13:18  ,  30 հոկտեմբերի, 2023

Գերնպատակն է՝ համախբվել եւ միասնական ոտքի կանգնել․ «Հվարանգը» համախմբել է արցախցի մարզիկների, մարզիչների (տեսանյութ)

Ամեն ինչ անում ենք, որ արցախցի երեխաները չհեռանան սպորտից, փորձեն սպորտի միջոցով վերադարձնել իրենց երազանքներն ու մեծ նպատակները, ապագայի հույսը:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի թաեքվոնդոյի ֆեդերացիայի նախագահ,  Հայաստանի ռազմական թաեքվոնդոյի ֆեդերացիայի նախագահ, Երեւանի «Հվարանգ» ակումբի նախագահ Վրեժ Խաչիկյանը:

Երեւանում գործող «Հվարանգ» ակումբը համախմբել է Արցախից բռնի տեղահանված պատանի եւ երիտասարդ մարզիկների, մարզիչների:

Վրեժ Խաչիկյանի նախաձեռնությամբ Երեւանում եւ մարզերում բնակություն հաստատող երեխաները հնարավորություն են ստացել շարունակել զբաղվել սիրելի մարզաձեւով, իսկ մարզիչները՝ մարզչությամբ:

Ֆեդերացիայի նախագահի խոսքով, փորձում են ամեն պայման ստեղծել, որպեսզի արցախցի երեխաները հնարավորություն ունենան զբաղվել իրենց նախընտրած մարզաձեւով՝ թաեքվոնդոյով:

«Այսօր բոլորիս գերնպատակն է՝ համախբվել եւ միասնական ոտքի կանգնել: Երեխաներին, մարզիկներին այս հոգեվիճակից դուրս բերելու լավագույն տարբերակը սպորտն է: Արցախի ֆեդերացիայի անձնակազմը մարզիչների միջոցով խնդիր է դրել Արցախից բռնի տեղահանված երեխաներին համախմբել եւ յուրաքանչյուրին ըստ իր բնակության վայրի միջնորդել, որպեսզի թաեքվոնդոյի մարզումները շարունակեն: Արդեն 10 մարզիկ ներգրաված են մարզումներին Երեւանում: Նրանցից մի քանիսը գալիս են Արմավիրիվ եւ Գյումրիից, որովհետեւ այնտեղ դեռեւս չունենք խմբակներ:  Նրանց հետ աշխատում են արցախցի մարզիչներ»,- ասաց Վրեժ Խաչիկյանը:

Արցախում թաեքվոնդոյի առաջին ակումբը բացվել է 1996 թվականին Շուշիում Վրեժ Խաչիկյանի նախաձեռնությամբ։

«Արցախում մինչեւ 2020 թվականը մարզվել է 300-320 երեխա: Ամենամեծ ակումբը եղել է Շուշիում: Ակումբներ ունեցել ենք Մարտունիում, Շոշ գյումում, Ստեփանակերտում 4 ակումբ ենք ունեցել:  44-օրյա պատերազմից հետո մեր մարզվողների թիվը նվազեց 150-200։ Վերջին ամիսներին Արցախում մարզվում էին 100-120 երեխա: Հիմնականում Ստեփանակերում էին կենտրոնացած: Թե քանիսը կշարունակեն մարզվել այս մարզաձեւով Հայաստանում, չեմ կարող ասել:

Բլոկադայի 9 ամիսների ընթացքում այս երեխաներն ու երիտասարդները միայն մարզվել են, այն էլ ոչ հաճախակի, քանի որ մրցաշարերին մասնակցելու հնարավորություն չի եղել: Պրոֆեսիոնալ մարզիկների վրա մրցաշարերի բացակայությունը ազդեցություն է ունեցել, մի փոքր հետ են ընկել: Կփորձենք կարճ ժամանակում վերականգնել նրանց մարզավիճակը: 9 ամսվա շրջափակման մեջ գտնվելուց եւ վերջին պատերազմական գործողություններից հետո մեր միակ ուրախությունն այն է, որ բոլորը առողջ են եւ գտնվում են Հայաստանում:

 Ամեն ինչ անում ենք, որ այս երեխաները չհեռանան սպորտից, փորձեն սպորտի միջոցով վերադարձնել իրենց երազանքներն ու մեծ նպատակները, ապագայի հույսը:

Երեխաների հոգեբանական վիճակը չի կարող լավ վիճակում լինել։ Այն, ինչ նրանք տեսել են, շատ վատ է: Վստահ եմ, որ սպորտի միջոցով, Երեւանի մյուս մարզերի երեխաների հետ մարզումների, շփումների միջոցով հնարավոր է նրանց հոգեբանական վիճակը բարելավել»,-նշեց Վրեժ Խաչիկյանը։

27-ամյա Միքայել Անդրեասյանը Շուշիից է։ Թաեքվոնդոյով սկսել է զբաղվել 8 տարեկանից Շուշիում Վրեժ Խաչիկյանի մոտ։ Արդեն 7 տարի է՝ մարզչություն է անում։

«2020 թվականի պատերազմից հետո Շուշիից տեղահանվեցինք։ Հաստատվեցինք Ստեփանակերտում։ Հետո նաեւ Ստեփանակերտից տեղահանվեցինք։

9 ամիս բլոկադայի մեջ գտնվելու ընթացքում մարզվել ենք, բայց շատ դժվար էր մարզումային գործընթացը կազմակերպել, քանի որ սնունդ չկար, տաքացնելու հնարավորություն չունեինք։ Որքան հնարավոր է եղել, պահել ենք, մարզվել ենք։ Ամեն ինչ արել ենք, որ երեխաները մնան մարզավիճակում։

Արցախցի երեխաները դեռ կաշկանդված են։ Անորոշ վիճակը շատ է ազդել նրանց  հոգեբանության վրա, բայց ընթացքում բացվելու են, որովհետեւ մենք աշխատում ենք դրա վրա։ Կյանքը շարունակվում է: Մենք պետք է կարողանանք ոտքի կանգնել։ Վրեժ Խաչիկյանը մեզ շատ է օգնում այս հարցերում։ Ցանկացած հարց, որը կապված է երեխաների հետ, նրա ուշադրության կենտրոնում է։ Շատ շնորհակալ ենք նրան։ Նրա նման մարդիկ մեզ շատ պետք ենք։ Մեզ աջակցությունից բացի, ոչինչ պետք չի այս պահին, հատկապես երեխաներին։ Սիրելի սպորտով զբաղվելու հնարավորություն ունենալը մեծ աջակցություն է բոլորիս համար։

Այս պահին Երեւանում հաստատվել են երեք երեխա իրենց ընտանիքներով, մի քանիսը Հոկտեմբերյանում են, որոշները Գյումրիում։ Դեռ ոչ լիարժեք են մասնակցում մարզումներին, քանի որ մի քիչ դժվար է նրանց համար Երեւան հասնելը։ Առաջիկայում, կարծում եմ, մարզերում եւս մարզվելու հնարավորություն կստեղծվի արցախցի երեխաների համար»,- ասաց Միքայել Անդրեասյանը։

Մարզիչի խոսքով, շատ կարեւոր է, որ մարդիկ հասկանան, թե ինչ վախի մեջ են ապրել արցախցիները 9 ամիսների ընթացքում։

«Մենք շատ ենք ուզում, որ սպորտը, մասնավորապես թաեքվոնդոն զարգանա։ Մեզ պետք են ուժեղ եւ ամուր երիտասարդներ։ Մենք դեռ շատ անելիքներ ունենք մեր երկրի ապագայի համար։ Ծանր ժամանակաշրջան ենք ապրում։ Պետք է կարողանանք դիմակայել ու հաղթահարել այդ դժվարությունները։

Շատ կարեւոր է, որ մարդիկ հասկանան՝ այս երեխաները 9 ամիս կտրված են եղել աշխարհից եւ վախի մեջ են ապրել։ Շատ կարեւոր է նաեւ այն, որ մենք եկել ենք մեր հայրենիք, այս երեխաները գտնվում են իրենց հայրենիքում։ Ես շատ գոհ եւ շնորհակալ եմ հայ ժողովրդից, որ մեզ շատ ջերմ է ընդունել։ Ոչ մի երկիր մեզ այսպես չէր ընդունելու։ Թևութինկունք լինելով ամեն ինչի կհասնենք»,- ընդգծեց մարզիչը։ 

12-ամյա Լեոնիդը 6 տարեկանից զբաղվում է թաեքվոնդոյով։ Մարզադահլիճ հաճախել է ընկերների խորհրդով։

«Մեր թաղում մի տղա կար, մարզվում էր թաեքվոնդոյով։ Տեսա ինքը մարզվում է, ես էլ որոշեցի հաճախել։ Այսպես 6 տարի արդեն մարզվում եմ։ Ուժեղացա այս մարզաձեւով։ Նպատակս թաեքվոնդոյի Եվրոպայի չեմպիոն դառնալն է։ Նաեւ երազում եմ վերադանռալ իմ պապենական տուն»,- պատմեց Լեոնիդը։

13-ամյա Վահեն եղբոր խորհրդով է հաճախել թաեքվոնդոյի։

«Ես Մարտունու շրջանից եմ։ Թաեքվոնդոյով սկսել եմ զբաղվել 2020 թվականի պատերազմից հետո Ստեփանակերտում։ Եղբյարս էր հաճախում, ինձ մի անգամ տարավ իր հետ, սիրեցի, սկսեցի հաճախել։

Երազում եմ չեմպիոն դառնալ։ Նաեւ երազում եմ վերադառնալ իմ հայրենի հող, կարոտում եմ Ստեփանակերտը»,- մանրամասնեց Վահեն։

18-ամյա Տիգրանը Շուշիից է։ 2020  թվականի պատերազմից հետո տեղափոխվել է Աստեփանակերտ, ապա ընտանիքի հետ հաստատվել է Գյումիրում։ Թաեքվոնդոյի մարզումներին հաճախում է Գյումրիից։ Սպորտում մեծ երազանք ունի՝ դառնալ աշխարհի չեմպիոն։

«6 տարուց ավել զբաղվում եմ թաեքվոնդոյով։ Շուշիում եմ արել առաջին քայլերս։ 2020 թվականի պատերազմից հետո որոշ ժամանակ դադար ունեցա։ Երբ Շուշիից դուրս եկանք, վերսկսեցի մարզումներս Ստեփանակերտում։ Վերջին դեպքերից հետո, բռնի տեղահանումից հետո մեր ընտանիքով երկար փնտրտուքների արդյունքում հաստատվեցինք Գյումրիում։ Ես այժմ բանակային տարիքում եմ։ Մեծ նպատակ ունեմ մինչեւ զինծառայության անցնելս որեւէ արդյունքի հասնել սպորտում։

Արդեն ունեմ որոշ հաջողություններ՝ Արմենակ Ուրֆանյանի անվան մրցաշարում երկրորդ տեղն եմ զբաղեցրել, Հայ-կորեական բարեկամության միջազգային մրցաշարում առաջին տեղն եմ զբաղեցրել։ Մեկ անգամ էլ մասնակցել եմ միջազգային մրցաշարի Սոչիում, որտեղ գրավել եմ երրորդ տեղը։

9 ամսվա բլոկադայի ընթացքում շատ դժվարություններ տեսանք։ Ամեն ինչի պակաս կար։ Փորձում էինք մարզվել, մարզավիճակ պահպանել, բայց այդքան էլ չէր հաջողվում։ Այդ դժվարությունները շարունակվեցին վերջին պատերազմի օրերին եւ դրանից հետո։ Երկու օր մնացել ենք ճանապարհին, ականատես ենք եղել ողբերգական պայթյունին։ Ես էլ եմ այնտեղ եղել։ Գորիս հասնելուց հետո եւս մեկ գիշեր մնացինք դրսում, փորձեցինք հաստատվել Վանաձորում, հետո Երեւանում։ Վերջնական հաստատվեցինք Գյումրիում։ Այնտեղից գալիս եմ մարզումների, որ ինչ-որ բանի հասնեմ»,- պատմեց Տիգրանը։

18-ամյա արցախցին երազում է խաղախության մասին, բայց գրեթե չի հավատում, որ իր երազանքը իրականություն կդառնա։

«Այս պահին ամենամեծ դժվարությունը ժամանակն  է։ Ժամանակը շեղում ենք, որ ձեւ տանք, թե ամեն ինչ նորմալ է, աստիճանաբար հունի մեջ ենք ընկնում, բայց հոգու խորքում բոլորս էլ կոտրված ենք, տունուտեղ թողած։

Երազում եմ խաղաղության մասին, բայց այդքան էլ հույս չունեմ, որ կլինի։ Արդեն երկրորդ անգամ այս ամենը տեղի ունեցավ՝ 2020 թվականին, երբ Շուշին տվեցին, եկանք Ստեփանակերտ, նորից կռիվը սկսեց, եկանք այստեղ։ Այս ամենը չի հուսադրում։ Իսկ սպորտում մեծ երազանքս աշխարհի չեմպիոն դառնալն է»,- ասաց Տիգրանը։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում