել, դուրս չի եկել ինչ-որ փուլ:  Կան հավաքականներ, որոնք առհասարակ պարտվել են բոլոր խաղերը, ինչպես, օրինակ, կանանց հավաքականը:

Որպես ակումբի ղեկավար, ֆուտբոլային մարդ, ի՞նչ խնդիրներ եք տեսնում հայկական ֆուտբոլում։

Հայկական ֆուտբոլում խնդիրները շատ են եւ նոր չեն: Հասկանում եմ, որ ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ: Երկիրը տարիներ շարունակ եղել է գործնականում մեկուսացված, ոչ այդքան հարուստ: Այսօր երկրում գումար կա, բայց ցավոք, դեռ չի անդրադառնում ֆուտբոլի վրա: Հուսամ՝ դեռ:

Հայկական ֆուտբոլում մշտապես խնդիր է եղել ու այժմ շարունակում է մնալ մրցավարությունը: Ենթակառուցվածքների հարցով արդեն ունենք որոշակի դրական տեղաշարժ: Նշեմ, որ այդ նախագծերը հիմնել էին մինչեւ Մելիքբեկյանը, նա միայն ավարտին է հասցրել դրանք:

Չեմ սիրում բողոքել, բայց ինձ ստիպում եք խոսել մի դրվագի մասին: Մեկ անգամ ես պայմանավորվածություն եմ ունեցել Մելիքբեկյանի հետ կազմակերպել եւ անցկացնել պրոֆեսիոնալ լիգա: Անցել է տարի եւ նա չի կատարել իր խոստումը: Ինձ ասաց՝ դու հավաքիր ակումբները, քննարկեք Լիգա ստեղծելու հարցերը, հետո ես կհանդիպեմ ակումբների հետ որպես ֆեդերացիայի նախագահ եւ կկազմակերպենք: Ես հանդիպեցի ակումբների հետ, նույնիսկ պրոտոկոլ կա այդ հանդիպման մասին: Բոլորը համաձայնեցին, բացի «Ալաշկերտից»: Մելիքբեկյանը մինչ օրս ժողով չանցկացրեց, իսկ պետք է անցկացներ այս տարվա հունվարին: Հիմա դեկտեմբերն է, իսկ նա այդպես էլ ժամանակ չգտավ: Սրանք այն կարեւոր հարցերն են, որոնք պետք է լուծի ֆեդերացիայի նախագահը, մնացած հարցերով պետք է զբաղվեն այն մարդիկ, որոնք աշխատում են ֆեդերացիայում:

Եթե չեմ սխալվում անցած, թե նախանցած մրցաշրջանում «Լոկոմոտիվն» ու «Սեւանը» դուրս եկան Հայաստանի առաջնությունից: Նրանք դատի են տվել ֆեդերացիային եւ շահել դատերը: Ֆեդերացիան լռում է այդ մասին, ումի՞ց եք թաքցնում:  Ֆեդերացիայի նախագահը ընդամենը գործկոմի անդամների կողմից ընտրված մարմին է: Սա չեն հասկանում ֆեդերացիայում: Խոսքը միայն Մելիքբեկյանի մասին չէ: Այնտեղ բոլորն իրենց համարում են «նաչալնիկներ»: 

Ի՞նչ կարծիքի եք Հայաստանի ազգային հավաքականի մասին։ Ի՞նչ գնահատական կտաք գլխավոր մարզիչ Պետրակովի, ֆուտբոլիստների աշխատանքին եւ գրանցած արդյունքներին:

Արդեն նշեցի, որ ես ֆուտբոլի մասնագետ չեմ, նաեւ մարզիչ չեմ, բայց ազգային հավաքականի մասին կարծիքս կասեմ որպես երկրպագու: Ինչպես նախկինում, Հայաստանի հավաքականը ոչնչի չի հասել: Ինձ համար կարեւոր է արդյունքը: Ինչ վերաբերում է Պետրակովին, իմ կարծիքով, նա ուժեղ մարզիչ է: Ինձ չի գոհացնում ազգային հավաքականի մարզիչի ընտրության սկզբունքը: Ոչ թե անձամբ այս կամ այն մարզիչը, այլ թե ինչպես է Մելիքբեկյանն ընտրում մարզիչ: Իմ կարծիքով, ազգային հավաքականին պետք է այնպիսի մարզիչ, որը հավաքականը կդիտարկի որպես իր կարիերայի «տրամպլին» (ցատկահարթակ): Հակառակ դեպքում ներքին հակասություններ են առաջանում։ Փորձը ցույց է տվել, որ ազգային հավաքականը գլխավորելուց հետո, մարզիչներն այլեւս ոչ մի տեղ չեն աշխատում: Օրինակ՝ Կապարոսը. որտե՞ղ է նա հիմա, ոչ մի տեղ: Երբ գիտես, որ սա քո վերջին աշխատանքն է, կամա, թե ակամա ոչ այնքան ճիշտ քայլեր ես անում:

Ի՞նչ «սցենար» սպասել դեկտեմբերի 23-ին եւ ի՞նչ կցանկանաք թեկնածուներին: 

Նշեմ, որ Հայաստանում գտնվելուս տարիների ընթացքում առաջին անգամ եմ մասնակցելու ֆեդերացիայի ժողովին: Շատերը նշում են, որ Արազ Օզբիլիսն իսկապես եղել է լավ ֆուտբոլիստ, այն դեպքում երբ նա հնարավորություն չունեցավ լիարժեք ցուցադրել իր ներուժը ծնկի վնասվածքի պատճառով: Արասը ուժեղ ֆուտբոլիստ էր, որպես մարդ՝ մեծ հեղինակություն ուներ խաղադաշտում: Նրան մաղթում եմ, որ լինի ուժեղ նախագահ եւ ավելի շատ հիշվի որպես ֆեդերացիայի լավ նախագահ, քան լավ ֆուտբոլիստ:

Ինչ վերաբերում է Մելիքբեկյանին, մեկ բան եմ ուզում ասել՝ միայն ուժեղ մարդիկ են կարող ընդունել իրենց սխալները: Թույլ մարդը չի կարող: Արմեն, եղի՛ր ուժեղ: Ես շատ եմ ուզում, որ դու ուժեղ լինես: Սա իմ կոչն է Մելիքբեկյանին:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով