17:03  ,  20 նոյեմբերի, 2023

Պաուերլիֆտինգի Հայաստանի հավաքականը ոսկե մեդալներ է նվաճել ԵԱ-ում

Պաուերլիֆտինգի Հայաստանի հավաքականը Լեհաստանի Նովի Սոչ քաղաքում մասնակցել է WPA վարկածով Եվրոպայի առաջնությունը:

Հավաքականը ՀՊՖ նախագահ Գագիկ Սարոյանի գլխավորությամբ նվաճել է ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ։

20 երկրների ավելի քան 300 մարզիկների պայքարում Հայաստանի հավաքականը զբաղեցրեց թիմային երկրորդ տեղը` իրենից առաջ թողնելով միայն Լեհաստանի հավաքականին, հաղորդում է ՀՊՖ-ի մամուլի ծառայությունը:

Պատանիների 48կգ քաշային կարգի ձգում վարժությունում Եվրոպայի ռեկորդով (115 կգ) չեմպիոն դարձավ Տավուշի մարզի Բերդ քաղաքից Արտյոմ Գալստյանը:

60կգ քաշային կարգում Եվրոպայի կրկնակի չեմպիոն դարձավ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքից Ալիկ Խաչատրյանը` ինչպես նաև պատանիների` մինչև 19 տարեկան, բացարձակ հաշվարկում զբաղեցրեց երրորդ տեղը:

Հրազդան քաղաքի մեկ այլ ներկայացուցիչ` Արթուր Վարդանյանը, 74կգ քաշային կարգում դարձավ կրկնակի փոխչեմպիոն: Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքը ներկայացնող Արտակ Ավետիսյանը 90կգ քաշային կարգում հռչակվեց Եվրոպայի կրկնակի չեմպիոն: 100կգ պայքարում չեմպիոն դարձավ Լոռու մարզի Սպիտակ քաղաքից Վահե Ափիցարյանը:

Մեծահասակների պայքարում 56կգ քաշային կարգում ձգում վարժության  Եվրոպայի ռեկորդով (180կգ) չեմպիոն դարձավ Լոռու մարզի Սպիտակ քաղաքից Սեյրան Աբրահամյանը: 100կգ Եվրոպայի կրկնակի չեմպիոն դարձավ նույն քաղաքի մեկ այլ ներկայացուցիչ Սեդրակ Մացակյանը:

82,5կգ M4 տարիքային խմբում հաղթեց Երևանցի Դավիթ Գրիգորյանը: 90կգ M2 Եվրոպայի փոխչեմպիոն դարձավ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքից Կարեն Հովհաննիսյանը: 100կգ M2 տարիքային խմբում հաղթեց Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքից Հայկ Աֆյանը: Երևանցի Արտյոմ Խուգոյանը 110կգ հաղթող դարձավ ձգում վարժության եվրոպայի ռեկորդով` 302,5 կգ, նաև մեծահասակների բացարձակ հաշվարկում զբաղեցնելով երկրորդ տեղը:

Կանանց պայքարում 75կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն դարձավ Տավուշի մարզի Բերդ քաղաքից Ալլա Միրզոյանը, բացարձակ հաշվարկում զբաղեցնելով նաև երրորդ տեղը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում