09:04  ,  25 նոյեմբերի, 2023

Բագրատ Նավոյան․ Եթե լիներ Ռուբեն Հայրապետյանը, ձայնս նրան կտայի, նա ավելի լավ կղեկավարեր ֆեդերացիան

ՀՖՖ նախագահի ընտրություններում սատարելու եմ Արմեն Մելիքբեկյանին: Եթե թեկնածուներից լիներ Ռուբեն Հայրապետյանը, մեծ սիրով ձայնս կտայի նրան, քանի որ նա ավելի լավ կղեվարարեր ֆեդերացիան: Արաս Օզբիլիսի ընտրվելու դեպքում, հաջորդ օրը «Ալաշկերտը» դուրս կգա, որովհետեւ նման նախագահի հետ կամաչեմ աշխատել:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ալաշկերտ» ակումբի հիմնադիր-սեփականատեր, ՀՖՖ Գործկոմի անդամ Բագրատ Նավոյանը:

Դեկտեմբերի 23-ին անցկացվելիք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի թեկնածուների առաջադրման ժամկետն արդեն լրացել է, բայց ՀՖՖ-ն դեռ չի հրապարակել թեկնածուների անունները:

«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի հիմնադիր-սեփականտեր Բագրատ Նավոյանն այս ընտրություններում սատարելու է ՀՖՖ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանին:

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ակումբի սեփականատերը խոսել է առաջիկա ընտրության, սպասելիքների եւ «Ալաշկերտ» ակումբի դիրքորոշման մասին:

Պարոն Նավոյան, ՀՖՖ նախագահի ընտրություններին մեկ ամսից քիչ ժամանակ է մնացել: Ի՞նչ ակնկալիքներով եւ տրամադրվածությամբ եք սպասում այս ընտրություններին:

Առաջիկա ընտրություններից ունեմ այն սպասելիքներս, որ Արմեն Մելիքբեկյանը կվերընտրվի, եւ մենք կշարունակենք միասին զարգացնել հայկական ֆուտբոլը: Մենք ունենք շատ նորմալ ֆեդերացիա, նորմալ նախագահ: Ակնկալում եմ, որ բոլորս միասին ձայն ենք տալու պարոն Մելիքբեկյանին:

Արմեն Մելիքբեկյանից բացի, այլ թեկնածու դիտարկո՞ւմ եք: Առաջադրված է նաեւ Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը:

Տեղյակ եմ, որ Արաս Օզբիլիսն էլ է դրել իր թեկնածությունը: Ուղղակի՝ ամաչում եմ: Ափսոսում եմ այդ տղային: Նա շատ լավ ֆուտբոլիստ է, շատ լավ մարդ, բայց նրա համար դեռ շատ շուտ է ֆեդերացիայի նախագահ լինել: Իմ տղան ավելի բարձրակարգ վիճակում է, պատրաստ ղեկավարել ֆեդերացիա, բայց ես գտնում եմ, որ ներկայիս նախագահը շատ լավ վիճակում է, նորմալ ղեկավարում է: Չգիտեմ, թե Արաս Օզբիլիսն ում է հավատացել, ով է իրեն խաբել, ինչ ազդեցությունների տակ է ընկել, ուղղակի նրան ափսոսում եմ: Նա դեռ պետք է ֆուտբոլ խաղա, հետո մարզիչ դառնա, ղեկավար դառնա, նոր փորձի ֆեդերացիա ղեկավարել: Երեւի ինքն էլ է զարմանում, որ առաջադրվել է: Այդ նույն է, որ ինձ տանեն վարչապետ նշանակեն. ես կզարմանամ:

Ինչպե՞ս եք գնահատում Արմեն Մելիքբեկյանի գլխավորությամբ ֆեդերացիայի աշխատանքը անցած 4 տարիներին:

Շատ լավ, դրական, շատ նորմալ: Մոսկվան միանգամից չի կառուցվել: Նա շատ քիչ ժամանակ է ղեկավարում եւ հույս ունեմ, որ վերընտրվելու դեպքում, ապագայում նորմալ կլինի ամեն ինչ:

Եթե ոչ Արմեն Մելիքբեկյա՞նը...

Եթե ոչ Արմեն Մելիքբեկյանը, միակ մարդը, որ ես կհամաձայնվեի, Ռուբեն Հայրապետյանն է: Եթե նա առաջադրվեր, մեծ սիրով նրան ձայն կտայի, որովհետեւ նա մեծ ներդրում ունի հայկական ֆուտբոլում եւ, վստահ եմ, կշարունակեր նույն կերպ: Այս պահին գտնում եմ, որ Մելիքբեկյանը շատ բան է անում հայկական ֆուտբոլի համար:

Ձեզ այդ պաշտոնում չեք տեսնո՞ւմ:

Անկեղծ ասած, ես ցանկություն չունեմ ֆեդերացիայի նախագահ դառնալ կամ իմ թեկնածությունն առաջադրել: Ես ակումբ եմ ղեկավարում, բավարարվում եմ իմ թիմով եւ գործունեությամբ:

Ձեզ համար ի՞նչ խնդիրներ եք առանձնացրել հայկական ֆուտբոլում, որը Մելիքբեկյանի վերընտրվելու դեպքում կառաջարկեք լուծել:

Հայկական ֆուտբոլում տեսնում եմ առաջընթաց: Հավաքականը պարտվեց եւ այլն... այս ամենը բամբասանք է, երգեր... Չեն մտածում, որ ախր, մյուս երկրների հավաքականներն էլ են պարտություններ ունենում: Գուցե երիտասարդական հավաքականը մի քիչ թույլ է խաղում, բայց բոլորն ուժեղանում են: Օրինակ, Ջիբրալթարն այլեւս այն թիմը չէ, որին մենք ճանաչում էինք 20 տարի առաջ: Բոլոր թիմերն ուժեղացել են, բոլորն էլ ունեն մեծ թվով ուժեղ ֆուտբոլիստներ: Այս պահին մեր բախտն էլ այսպիսին է, ունենք այս մակարդակի ֆուտբոլիստներ, որոնք պայքարում են, բայց արդյունքը դեռ գոհացուցիչ չէ:

Ինձ համար Հայաստանի հավաքականի խաղամակարդակը ավելի բարձր է, քան Թուրքիայի, Խորվաթիայի կամ Ուելսի հավաքականներինը: Ուղղակի, խաղեր կան, որ մեր բախտը չբերեց:

Ներկայիս ղեկավարությունն ամեն ինչ անում է, որ մեր հավաքականը լավ հանդես գա, հաղթանակներ ունենա: Ես նրանց հետ եղել եմ, տեսել եմ, գիտեմ նրանց ապրումները: Մարդիկ կան՝ ուրախանում են, որ հավաքականը պարտվեց եւ դուրս մնաց Եվրո-2024-ից: Այդ նույն մարդիկ երեւի ինֆարկտի են հասնում մինչեւ խաղը վերջանում է:

Ստացվում է՝ առաջիկա ընտրություններում սատարելու եք Արմեն Մելիքբեկյանին:

Միանշանակ: Նորից եմ ասում, եթե լիներ Ռուբեն Հայրապետյանը, մեծ սիրով ձայնս կտայի նրան, քանի որ համոզված եմ՝ ինքն ավելի լավ կղեկավարեր ֆեդերացիան: Այս պահի դրությամբ եւ այս ընտրությամբ միանշանակ Արմեն Մելիքբեկյան: Գիտեմ, որ երկու թեկնածու ունենք՝ Արմեն Մելիքբեկյան եւ Արաս Օզբիլիս: Մեծ սիրով ձայնս կտամ հարգարժան Մելիքբեկյանին եւ կոչ կանեմ մյուս ակումբներին, ընկերներին ձայնը տալ նրան: Արաս Օզբիլիսը դեռ երիտասարդ է, մեծ ճանապարհ ունի անցնելու: Ինքը խաբվել է երեւի եւ չի զգում՝ ինչ է անում:

Եթե Արաս Օզբիլիսը ընտրվի ֆեդերացիայի նախագահ, կրկնում եմ, հաջորդ օրը «Ալաշկերտը» դուրս կգա, որովհետեւ նման նախագահի հետ ես կամաչեմ աշխատել:

 «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը NEWS.am Sport-ին տված հարցազրույցում նշել էր, որ իր թեկնածուն կառաջադրի, բայց չի լինի ինքը: 

Եթե «Փյունիկի» թեկնածուն լինի Արթուր Սողոմոնյանը, ես կմտածեմ, բայց առաջադրվելու ժամկետը վերջացել է եւ մենք ունենք երկու թեկնածու: Գուցե «Փյունիկն» էլ թեկնածու ունի, տեղյակ չեմ: Հիշում եմ պարոն Սողոմոնյանի խոսքերը, որ եթե այս ղեկավարությունը վերընտրվի, նա կթողնի թիմը: Ես սպասում եմ այդ օրվան, տեսնեմ՝ երբ է թողնելու թիմը:

Ձեր խոսքում նշեցիք, որ եթե Ռուբեն Հայրապետյանն առաջադրվեր, նրան կընտրեիք: Ինչո՞վ պայմանավորված:

Ռուբեն Հայրապետյանի հետ աշխատել եմ եւ զգացել, թե նա որքան խիստ էր ֆուտբոլում: Երեւի խստություն էլ է պետք մեզ: Իսկ եթե համեմատում ենք՝ Մելիքբեկյան, Հայրապետյան եւ Օզբիլիս, դա աբսուրդ է: Ամեն դեպքում գիտեմ, որ Հայրապետյանը թեկնածություն չի դրել, նրան պետք էլ չի, նա շատ բան է արել հայկական ֆուտբոլի համար: Ուղղակի Արաս Օզբիլիսը եւ մյուսները, որոնք առաջարվել են, պետք է մտածեն, թե ինչ են ուզում: Ես էլ շատ բան եմ ուզում, բայց, կներեք, եթե մեկ հոգի կարողանում է ծանրաձողը բարձրացնել 80 կգ, պետք է 120 կգ-ի տակ չմտնի: Ամոթ է ուղղակի: Այս կերպ հայկական ֆուտբոլը փչացնում ենք, ծիծաղելի վիճակ է:

Կրկնվեմ՝ Արաս Օզբիլիսը շատ լավ ֆուտբոլիստ է եղել, շատ լավ մարդ է: Նրան խորհուրդ կտամ նախ դեռ մարզիչ դառնա, երեխաների հետ շփվի, ֆեդերացիայի հետ շփվի, տեսնի՝ ինչ է ֆեդերացիայի նախագահ լինելը: Պարզ ասեմ՝ դա ինքը չի որոշել, ուղղակի ափսոսում եմ, մեղք է:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով