13:33  ,  14 նոյեմբերի, 2023

Արթուր Սողոմոնյան․ Չեմ հավատում, որ կլինի ՀՖՖ նախագահի արդար ընտրություններ

Չեմ հավատում, որ կլինի արդար ընտրություններ: Համոզված եմ, որ նորից լինելու է հեռախոսային գործելաոճ, երբ զանգում ասում են՝ դու սրան պետք է քվեարկես, դու՝ նրան: Պարոն Նիկողոսյանը շուտով կսկսզի վազվել ամեն թիմերի հետ նախօրոք պայմանավորվելու: Ամեն ինչ կանեմ, որ ազդեմ այդ գործընթացի վրա: Համոզված եմ, հայկական ֆուտբոլի փրկությունը միայն այն է, որ Արմեն Մելիքբեկյանը եւս մեկ շրջան չմնա ֆեդերացիայի նախագահի պաշտոնում: Հայկական ֆուտբոլում քանդելու բան էլ չի մնացել։

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Փյունիկ»  ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը:

2023 թվականի դեկտեմբերի 23-ին տեղի կունենա Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունները: Թեկնածուների առաջադրման վերջնաժամկետը նոյեմբերի 23-ն է:

Պարոն Սողոմոնյան, Դուք բազմիցս նշել եք, որ ֆեդերացիայի ընդգծված վերաբերմունքը «Փյունիկի» եւ Ձեր նկատմամբ կապված է առաջիկա ընտրությունների հետ: Ինչպե՞ս եք տրամադրված ընտրություններին:

Ես շատ լուրջ եմ մոտենում ՀՖՖ նախագահի սպասվելիք ընտրություններին: Կարծում եմ, որ բոլոր ակումբների ղեկավարները, ներկայացուցիչները պետք է շատ լուրջ մտածեն, թե ում օգտին են քվեարկելու, որովհետեւ դրանից է կախված հաջորդ երեք տարին, հայկական ֆուտբոլի զարգացումը կամ «կոտորումը»: Հայկական ֆուտբոլում ինչ-որ բան փոխելու հնարավորությունը հենց այս ընտրություններն են:

Հայաստանում ֆուտբոլը գտնվում է ամենացածր մակարդակում: 30 տարվա մեջ այսքան ցածրում երբեք չենք եղել: Եթե այսպես շարունակվի, հայկական ֆուտբոլը կքանդվի: Օրինակ՝ մանկապատանեկան ֆուտբոլը Հայաստանում արդեն կիսատ է: Հետեւում եմ զարգացմանը: Այսօր մեր երկրում գործում է երկու լուրջ ակադեմիա եւ ֆեդերացիայի ակադեմինան, որը  միայն երեք տարիքային խմբում է նորմալ հանդես գալիս: Ստացվում է՝ երկու եւ կես ակադեմիա, որը Հայաստանի համար շատ քիչ է: Այն գործունեությունը, որը ծավալում է ՀՖՖ-ն, ազդում է նաեւ մեր գործունեության վրա: Այնպես են անում, որ մենք էլ քանդվենք եւ մնա, օրինակ՝ մեկ «Ուրարտու» ամբողջ Հայաստանի համար: Եթե դեկտմբերի 23-ին ներկայիս ղեկավարությունը վերընտրվեց, այդպես էլ կլինի, համոզված եմ:

Ձեր թեկնածությունն առաջադրելո՞ւ եք:

«Փյունիկն», իհարկե, կունենա թեկնածու, բայց ես չեմ լինի: Ինձ ֆեդերացիայի նախագահի պաշտոնը պետք չի: Իմ նպատակն այլ է. Հայաստանում ունենալ լավ, եվրոպական ակումբ եւ ֆուտբոլը հետ բերել Հայաստան:

Ֆեդերացիայի ղեկավարության աշխատանքը, նպատակը այլ է: Իրենք պետք է բոլոր ակումբներին հավասար վերաբերվեն եւ զարգացնեն հայկական ֆուտբոլը: Ես ինձ չեմ տեսնում ֆեդերացիայի նախագահի պաշտոնում, բայց ինձ համար շատ կարեւոր է այս ընտրությունը: Ամեն ինչ կանեմ, որ ազդեմ այդ գործընթացի վրա, որպեսզի մենք փոխենք ներկայիս ղեկավարությանը: Համոզված եմ, հայկական ֆուտբոլի փրկությունը միայն նրանում է, որ Արմեն Մելիքբեկյանը եւս մեկ շրջան չմնա ֆեդերացիայի նախագահի պաշտոնում:

Ինչպե՞ս եք պատրաստվում ընտրություններին:

Պատրաստվում եմ մինչեւ ընտրություններ մեծ մամուլի ասուլիս անել, որի ընթացքում  վիդեոներով, փաստերով ներկայացնելու եմ, թե ինչ է տեղի ունեցել նախորդ 4 տարիների ընթացքում հայկական ֆուտբոլում, որտեղ է գտնվում մանկապատանեկան ֆուտբոլը, ազգային հավաքականը, թե ԲԿՄԱ-ն ինչ մեծ վնաս է բերում հայկական ֆուտբոլին: Ես այս ամենի մասին կխոսեմ ապացույցներով: Թե մյուս ակումբներն ինչպես են պատրաստվում ընտրություններին, չգիտեմ: Գիտեմ, որ այս պահին բոլորն են սպասում, պատրաստվում: Լսել եմ, որ մարդիկ կան, ցանկանում են թեկնածություն առաջադրել, չգիտեմ՝ կառաջարկե՞ն Մելիքբեկյանի թեկնածությունը, թե՞ ոչ: Շատ ուրախ կլինեմ, որ Մելիքբեկյանի թեկնածությունը չլինի, ուրիշ մարդ լինի, ում հետ հնարավոր կլինի աշխատել:

Ինչո՞վ է պայմանավորված գործող ղեկավարության նկատմամբ Ձեր մերժողական վերաբերմունքը:

Ես երեք տարի փորձել եմ նրանց հետ աշխատել: Պարբերաբար նրանց հետ հանդիպումներ էի ունենում, առաջարկներ էի անում, որոնցից ոչ մեկ երեք տարվա մեջ չաշխատեց, չընդունվեց: Մենք խոսում էինք, պայմանավորվում, ձեռք ձեռքի տալիս, ես դուրս էի գալիս աշխատասենյակից, իրենք մոռանում էին: Մեկ ամիս անցնում էր, նորից գալիս էի ու սկսում սկզբից: Ես հասկանում էի, որ նրանց հետաքրքիր չի ֆուտբոլը կամ գուցե այդքան չեն տիրապետում ֆուտբոլին: Երեք տարի փորձեցի ինչ-որ բան անել: Հետո, երբ տեսա՝ չի լինում սկսեցի բարձրաձայնել՝ հույսով, որ ինչ-որ երկխոսություն կառաջանա: Երկխոսության փոխարեն սկսվեց արշավ մեր դեմ: Սկզբից վիրավորեցին, հետո դատի տվեցին, որը մինչեւ հիմա շարունակվում է: Սկսեցին սեղմել, որովհետեւ իրենց դուր չի գալիս, երբ ինչ-որ մեկը համաձայն չի նրանց գործունեության հետ: Եթե իմ տեղն ուրիշը լիներ, ինքն էլ շատ ակումբների պես կլքեր Հայաստանի առաջնությունը:

Այնքան են մեզ վնասում. ոչ դաշտ ունենք, ոչ մարզվելու տեղ, բայց դեռ շարունակում ենք պայքարել հույսով, որ այս ընտրություններին կկարողանանք ինչ-որ բան փոխել: Եթե ընտրությունների արդյունքում ոչինչ չփոխվեց, համոզված չեմ, որ «Փյունիկը» եւս երեք տարի կդիմանա այս պայմաններին:

Եթե ֆեդերացիայի ղեկավարությունը վերընտրվի...

Չեմ կարծում, որ ես կմնամ հայկական ֆուտբոլում: Անիմաստ է: Այն, ինչ մենք այսօր անում ենք, ոչ ոք օգուտ չի ստանում: Երկրպագուները չեն կարողանում գալ ֆուտբոլի, որովհետեւ մենք դաշտ չունենք, մեր երեխաներին չեն կանչում հավաքական, որովհետեւ «Փյունիկից» են,  գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը մի խոսք ասում է, 7 խաղ որակազրկում են: Իսկ մարզիչն ասում է այն, ինչ գիտեն բոլորը, որ ֆեդերացիան ղեկավարում է ոչ թե Մելիքբեկյանը, այլ Նիկողոսյանը. նա է «серый кардинал»-ը: Ես էլ եմ այդպես կարծում եւ ասում: Սա ֆուտբոլ չի, մարզաձեւ չի, անձնական վրեժխնդրություն է: Ես պատրաստ չեմ դրա վրա ծախսել իմ ժամանակը, կյանքը:

Նախորդ ընտրությունները, որտեղ նախագահ ընտրվեց Արմեն Մելիքբեկյանն, ինձ համար լուրջ չէին: Երբ Արթուր Վանեցյանին եւ Արմեն Մելիքբեկյանին անվստահություն հայտնեցինք, ինձ համար զարմանալի էր, որ Մելիքբեկյանը թեկնածություն դրեց: Հետո սկսեցին զանգերը... ինձ էլ են զանգել:

Ինձ երբեք չի հետաքրքրել, թե ով է ֆեդերացիան ղեկավարում, ինձ միայն հետաքրքրում է, թե ինչ աշխատանք է տարվում հայկական ֆուտբոլը, մանկապատանեկան ֆուտբոլը զարգացնելու համար: Զարմանում եմ, որ ինձանից բացի, մանկապատանեկան ֆուտբոլը ոչ ոքին չի հետաքրքրում, բայց նրանք են մեր ապագան: Եթե այս ղեկավարությունը շարունակի մնալ, մենք կկորցնենք նաեւ ապագան: Էլի պետք է մեր հույսը դնենք դրսի հայերի վրա: Այս դեպքում արդեն հավաքականը ազգային չի լինում: Դրսից եկած ֆուտբոլիստները լավն են, բայց ամենաթոփերը չեն: Մենք շատ ուժեղ հայ խաղացողներ ունենք դրսում, ինչպես օրինակ Արսեն Զախարյանը, բայց նա չցանկացավ գալ Հայաստան, որովհետեւ հայկական ֆուտբոլն այդքան մեծ պատիվ չունի:

Մենք մեր ֆուտբոլիստները գրեթե չունենք: Ամեն խաղին 3-4 հայաստանցի խաղացողներ են խաղադաշտ դուրս գալիս: Այս 30 տարիների ընթացքում մեր ամենաուժեղ ֆուտբոլիստը, հայկական ֆուտբոլի պատմության հպարտությունը Հենրիխ Մխիթարյանն է: Նա փայլուն ելույթեր է ունենում «Ինտերում», Եվրոպայում լավագույն ֆուտբոլիստներից է, բայց չի խաղում Հայաստանի հավաքականում: Բոլորս շատ լավ գիտենք, թե ինչու ազգային հավաքականում չի, ինքն էլ չի ցանկանում այդ մասին շատ խոսել, բայց գիտենք, որ նրա այդ որոշումն էլ է կապված ֆեդերացիայի այսօրվա ղեկավարության հետ:

Ցանկանում եմ կոչս ուղղել դեկտեմբերի 23-ին նախագահ ընտրողներին, լրագրողներին եւ պետության ղեկավարությանը, որ ուշադրություն դարձնեն, թե ինչ է տեղի ունենալու այդ օրը:

Իմ ցավը մանկապատանեկան ֆուտբոլն է: Մի կողմից Հայաստանում տեսնում եմ շատ լուրջ ներուժ: Հայ երեխաները շատ ընդունակ են: Կարող ենք հայկական ֆուտբոլը նրանցով զարգացնել: Մյուս կողմից տեսնում եմ, որ այն մարդիկ, որոնք պատասխանատու են ֆուտբոլի զարգացման համար, ոչ միայն չեն օգնում, դեռ շատ լուրջ խանգարում են: Չեմ հասկանում՝ ինչու են այդպես անում, որն է նրանց նպատակը: Ինձ համար ցավալի է նաեւ, որ «Փյունիկն» այժմ մենակով է պայքարում ՀՖՖ-ի ղեկավարության դեմ:

Ի՞նչ սպասել դեկտեմբերի 23-ին:

Ես չեմ հավատում, որ կլինի արդար ընտրություններ: Համոզված եմ, որ նորից լինելու է հեռախոսային գործելաոճ, երբ զանգում ասում են՝ դու պետք է սրան քվեարկես, դու՝ նրան: Պարոն Նիկողոսյանը շուտով կսկսզի վազվզել ամեն թիմերի հետ նախօրոք պայմանավորվելու: Այս պատճառով լուրջ մարդիկ չեն ցանկանում մասնակցել, թեկնածություն առաջադրել: Մենք մի կողմից հասկանում ենք, որ եթե գնում ենք, ապա մինչեւ վերջ՝ առաջարկելով մեր թեկնածուին, մյուս կողմից հասկանում ենք, որ դա այն ընտրությունները չի, որտեղ մարդիկ իրոք իրենց ձայները կտան: Ես կփորձեմ ամեն ինչ անել, որ քվեարկելու իրավունք ունեցող մարդիկ պատասխանատու լինեն իրենց ձայների համար:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով