16:17  ,  8 սեպտեմբերի, 2023

«Փյունիկը» զրկվել է նաեւ Աբովյանի ստադիոնում տնային հանդիպումներն անցկացնելու հնարավորությունից

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան միակողմանի խզել է «Փյունիկի» հետ Աբովյանի «Քաղաքային» մարզադաշտը մեզ տրամադրելու պայմանագիրը:  

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը:

«Այո, տեղեկությունը ճիշտ է, բայց այս պահին որոշել ենք որեւէ մեկնաբանություն չտալ: Զարմանալի է, որ ֆեդերացիան հենց այսօր է որոշել խզել պայմանագիրը, հայկական ֆուտբոլի համար այս չափազանց կարեւոր օրը: Այսօր Հայաստանի ազգային հավաքականը խաղում է Թուրքիայի դեմ: Հավաքականի կազմում «Փյունիկի» երեք ֆուտբոլիստ է խաղում, եւ նրանց վրա այս տեղեկությունը շատ վատ կանդրադառնա:

Մենք հարգում ենք ազգային հավաքականը, եւ այսօր մեզ համար ամենակարեւորը հավաքականին աջակցելն է:

Խորվաթիայի հետ տնային խաղից հետո կխոսենք ամենի մասին: Այս պահին միայն ցանկանում եմ հաջողություն մաղթել մեր հավաքականին այս կարեւորագույն խաղում»,- ասաց Արթուր Սողոմոնյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Փյունիկի» սեփականատերը NEWS.am Sport-ին տված հարցազրույցում ասել  էր, որ ֆեդերացիան սպառնացել է «Փյունիկին» զրկել Աբովյանի մարզադաշտից:

Արթուր Սողոմոնյանի խոսքով, ֆեդերացիան նամակով տեղեկացրել էր, որ եթե ակումբի սեփականատերը եւ գլխավոր մարզիչը շարունակեն քննադատել ՀՖՖ-ի գործունեությունը, ապա ըստ ակումբի եւ ՀՖՖ-ի մինչեւ Աբովյանի «Քաղաքային» մարզադաշտը տրամադրելու պայմանագրի համապատասխան կետի, ֆեդերացիան կօգտագործի իր իրավունքը եւ միակողմանի կխզի պայմանագիրը՝ թույլ չտալով խաղալ նաեւ Աբովյանում:

Այս մրցաշրջանի մեկնարկից առաջ ՀՖՖ-ն «Փյունիկին» չէր տրամադրել նաեւ Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում տնային հանդիպումներն անցկացնելու հնարավորություն։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով