21:07  ,  18 նոյեմբերի, 2023

Ալեքսանդր Պետրակով․ Կրկին պակասեց վարպետությունը

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ուկրաինացի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հետխաղային ասուլիսում մեկնաբանեց Եվրո-2024 ընտրական մրցաշարի նախավերջին տուրում Ուելսի հավաքականի հետ ոչ ոքի արդյունքը՝ 1:1:

«Այսօր մեզ կրկին պակասեց վարպետությունը: Ես չեմ ընդունում՝ «այս անգամ էլ մեզ բախտը չժպտաց»: Ինձ համար ցավալի է, որ մենք ունեցանք ինքնագոլ: Նաիր Տիկնիզյանը խաղից հետո մոտեցավ ինձ եւ համեմատեց իր ինքնագոլը Ուկրաինայի հավաքականում Յարմոլենկոյի ինքնագոլի հետ: Ես նրան ասացի, որ երբեք չի կարելի համեմատվել մյուսների հետ:

Եզրային նետումների վրա մեծ ուշադրություն էինք դարձրել: Ցավոք, չունենք այնպիսի խաղացող, որը կարողանա 45 մետր եզրային նետում կատարել: Կարիք չկա այլեւս ոչնչի մասին խոսել, ամեն ինչ անցյալում է: Պետք է նայել առաջ եւ պատրաստվել Խորվաթիայի դեմ խաղին: Տղաներն ամեն ինչ արեցին, ես որեւէ նկատառում չունեմ նրանց դեմ: Մեծ ցանկությունը կար, բայց ստացվեց ինքնագոլ:

Հայաստանի հավաքականը շատ դժվար է խաղում կարգապահ ֆուտբոլ: Մենք արդեն սկսել ենք կոմպակտ ֆուտբոլ խաղալ:

Եկեք լինենք բաց եւ անկեղծ՝ Ուելսը բարձրակարգ թիմ է եւ այն թիմը չէ, որի դեմ հնարավոր լինի փակ խաղալ: Խաղի ընթացքում ականատես եղանք, որ երբ Հայաստանը կարգապահ ֆուտբոլ է խաղում, մեզ մոտ ստացվում է, երբ խախտվում է կարգապահությունը, ոչինչ չի ստացվում: Ես նախախաղային ասուլիսում ասել էի, որ բաց ֆուտբոլ չենք խաղալու, բայց երկրորդ խաղակեսում ստիպված էինք: 

Ես Սպերցյանին չեմ կարող դնել այն դիրքում, որտեղ նա խաղում է իր ակումբում: Ես նրանց հետ խորհրդակցում եմ, թե որ դիրքում նրանք իրենց լավ կզգան: Ես այդքան մեծ հնարավորություն չունեմ: Մենք չենք կարող խաղալ 4-3-3 տակտիկական սխեմայով, որովհետեւ այդքան շատ ֆուտբոլիստների ընտրություն չունեմ:

Ես ջերմ հարաբերությունների մեջ եմ Սպերցյանի հետ: Նա իրեն լավ է զգում այն դիրքում, որտեղ ես նրան դրել եմ:

Ուգուն վնասվածք է ստացել, առայժմ ոչինչ չենք կարող ասել, վաղը նրան կուղարկենք հետազոտության, եթե կարիք լինի:

Այսօր Հարոյանի լավագույն խաղն էր եւ առհասարակ նա այս մրցաշարում իր լավագույն խաղը ցույց տվեց:

Հայ ֆուտբոլիստներին շատ դժվար է տրվում մեկը մեկի դեմ խաղալը: Հարությունյանը, Կալիսիրը, որը 34 տարեկան է, տվեցին իրենց ողջ ուժը: Դաշյանը, Տիկնիզյանը, բոլորը մեծ նվիրումով խաղացին:

Դեռ չեմ կարող ամփոփել ընտրական մրցաշարը, քանի որ դեռեւս ունենք մեկ խաղ Խորվաթիայի դեմ:

Պատրաստվում ենք Խորվաթիայի դեմ խաղին: Շատ ուժեղ մրցակից ունենք առջեւում: Տղաներին ասել եմ, որ որեւէ ստուգողական խաղում այսպիսի դժվար մրցակից չէինք կարող ունենալ:

Սխալները թույլ չտալու համար մեզ անհրաժեշտ է շատ մարզվել: Ֆուտբոլիստները պետք է շատ մարզվեն, անհատական մարզումներ ունենան իրենց ակումբներում: Բոլորը պետք է հասկանան, որ ազգային հավաքականը երկրի դեմքն է: Բոլորը պետք է սիրեն իրենց ազգային հավաքականը, իրենց ակումբներում անհատական մարզումներ անցկացնեն, հետո գան ազգային հավաքական:

Ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հատնել հայ երկրպագուներին, որոնք մշտապես մեր կողքին են: Որպես մարզիչ էլ շատ հաճելի է, երբ երկրպագուները թիմի կողքին են եւ աջակցում են ցանկացած պարագայում: Նրանք այսօր մեզ մեծ աջակցություն ցույց տվեցին»,- ասաց Ալեքսանդր Պետրակովը:

Խորվաթիա - Հայաստան հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 21-ին։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով